Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը "Ռոսիա 24" հեռուստաալիքին

18 օգոստոսի, 2010

         Հարց:  Պարոն Նալբանդյան, շնորհակալություն, որ համաձայնեցիք պատասխանել մեր հարցերին: Եթե խոսենք մեր երկրների միջեւ հարաբերությունների մասին, ապա ինձ թվում է, որ կարելի է մի կողմ դնել դիվանագիտական չոր լեզուն եւ անցնել բառերի բուն իմաստին: Եթե խոսենք բարեկամական հարաբերությունների մասին, ապա Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն իսկապես կարելի է անվանել բարեկամական, առանց որեւէ հետին մտքի: Ինչ վերաբերում է այդ հարցերի դինամիկային, ապա դեպի ո՞ւր են դրանք ընթանում:

Պատասխան:  Ասել միայն բարեկամական, չեմ կարծում, որ բավարար է:  Մենք պատրաստում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի պետական այցը: Արդեն այն, որ այցը պետական է, խոսում է շատ բանի մասին, խոսում է նրա մասին, որ մեր հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են:  Միայն վերջին երկու տարվա ընթացքում երկու տասնյակ հանդիպում է կայացել ամենաբարձր մակարդակով: Դա էլ շատ բանի մասին է խոսում: Երբ մենք ասում ենք, որ ռազմավարական դաշնակիցներ ենք , դա պարզապես բառեր չեն, քանզի ռազմավարական գործընկերությունը կամ դաշնակցային փոխգործակցությունը չեն կարող ամուր լինել, եթե չկան խորը կապեր ժողովուրդների միջև, եթե չկա համակրանք եւ ջերմություն միջմարդկային հարաբերություններում: Կա մի ռուսական ասացվածք Будь друг, да не вдруг”:  Իսկ հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամությունը անցել է ժամանակի փորձությունը: Մենք, եթե կարելի է այդպես արտահայտվել, երբեք չենք եղել բարիկադների տարբեր կողմերում եւ պատմության ընթացքում մեր հայրերը, պապերը բազմիցս միասին մարտնչել են բազմաթիվ ռազմաճակատներում, ի դեպ նաեւ Մեծ Հայրենական պատերազմում: Հայաստանի գրեթե ամբողջ չափահաս արական սեռի բնակչությունը մասնակցում էր Մեծ Հայրենականի ճակատամարտերին: Խորհրդային բանակում կային 60 հայկական ծագումով գեներալներ: Այնպիսի անուններ, ինչպիսիք են` մարշալներ Բաղրամյանը եւ Բաբաջանյանը, Խուդյակովը, ծովակալ Իսակովը, նրանք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի պարծանքն են:

Ի դեպ, նախագահ Մեդվեդեւի այցի ժամանակ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները կմասնակցեն 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմների ընթացքում զոհված ռուս զինվորների հիշատակին նվիրված համալիրի բացման արարողությանը:  Ռուս հրամանատարների հետ միասին այստեղ հիշատակի տուրք է մատուցվում նաեւ հայկական ծագմամբ ռուսական հրամանատարներին` Լորիս-Մելիքովին, Լազարեւին:

Սակայն ոչ միայն զինվորականներ, ոչ միայն հրամանատարներ, այլեւ բազմաթիվ պետական գործիչներ, գիտության, արվեստի գործիչներ հանդիսանում են մեր ընդհանուր ազգային հպարտությունը: Ո՞վ չգիտի այնպիսի անուններ, ինչպիսիք են Արամ Խաչատրյանը կամ Հովհաննես Այվազովսկին եւ շատ, շատ ուրիշները: Կարելի է ասել, որ ե՛ւ խաղաղ ժամանակներում ե՛ւ ծանր փորձությունների ժամանակ մենք միշտ եղել ենք միասին: Այսօր էլ հայ-ռուսական հարաբերությունները հանդիսանում են որպես ամենաարդյունավետ ու հաջողված երկկողմ համագործակցության օրինակը  հետխորհրդային տարածքում:

Հարց: Իհարկե, մեծ դեր ունի պատմությունը, շատ մեծ դեր են խաղում նաեւ միջանձնային հարաբերությունները, մշակութային հարաբերությունները, քիչ դեր չի խաղում իհարկե տնտեսությունը, ներդրումները, փոխադարձ ներդրումները: Ի՞նչ մակարդակի վրա է այսօր գտնվում Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսական համագործակցությունը:

Պատասխան: Ռուսաստանը Հայաստանի համար հանդիսանում է շատ կարեւոր առեւտրա-տնտեսական գործընկեր, այն Հայաստանում հիմնական ներդրողն է: Ռուսաստանը նաեւ հայկական ապրանքների սպառման գլխավոր արտաքին շուկան է: Մեր միջեւ հաջող համագործակցություն է զարգանում էներգետիկ ոլորտում, այդ թվում ատոմային, տրանսպարոտի, լեռնարդյունահանման, նորարարական տեխնոլոգիաների եւ շատ այլ ոլորտներում: Ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը Հայաստանում կազմում է 2 միլիարդ 750 միլիոն դոլար: Հայաստանում այսօր գործում է ռուսական կապիտալով 1400 ձեռնարկություն: Առկա է լուրջ իրավա-պայմանագրային դաշտ, ստորագրված են մոտ 200 պայմանագրեր եւ համաձայնագրեր: Մենք պատրաստում ենք նոր համաձայնագրեր, թարմացնում ենք հները: Այնպես որ մենք կանենք հնարավոր ամեն ինչ մեր երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների ընդլայնման, ամրապնդման եւ զարգացման համար:

Հարց: Երկու պետությունների միջեւ հարաբերություններում կան շատ կողմեր: Մենք խոսեցինք տնտեսության, պատմության մասին, իսկ այժմ հումանիտար ոլորտի մասին. ինչպես են համագործակցում Ռուսաստանն ու Հայաստանը:

Պատասխան: Անկասկած մենք հատուկ կարեւորություն ենք տալիս համագործակցության հումանիտար բնագավառին, այդ թվում փոխանակումներին այնպիսի ոլոտներում, ինչպիսիք են մշակույթը, կրթությունը, գիտությունը, առողջապահությունը, տուրիզմը, սպորտը, մշակույթի օրերի ու փառատոնների անցկացմանը: Մեծ ուշադրություն է դարձվում ռուսերենին: Այսօր Հայաստանում գործում են 40 դպրոցներ, որտեղ կան դասարաններ ռուսաց լեզվի դասավանդմամբ: Սլավոնական համալսարանում, որտեղ դասավանդումը ռուսաց լեզվով է, ուսանում են ավելի քան 3000 ուսանողներ: Ի դեպ, ռուսական հեռուստատեսության ալիքները հասանելի են Հայաստանի բոլոր բնակավայրերում: Այդ թվում, նշեմ, որ լույս են տեսնում ռուսերեն թերթեր:  Շատ լրատվամիջոցներ, գործնականում ճնշող մեծամասնությունը,  ունեն ռուսական տարբերակներ իրենց կայքերում: Այդ ամենը շատ կարեւոր է երկու երկրների միջեւ հոգեւոր եւ մշակութային ընդհանրությունների պահպանման եւ ամրապնդման համար, եւ մենք կշարունակենք մեծ ուշադրությամբ վերաբերվել համագործակցության այդ ոլորտին:

Հարց: Հայաստանը նաեւ հանդիսանում է մի երկիր, որտեղ դեռեւս գտնվում են ռուսական զինվորականները, այստեղ գտնվում է ռուսական բազա: Ռուսաստանի Նախագահի այցի ընթացքում նախատեսվում է այստեղ փոփոխություններ մտցնել ռուսական բազայի մասին պայմանագրում: Ինչպիսի փոփոխություններ են նախատեսվում:

Պատասխան: Փոփոխությունները վերաբերվում են 1995թ. պայմանագրի ժամկետի երկարացմանը: Եթե 1995թ. պայմանագիրը գործում էր 25 տարի ժամկետով, ապա այժմ այն կգործի 49 տարով` սկսված 1995թ.-ից: Միեւնույն ժամանակ տեղ կգտնի ավելի հստակ ձեւակերպում այն մասին, որ ռուսական ռազմական բազան Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանությանը զուգահեռ Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ կապահովեն Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Այդ նպատակների իրագործման համար ռուսական կողմը կաջակցի Հայաստանի Հանրապետությանը ժամանակակից սպառազինություններով եւ ռազմական տեխնիկայով:

Հարց: Այդ կապակցությամբ ինչ կարող եք ասել Ռուսաստանի միջնորդական ջանքերի մասին Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով: Ինչ մակարդակի վրա է այժմ գտնվում բանակցային գործընթացը:

Պատասխան: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը քիչ ջանքեր չի գործադրում կողմերի դիրքորոշումների մերձեցման եւ հիմնախնդրի խաղաղ լուծման համար: Նրա նախաձեռնությամբ եւ ներկայությամբ են կայացել մի շարք հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ, որոնք շատ օգտակար են եղել: Նաեւ նախագահների հանձնարարությամբ բանակցություններ են կայացել արտաքին գործերի նախարարների մակարդակով` նախարար Լավրովի միջնորդությամբ: Ռուսական այս միջնորդական ջանքերը ամբողջությամբ աջակցություն են վայելում մյուս համանախագահների` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից: Այս տարի հունիսին Սանկտ-Պետերբուրգում կայացած նախագահների հանդիպման ժամանակ կողմերին ներկայացվեց Մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակը: Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Մադրիդյան փաստաթղթի այս վերջին տարբերակի հիման վրա:

Հարց: Հենց արտաքին քաղաքական գործունեության եւ անվտանգության համակարգման վերաբերյալ. Ռուսաստանը առաջ է քաշել նախաձեռնություն Եվրոպական անվտանգության պայմանագրի ստորագրման վերաբերյալ: Փաստաթուղթը շատ կարեւոր է: Ինչպես է Հայաստանը գնահատում այդ փաստաթուղթը եւ ինչ դեր պետք է այն խաղա առաջին հերթին:

Պատասխան: Արտաքին քաղաքականության  համակարգումը իրականացվում է 1992 թ.-ին երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրի հիման վրա: Մեկամյա կամ երկամյա խորհրդատվությունների ծրագրերը համաձայնեցվում են արտաքին գործերի նախարարությունների միջև: Միայն 2010-ին կանցկացվեն 12 խորհրդատվություններ երկու պետությունների արտաքին գործերի նախարարությունների միջեւ: Մենք համակարգում ենք մեր գործունեությունը ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, մի շարք միջազգային կազմակերպությունների և համաժողովների շրջանակներում` ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ կազմակերպություններում:

Ինչ վերաբերվում է Եվրոպական անվտանգության պայմանագրի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությանը, ապա մենք սատարում ենք այդ նախաձեռնությունը այդ պայմանագրի մշակման եւ ստորագրման վերաբերյալ, որն ունի շատ կարևոր տարրեր, ինչպիսիք են հավասար, միասնական և անբաժանելի անվտանգության ապահովումը Եվրո-ատլանտյան եւ Եվրասիայի տարածաշրջանների բոլոր պետությունների համար: Այս առաջարկության մեջ ասվում է, որ  անթույլատրելի է, որ որեւէ պետության անվտանգությունը ապահովվի մեկ այլ պետության անվտանգության հաշվին, շեշտվում է որեւէ պետության մեկուսացման անընդունելիությունը: Մենք սատարում ենք այդ նախաձեռնությունը:

Հարց: Եթե թույլ կտաք հարց զբոսաշրջության մասին: Շատ հետաքրքիր է այդ համագործակցությունը, քանի որ դրանով երեւում է, թե ինչպես են մերձենում երկու ժողովուրդները, ինչքանով են հետաքրքրված մեկը մյուսով: Ահա եթե անցնենք Երեւանի փողոցներով, կարելի է ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ այստեղ շատ օտարերկրացիներ կան` Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, որտեղից ուզեք: Իսկ ահա ինչպես է այստեղ ներկայացված ռուսական զբոսաշրջությունը: Օրինակ ձմեռայինը: Մենք գիտենք, որ այստեղ կա լեռնադահուկային հանգստարան: Հաճույքով են արդյոք գալիս եւ ինչո՞վ է Հայաստանը գրավիչ զբոսաշրջիկների համար:

Պատասխան: Հայաստանը գրավիչ է զբոսաշրջության համար շատ առումներով: Դա ե՛ւ ձմեռային զբոսաշրջությունն է, ե՛ւ ամառայինը, ե՛ւ, կարելի է ասել, նույնիսկ էկոլոգիական զբոսաշրջությունը և այլն: Կան շատ հայ զբոսաշրջիկներ, որոնք ժամանում են տարբեր երկրներից: Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանում է ամենամեծ հայկական սփյուռքը, համայնքը, որը հանդիսանում է շատ կարևոր օղակ, յուրահատուկ կամուրջ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, ապա այս տեսակետից Հայաստան են գալիս հայկական ծագմամբ շատ ռուսաստանցիներ, բայց ոչ միայն հայեր Ռուսաստանից, այլ նաեւ բազմաթիվ ռուսաստանյան զբոսաշրջիկներ, որոնք Հայաստան  էին գալիս ավանդաբար խորհրդային ժամանակներում: Այդ ամենը այժմ ստանում է նոր թափ, քանի որ կառուցվում են նոր համալիրներ, ստեղծվում են նոր հնարավորություններ, ստեղծվում են զբոսաշրջության բնագավառում նոր հնարավորություններ, նոր ենթակառուցվածքներ, եւ դա գրավում է ավելի ու ավելի շատ մարդկանց:

Հարց: Պարոն Նալբանդյան, շատ շնորհակալություն, որ պատասխանեցիք մեր բոլոր հարցերին եւ իսկապես զգացվում է անձնական մակարդակով, որ  հարաբերությունները Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ շատ հաջող են, եւ հույս ունենանք, որ այդպես էլ կշարունակվի:

Պատասխան: Այդպես էլ կլինի: Շնորհակալություն:

 

Տպել էջը