ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

31 հունվարի, 2011

 Հարց. Պարոն նախարար, հրապարակվեցին Հարավային Սուդանում կայացած հանրաքվեի նախնական արդյունքները: Ինչպե՞ս կգնահատեք դրանք:

Պատասխան. Հայաստանը ողջունում է Հարավային Սուդանում անցկացված հանրաքվեն: Հանրաքվեի հրապարակված նախնական արդյունքները, որոնք վստահաբար էապես չեն տարբերվելու վերջնականից, եւս մեկ անգամ ամրագրեցին, որ ազատ ինքնորոշումը յուրաքանչյուր ժողովրդի անքակտելի իրավունքն է:
 
Հարավային Սուդանի բնակչության այս ընտրությունը արդեն շուրջ 60 տարի՝ ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր, տեղի ունեցող ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ամենաթարմ օրինակն է եւ առկա խնդիրները լուծելու ճիշտ ճանապարհ, որը միանշանակ ողջունվում է միջազգային հանրության կողմից:
 
Հուսով ենք, որ իր կամարտահայտությամբ ընտրելով սեփական ճակատագիրը տնօրինելու ուղին` Հարավային Սուդանը հաջողության կհասնի անկախ պետականության հաստատման եւ կայացման գործում:

 

Տպել էջը