ՀՀ ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը "Wall Street Journal" օրաթերթում

12 հոկտեմբերի, 2010

Թուրքիան հետ է կանգնել իր խոստումից

Անցյալ տարի՝ ինտենսիվ բանակցություններից հետո, Հայաստանը եւ Թուրքիան համաձայնության եկան, եւ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում երկու երկրների արտաքին գործերի նախարարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանի բացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները:

Հայ-թուրքական հարաբերությունները փակուղում էին, երբ Նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հայաստանում մենք առաջնորդվում էինք այնպիսի ապագայի տեսլականով, երբ սերունդները կապրեն համերաշխ և ապահով: Հայկական կողմի այս նախաձեռնությունը դրական արձագանք գտավ Թուրքիայի Նախագահի կողմից, եւ դա մեզ թույլ տվեց լուրջ ներդրում կատարել մերձեցման երկարատեւ գործընթացում:

Մեր դիրքորոշումը արտահայտված էր առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման հայտնի մոտեցմամբ: Այդ սկզբունքի վրա էր հիմնված Թուրքիայի հետ բանակցային գործընթացի մեկնարկը: Եվ հենց այս ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք, վարեցինք գործընթացը եւ եկանք պայմանավորվածությունների: Միջազգային հանրությունը` շվեյցարացի միջնորդները, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ շատ այլ երկրներ, գործընթացի սկզբից մինչ օրս համամիտ են այս մոտեցման հետ:

Դժբախտաբար, Թուրքիան հետ կանգնեց պայմանավորվածություններից: Անկարան ոչ միայն մերժեց արձանագրությունները վավերացնել, այլեւ վերադարձավ այն նախապայմանների լեզվին, որը նա օգտագործում էր մինչեւ գործընթացի մեկնարկը:

Տպավորություն է ստեղծվում, որ մենք խոսում ենք տարբեր լեզուներով: Մի կողմից թուրքական իշխանությունները ձեւացնում են, թե միշտ հետևում են pacta sunt servanda (համաձայնությունները պետք է հարգվեն) սկզբունքին, սակայն, մյուս կողմից, նրանք հրաժարվում են իրենց իսկ կողմից Ցյուրիխում ստորագրված համաձայնագրերը վավերացնելուց եւ իրագործելուց: Նրանք պնդում են, թե չունեն նախապայմաններ, պարզապես ասում են՝ «դուք արեք այս կամ այն, որպեսզի կարողանանք առաջ շարժվել» վավերացման գործընթացում: Արդյո՞ք սա նշանակում է, թե նրանք նախապայմաններ չունեն:

Թուրքիան փորձում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը կապել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հետ: Նրանք ասում են, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում չեն ուզում հանդես գալ իբրեւ միջնորդներ, այլ ընդամենը ցանկանում են բանակցել հայերի ու ադրբեջանցիների միջեւ` լուծում գտնելու համար:

Ղարաբաղյան գործընթացին միջամտելու կամ Հայաստանի հետ իր հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան բանակցություններում առաջընթացի սեփական ընկալման հետ կապելու թուրքական կողմի ցանկացած փորձ վնաս է հասցնում երկու գործընթացներին էլ: Սա այն դիրքորոշումն է, որը բազմիցս ընդգծել են Հայաստան-Թուրքիա կարգավորման եւ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների մեջ ներգրավված բոլոր հիմնական դերակատարները, ողջ միջազգային հանրությունը: Միջազգային հանրությունը խոսում է մեկ լեզվով, իսկ թուրքական կողմը` մեկ այլ լեզվով:

Թուրքիան իբրև թե ակնկալում է, որ տարածաշրջանի բոլոր խնդիրները պետք է մեկընդմիշտ «համապարփակ լուծում» ունենան: Սա գեղեցիկ ձևակերպում է, բայց որքանո՞վ է այն իրատեսական: Զուտ հռետորաբանություն: Լոկ խոսքեր, բայց ոչ գործ:

Թուրքիան նաեւ կեղծորեն օգտագործում է կարգավորման գործընթացը` որպես շղարշ այն անհիմն պնդման համար, թե տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւերի ընդունումը կարող է վնասել կարգավորման գործընթացին: Մինչդեռ մենք հարաբերությունների կարգավորման գործընթացի սկզբից ի վեր թե՛ թուրք գործընկերների հետ շփումներում, թե՛ հրապարակավ պարզ ասել ենք, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության իրողությունը կամ դրա միջազգային ճանաչման կարեւորությունը:

Իրական հաշտեցումը չի նշանակում անցյալի մոռացում եւ երիտասարդ սերունդներին ժխտողականության հեքիաթներով սնուցում: Չնայած նրան, որ Թուրքիան 95 տարի շարունակ ժխտում է Հայոց ցեղասպանությունը, հայկական կողմը չպահանջեց Ցեղասպանության ճանաչումը` իբրեւ հարաբերությունների կարգավորման նախապայման: Պարադոքսալ է, որ հենց Թուրքիան է փորձում ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահարկել այս հարցը` դարձնելով այն նախապայման:

Հայաստանը նախաձեռնեց կարգավորման գործընթացը եւ ջանք չխնայեց, որպեսզի այն հաջողությամբ պսակվի: Զարգացումների արդյունքում, երբ թուրքական կողմը ողջ գործընթացը մղում էր դեպի փակուղի, Հայաստանը ստիպված էր կասեցնել վավերացման ընթացակարգը` դեռ մնալով կարգավորման գործընթացում, ինչը տարբեր երկրների ղեկավարների կողմից ըմբռնումով ընկալվեց եւ ողջունվեց:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները եզրափակվել են արձանագրությունների ստորագրմամբ: Չկա ո՛չ «լուռ դիվանագիտություն», ո՛չ Ցյուրիխի «երկրորդ փուլ», ո՛չ բանակցությունների որեւէ նոր գործընթաց, ինչպես դա վերջերս փորձում է հաճախ ներկայացնել թուրքական մամուլը: Այս երկարատեւ գործընթացի արդյունքում մնում է միայն հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու իրագործումը`առանց ավելորդ այլևայլի: Հայաստանը պատրաստ կլինի գնալ առաջ, երբ Թուրքիան վերստին կգնա հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների:

Այսօր աշխարհի տարբեր մայրաքաղաքներից ասում են, որ գնդակը թուրքական կիսադաշտում է, որ Հայաստանը ճանապարհի իր բաժինն անցել է, եւ որ Թուրքիան պետք է ձեռնարկի այն քայլերը, որ նա խոստացել էր կատարել:

Տպել էջը