Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Նեզավիսիմայա գազետա» թերթին

21 հունիսի, 2010

–Հայ-թուրքական սենսացիոն հաշտեցումն առայժմ այդպես էլ տեղի չունեցավ։ Որքանո՞վ է մեծ այն բանի հավանականությունը, որ գործընթացը մոտ ժամանակներս, այնուամենայնիվ, տեղից կշարժվի։

–Երբ 2008 թվականի սեպտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը, դրանք փակուղում էին։ Դրա պատճառներից մեկն այն նախապայմաններն էին, որ առաջադրվում էին Թուրքիայի կողմից, որոնք էլ գործնականում անհնարին էին դարձնում լուրջ բանակցություններ վարելը։ 2008 թվականի սեպտեմբերին կողմերը պայմանավորվեցին գործընթացն սկսել առանց նախապայմանների։ Հենց այս ընդհանուր ըմբռնմամբ մենք սկսեցինք, վարեցինք բանակցություններ եւ եկանք պայմանավորվածությունների։ Եվ, բնականաբար, 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված արձանագրություններում ոչ մի նախապայման չկա։ Եթե թուրքական կողմն այսօր հետքայլ է անում եւ վերադառնում է նախապայմանների լեզվին, ինչի մասին նա խոսում էր նախքան այդ գործընթացի սկսվելը, եթե արձանագրությունների վավերացումը եւ իմպլեմենտացիան պայմանավորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, դա ձեռք բերված պայմանավորվածությունների բացահայտ ու կոպիտ խախտում է։ Դրա հետ մեկտեղ խիստ տարօրինակ են հնչում թուրքական կողմի այն պնդումները, թե Թուրքիան հարգում է pacta sund servanda սկզբունքը։ Այստեղ առկա է, որ խոսքը եւ գործը ակնհայտորեն չեն համընկնում։ Ոչ միայն Երեւանից, այլեւ քանիցս Մոսկվայից, Բրյուսելից, Վաշինգտոնից, Փարիզից եւ այլ մայրաքաղաքներից ասել են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չի կարող կապակցվել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հետ, եւ որ նման փոխկապակցման փորձերը կարող են վնաս հասցնել երկու գործընթացներին։ Իսկ ինչ վերաբերում է մոտ ժամանակներս գործընթացի առաջշարժման հավանականությանը, ինչպես հայտարարել է Հայաստանի նախագահը, մենք պատրաստ կլինենք առաջ շարժվել այն ժամանակ, երբ Անկարան վերստին պատրաստ լինի հարաբերությունները նորմալացնել առանց որեւիցե նախապայմանի։

–Հայաստանի համար վտանգավոր չէ՞, արդյոք, Ռուսաստանի եւ Թուրքիայի դիտվող մերձեցումը այն առումով, որ Անկարան, այսպես ասենք, շահարկելով ռուսաստանցիների համար գրավիչ ընդգրկուն տնտեսական նախագծերը, կարող է խնդրելով համոզել Մոսկվային՝ ազդելու իր ռազմավարական գործընկերոջ՝ Երեւանի վրա, ասենք, ղարաբաղյան հարցի կամ Թուրքիայի այլ գրգռիչի՝ ցեղասպանության ճանաչման ուղղությամբ հայկական կողմի ծավալած միջազգային արշավի հարցում։

–Դարերից ի վեր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հաստատվել են բարեկամության այնպիսի ամուր կապեր, դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների վերաճած այնպիսի եղբայրական կապեր, որ առաջադրվող հիպոթետիկ սցենարները պարզապես իմաստ չունեն։ Սրանք այն հարաբերությունները չեն։ Մեր երկու ժողովուրդները պատմության ընթացքում երբեք բարիկադների տարբեր կողմերում չեն եղել, նրանք միշտ կռվել են ընդհանուր թշնամիների դեմ։ Մեր բարեկամությունը կոփվել է ծանր փորձությունների ժամանակաշրջաների համատեղ պայքարում։ Այն ստուգված է ժամանակով։ Հայերի ցեղասպանության ճանաչման հարցը միայն հայ ժողովրդի հարցը չէ, այն համամարդկային, միջազգային չափում ու նշանակություն ունի։ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչումը մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխման գրավականն է։
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա մենք շնորհակալ ենք Ռուսաստանին այն ծանրակշիռ ավանդի եւ դրական դերի համար, որ նա՝ որպես ԵԱՀԿ—ի Մինսկի խմբի համանախագահներից մեկը, խաղում է տարածաշրջանային գործընթացներում եւ հատկապես Հայաստանի համար կարեւորագույն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում։ Ռուսաստան ի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի օգնի կողմերին՝ լուծելու այդ հիմնախնդիրը։ Հենց նրա անձնական ջանքերի շնորհիվ մի քանի կարեւոր հանդիպումներ տեղի ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ, նրա միջնորդությամբ 2008 թվականի նոյեմբերին ստորագրվեց Մայնդորֆի հռչակագիրը, որն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ստորագրված առաջին փաստաթուղթն է նույնպես Ռուսաստանի միջնորդությամբ 1994 թվականին հրադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի (Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան) կնքումից հետո։ Ռուսաստանը քանիցս հայտարարել է, որ անկարելի է ճնշում գործադրել կողմերի վրա, որ նրանք իրենք պետք է լուծեն հակամարտությունը։

–Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է, որ նա չի ցանկանում զիջումների գնալ։ Մի պահ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանն ինքը մտադիր չէ զիջել ղարաբաղյան գործընթացում... Հայկական կողմը կոնկրետ ինչո՞ւմ կարող է զիջումների գնալ բանակցային գործընթացում։

–Կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի խոսել ոչ թե զիջումների, այլ փոխզիջումների մասին։ Բայց եկեք այդ ամենը ներկայացնենք հերթականությամբ։ Ինչպես հայտնի է, այսօր բանակցային գործընթացը տեղի է ունեում Մինսկի խմբի համանախագահների կողմից 2007 թվականի նոյեմբերին ներկայացված Մադրիդյան փաստաթղթի հիման վրա։ Հայաստանն այդ փաստաթուղթը բանակցությունների համար որպես հիմք է ընդունել ավելի քան երկու տարի առաջ։ Ադրբեջանն առհասարակ ժխտում Էր այդ փաստաթղթի՝ Մադրիդյան դրույթների գոյությունը, իսկ այժմ՝ երկու տարի անց, փորձում է ձեւացնել, թե իբր ինչ-որ բան ընդունում է։ Ի՞նչ է ընդունում Ադրբեջանը։ Հակամարտության, բնականաբար նաեւ բանակցային գործընթացի լուծման, հանգուցային հարցը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է։ Այդ մասին վկայում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի (ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների) նախագահների հայտարարությունից հետո անցյալ տարվա հուլիսին լ’Ակվիլայում հրապարակված այն մի քանի սկզբունքները, որ բովանդակում է մադրիդյան փաստաթուղթը, որտեղ ասված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է սահմանվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավաբանորեն պարտավորեցնող ազատ կամաարտահայտման ճանապարհով։ Հայտարարելով Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնավարության բարձր կարգավիճակ տրամադրելու պատրաստակամության մասին՝ նրա ղեկավարները փորձում են կանխորոշել կամաարտահայտման ելքը, դրանով իսկ, ըստ էության, մերժելով ինքնորոշման սկզբունքը։ Այդ սկզբունքը մադրիդյան դրույթների երեք հիմնարար սկզբունքներից մեկն է, որը մեկ անգամ եւս 2009 թվականի դեկտեմբերին Աթենքում հաստատվել է ԵԱՀԿ-ի անդամ 56 երկրների արտաքին գործերի նախարարների կողմից։
Ադրբեջանը մերժում եւ կոպտորեն խախտում է վերը նշված հիմնարար սկզբունքներից նաեւ երկրորդը՝ ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի անթույլատրելիության սկզբունքը։ Ադրբեջանը հրաժարվում է համաձայնագիր կնքել այդ սկզբունքի պահպանման մասին, հրաժարվում է հրադադարի ամրապնդման, դիպուկահարներին հետ քաշելու համար միջոցներ ձեռնարկելու ԵԱՀԿ-ի առաջարկություններից։ Մայնդորֆի հռչակագրի ընդունումից հետո Ադրբեջանի ղեկավարները հայտարարեցին, որ հակամարտությունը խաղաղ միջոցներով կարգավորելու վերաբերյալ փաստաթղթում ամրագրված դրույթը չի նշանակում ուժ չկիրառելու պարտավորություն։ Ինչպես ասվում է՝ մեկնաբանություններն ավելորդ են։ Ուժ կիրառելու վերաբերյալ սպառնալիքները Բաքվից հնչում են ամեն օր։ Ըստ երեւույթին, դրանք արվում են բանակցությունները ձախողելու նպատակով։
Ադրբեջանը կառչում է միայն մեկ սկզբունքից՝ տարածքային ամբողջականության սկզբունքից, այն էլ՝ իր սեփական մեկնաբանությամբ։ Դժվար է որեւէ մեկին համոզել այն բանում, որ դու ընդունում ես մադրիդյան փաստաթուղթը, եթե մերժում ես դրա մեծ մասը։

–Վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ է հնչում բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու Ստեփանակերտի պահանջը, պնդվում է, որ առանց նրա մասնակցության ԼՂՀ-ի ճակատագիրը չի վճռվի։ Որքանո՞վ է իրատեսական այն, որ բանակցային գործընթացին միանան չճանաչված հանրապետության ներկայացուցիչները։

–Իհարկե, անհնարին է ինչ-որ բան լուծել առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության, մանավանդ որ դա նախատեսված է կարգավորման շուրջ Մինսկի խորհրդաժողովի անցկացման մանդատով։ Հենց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է, որ իր կամքի արտահայտմամբ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Սա հակամարտության լուծման անկյունաքարն է։ Բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության կարեւորության եւ անհրաժեշտության մասին քանիցս հրապարակավ արտահայտվել են նաեւ Մինսկի խմբի համանախագահները։ Հիշեցնեմ, որ 1994 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված զինադադարը համաձայնեցվել ու ստորագրվել է նաեւ Ղարաբաղի կողմից։ Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության եւ ստորագրության ոչ մի համաձայնագիր իմաստ չունի։

–Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի հարաբերությունները մյուս երկու հարեւանների՝ Իրանի եւ Վրաստանի հետ։ Իրանի հետ, թվում է, հարաբերությունները կարող Էին լինել ավելի դինամիկ եւ արագ զարգացող, իսկ Վրաստանի հետ շարունակ մանր, բայց զգայուն խնդիրներ են ծագում։

–Հայաստանը կարեւորում է հարաբերություններն անմիջական հարեւան պետություններից նրանց հետ, որոնց հետ մեր գործընկերությունը բարեկամական համագործակցության բնույթ է կրում։ Իրանի հետ Հայաստանին կապում են ավանդական բարեկամական հարաբերությունները։ Մենք իրագործում ենք բազմաթիվ փոխշահավետ նախագծեր, մասնավորապես, էներգետիկայի եւ տրանսպորտի բնագավառներում։ Օրակարգում տնտեսական նոր նախագծեր են։ Մենք ուշադիր հետեւում ենք Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադարձությունների զարգացմանը եւ գտնում, որ բոլոր վիճահարույց հարցերը պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով։ Նաեւ հուսով ենք, որ Իրանի եւ միջազգային հանրության հետագա ջանքերի արդյունքում հնարավոր կլինի հասնել հիմնախնդրի համաձայնեցված լուծման։
Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի հետ «մանր, բայց զգայուն խնդիրների» վերաբերյալ ձեր հարցին, ապա ես չեմ կարծում, որ կան այնպիսի հարցեր, որ մենք չկարողանայինք լուծել համատեղ ջանքերով։ Հայաստանն այն երկրներից մեկն է, որը խիստ շահագրգռված է կայուն, անվտանգ ու բարգավաճող Վրաստանի գոյությամբ։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ մեր ապրանքաշրջանառության 70 տոկոսն անցնում է Վրաստանի տարածքով եւ այնտեղ մեծաթիվ հայ համայնք է բնակվում, այլ որովհետեւ մեր երկու երկրները շաղկապված են բարեկամության եւ բարիդրացիության դարավոր կապերով։

Տպել էջը