ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը

07 մարտի, 2011

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը

- Աշխարհն ականատես է դարձել դրամատիկ իրադարձությունների Մերձավոր Արեւելքում եւ արաբական Աֆրիկայի երկրներում` Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ իրադարձությունները, առավել եւս, որ եղել եք Հայաստանի դեսպանը Եգիպտոսում եւ ճանաչում եք այդ երկիրն ու տարածաշրջանը: 

- Դժվար է այդ իրադարձությունները որպես հեղափոխություն որակավորել: Դրանք ավելի շուտ խռովություններ են, սոցիալական բեկումներ: Հիմա հեշտ չէ մեկնաբանել այդ իրադարձությունները, քանի որ իսկապես դժվար է ասել` ինչ է լինելու հետո: 

Ավարտվեց Հոսնի Մուբարաքի 30-ամյա կառավարումը Եգիպտոսում: Այդ ժամանակահատվածը պետք է ասոցիացնել երկրում երկարատեւ արտակարգ դրության ռեժիմի հետ: Մի կողմից, այդ արտակարգ իրավիճակը գրեթե աննկատ էր առօրյա կյանքում: Մյուս կողմից, իրավիճակը իշխանություններին թույլ էր տալիս անել բացարձակ ամեն ինչ առանց որեւէ բացատրության: 

Սակայն ինչ է լինելու հետո Եգիպտոսում կամ Լիբիայում, դժվար է պատկերացնել: Դժվար է կանխատեսել` ինչ ուժեր կգան իշխանության` իսլամամետ, թե երկիրը դեպի դեմոկրատիա տանող ուժեր: Ամենակարեւորն այն է, որ չլինի անիշխանության, քաոսի ժամանակաշրջան, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների: 

- Վերջերս կայացավ Չինաստանի արտաքին գործերի նախարարի այցը Երեւան: Ինչպիսի՞ք են այցի հիմնական արդյունքները: 

- Հայ-չինական փոխհարաբերությունների ողջ պատմության ընթացքում Յան Ցզեչիի այցը Երեւան, իհարկե, հիշարժան բնույթ է կրում: Ոչ պակաս կարեւոր գործոն է նաեւ այն հանգամանքը, որ այցը կայացել էր չինական կողմի նախաձեռնությամբ եւ չէր կրել տարածարջանային բնույթ: Դա վկայում է այն մասին, որ հայ-չինական հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա:

Երեւանում նախարարը հայտարարել էր, որ Չինաստանն իսկապես շատ է կարեւորում Հայաստանի հետ հարաբերությունները, եւ հայկական ուղղությունը Չինաստանի արտաքին քաղաքական վեկտորի առաջնահերթ թեմաներից է: Երեւանյան հանդիպումները կրել են շատ հագեցած բնույթ, եւ երկխոսությունը ծավալվել էր խնդիրների լայն շրջանակի շուրջ: 

Եթե խոսենք արտաքին քաղաքականության խնդիրների մասին, ապա հաստատվել է, որ երկու կողմերի համար հարաբերությունները կրում են առաջնահերթ բնույթ: Ընդգծվել է նաեւ, որ առկա է լիակատար փոխըմբռնում միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Չինական կողմը մեզ շնորհակալություն է հայտնել մեր դիրքորոշման համար` միասնական Չինաստանի հարցում եւ չինական արտաքին քաղաքականության համար շատ կարեւոր մի շարք խնդիրների շուրջ: 

Մենք ընդգծել ենք, որ երախտապարտ ենք այն կշռադատված քաղաքականության համար, որը Չինաստանը վարում է Հայաստանի նկատմամբ, նախեւառաջ, Լեռնային Ղարաբաղի հարցում: 

Այցի ընթացքում առաջարկվել է նորացնել համապատասխան համաձայնագիրը Հայաստանի եւ Չինաստանի ԱԳՆ-ների միջեւ եւ այն համապատասխանեցնել այսօրվա իրողություններին: Հնարավոր է, որ համաձայնագրի հետ մեկտեղ կազմենք կոնկրետ միջոցառումների նախագիծ: Նշվել է նաեւ, որ չինական կողմը հաստատում է մինչեւ այս տարեվերջ երկկողմ քաղաքական խորհրդատվությունների հերթական փուլ կազմակերպելու իր մտադրությունը: 

Այս տարի մենք կնշենք Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, եւ կա նախնական պայմանավորվածություն երկու երկրներում մի շարք միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ: 

Չնայած համաշխարհային ճգնաժամին, մեզ մոտ ակտիվանում է առեւտրատնտեսական համագործակցությունը: Առեւտրային հաշվեկշիռը նախորդ տարի կազմել է $255 մլն` 2009թ. $171 մլն-ի փոխարեն: Զգալիորեն աճել է նաեւ հայաստանյան արտահանումը: Եթե 2008թ. մենք Չինաստան էինք արտահանել ընդամենը $1,8 մլն-ի արտադրանք, ապա 2010թ. հատեցինք արտահանման $30 մլն-ի շեմը: 

Իհարկե, դինամիկան շատ դրական է, սակայն Չինաստանը մի երկիր է, որի դեպքում շատ դժվար է խոսել առեւտրատնտեսական փոխհարաբերությունների մակարդակի ինչ-որ սահմանի մասին: Հաշվի առնելով առկա դինամիկան եւ գործակցությունը շարունակելու կողմերի պատրաստակամությունը` ես հույս ունեմ, որ ընթացիկ տարվա տնտեսական ցուցանիշները կգերազանցեն 2010թ. տվյալները: 

Ոչ պակաս կարեւոր գործոն է չինական բիզնեսի ակտիվությունը մեր շուկայում: Չինական կողմն ընդգծել է «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործարկումը, որը կոնկրետ պայմանավորվածությունների իրականացման փաստ է: Չինական կողմն ընդգծել է նաեւ իր հետաքրքրությունը մեր ներդրումային ծրագրերի նկատմամբ, եւ չինական ընկերությունների ներկայացուցիչները շուտով կժամանեն Երեւան խորհրդատվությունների եւ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Յան Ցզեչիի այցի ընթացքում քննարկվել է նաեւ առեւտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստ անցկացնելու հարցը: Նախարարի մեկնումից երկու օր անց մենք պաշտոնական հաղորդագրություն ստացանք ՉԺՀ դեսպանությունից, որ չինական կողմը առաջարկում է նիստն անցկացնել ապրիլի սկզբին: Դրա հետ զուգահեռ նախատեսվում է անցկացնել բիզնես-ֆորում, որին կմասնակցեն շուրջ 30 չինական ընկերություններ: 

- Բազմաթիվ խոսակցություններ են եղել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախագծի նկատմամբ Չինաստանի հետաքրքրության մասին: Այդ հարցը դեռ օրակարգո՞ւմ է: 

- Այո, իսկապես չինական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերել այդ նախագծի նկատմամբ: Հուսով եմ, մոտ ժամանակներս այդ ընկերությունների ներկայացուցիչները կժամանեն Երեւան, եւ մենք նրանց հետ քննարկումներ կանցկացնենք: Այդ ընկերությունները կարող են մասնակցել միջազգային մրցույթին: 

- Հանդիպումների ընթացքում քննարկվե՞լ է Երեւան-Պեկին կանոնավոր ուղիղ չվերթների մասին հարցը: 

- Այդ հարցի շուրջ ստեղծվել է հետաքրքիր իրավիճակ: «Արմավիան» սկսել է կատարել թռիչքներ, որոնք, սակայն, կրում են ոչ պարբերական բնույթ, դրանք չարտերային չվերթներ են: Չինական կողմը երեւանյան հանդիպումների ընթացքում արել է կոնկրետ առաջարկ. թռիչքներ կատարել ոչ թե դեպի Պեկին, այլ` Երեւան-Ուրումչի ուղղությամբ` ի նկատի ունենալով, որ թռիչքը կարող է կազմակերպվել որպես Երեւան-Պեկին connection flight, միաժամանակ, Ուրումչիից շատ մեծ է Հայաստանով երրորդ երկրներ գնալու պահանջարկը: Ամենակարեւորը, որ կա շահագրգռվածություն, եւ ես հուսով եմ, որ շուտով մենք կունենանք կանոնավոր չվերթներ եւ նոր ուղղություններ: 

- Վերջերս կայացել էր ՀՀ ԱԳՆ ղեկավարի այցը Հնդկաստան: Ի՞նչ մակարդակում են այդ երկրի հետ հարաբերությունները: 

- Արտաքին քաղաքական տեսանկյունից մենք բնականոն երկխոսության մեջ ենք Հնդկաստանի հետ: 

Այն, ինչ ես ասում էի Չինաստանի մասին երկկողմ հարաբերությունների առումով եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության տեսանկյունից, կիրառելի է նաեւ Հնդկաստանի դեպքում: 

Մենք Հնդկաստանին աջակցում ենք նրա համար արդիական արտաքին քաղաքական հարցերում, նրանք մեր նկատմամբ վարում են շատ կշռադատված քաղաքականություն: Առեւտրատնտեսական համագործակցության առումով մենք, իհարկե, ետ ենք մնում: Կարծում եմ` անհրաժեշտ է ձեռնարկել որոշ միջոցներ գործարարներին հետաքրքրելու եւ նրանց հայաստանյան շուկային ծանոթացնելու համար: Շուտով Հայաստան կժամանի շուրջ 30 հնդկական դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակություն: 

Օրակարգում է ՀՀ Նախագահի պաշտոնական այցը Հնդկաստան: Ճշգրիտ ժամկետներ առայժմ չկան, սակայն սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳՆ նախարարի` Հնդկաստան կատարած այցի ընթացքում: 

- Իսկ ինչպիսի՞ն է իրադրությունը Ճապոնիայի պարագայում: 

- Հայաստանի հարաբերությունները Ճապոնիայի հետ մինչեւ վերջին ժամանակներս կրում էին բացառապես տնտեսական բնույթ` Զարգացման ճապոնական գործակալության ծրագրերի շրջանակներում: Սակայն 2009թ. ՀՀ ԱԳ նախարարի` Ճապոնիա կատարած այցից եւ Տոկիոյում ՀՀ դեսպանության բացումից հետո մեզ մոտ նկատվում է լավ դինամիկա: Վերջին ժամանակներս Երեւան են ժամանել ճապոնական երկու պատվիրակություններ: Հուսով եմ, որ մինչեւ տարեվերջ կկայանա ՀՀ Նախագահի այցը Ճապոնիա: 

- Հայաստանի համար ուրիշ ինչո՞վ է հետաքրքիր ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը: 

- ՀՀ արտաքին գործերի նախարարն արդեն որոշում է կայացրել մեր գործունեությունն այդ ուղղությամբ ակտիվացնելու մասին: Նախապատրաստվում է նախարարի այցը ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի շարք երկրներ: 

Նախեւառաջ, խոսքը Հարավային Կորեայի մասին է, որի հետ հարաբերությունների զարգացման ներուժը շատ մեծ է: Կորեական կողմին մենք փոխանցել ենք ներդրումային ծրագրերի փաթեթ, որոնք առաջացրել են նախնական մեծ հետաքրքրություն կորեական ընկերությունների շրջանում: 

Թաիլանդի հետ մենք ունեցել ենք շատ ակտիվ փոխհարաբերություններ մինչեւ այդ երկրում անկայունության ժամանակաշրջանի սկիզբը: Այժմ իրավիճակը մի փոքր կայունացել է, եւ մեր միջեւ ծավալվել են ինտենսիվ շփումներ: Իհարկե, չի կարելի մոռանալ այնպիսի երկրների մասին, ինչպիսիք են Ֆիլիպինները եւ Վիետնամը: Առաջին հայացքից, նրանք մեզանից շատ հեռու են գտնվում, սակայն անհրաժեշտ է ձգտել նորմալ, դրական քաղաքական երկխոսությանը հասցնել նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունները: 

- Այս տարի նախատեսվում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի այցը «Սեւ Աֆրիկայի» երկրներ: Այդ ծրագրերը դեռ ուժի մե՞ջ են: 

- Այո, այդ հարցը շարունակում է մնալ օրակարգում: 

Տպել էջը