ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալությանը

14 մարտի, 2011

 «Նովոստի-Արմենիա». Պրն Քոչարյան, կարելի՞ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նոր իրավիճակի մասին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների Սոչիում կայացած հանդիպումից հետո:

Շ. Քոչարյան. Կարելի է, թեև Սոչիից հետո Ադրբեջանը հայտարարեց, որ խաղաղ կարգավորումը չի բացառում ռազմական գործողությունները: Այսինքն, թվում է, թե Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումից հետո ստեղծված իրավիճակը կրկնվում է:

«Նովոստի-Արմենիա». Որոշ գնահատականների համաձայն, այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և, հատկապես, Ռուսաստանի ջանքերի ֆոնի ներքո, որոնք ուղղված են ղարաբաղյան խնդրի լուծմանը, հակամարտության գոտում լարվածությունը ոչ միայն չի նվազում, այլև նույնիսկ աճում է: Ինչո՞վ կբացատրեք դա:

Շ. Քոչարյան. Իսկապես, կապ կա Մինսկի խմբի համանախագահների ջանքերի, իսկ եթե ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությունների և լարվածության աճի միջև: Եթե պատկերենք դա կետերի և կորերի տեսքով, ապա ստացվում է, որ լարվածության աճն ու ՌԴ նախագահի ջանքերը զուգահեռ են ընթանում: Այսինքն, տարօրինակ օրինաչափություն է ստեղծվում. որքան շատ ջանքեր են գործադրում ՄԽ համանախագահ-երկրները հակամարտության կարգավորման հարցում տեղաշարժերի համար, այդքան ավելի շատ է աճում լարվածությունը ղարաբաղաադրբեջանական շփման գծում, այդքան ավելի հաճախ են հնչում Բաքվի ռազմատենչ և հակահայկական հայտարարությունները:

Լարվածության աճին նպաստող ադրբեջանական կողմի այս գործողություններն ուղղված են ինչպես ղարաբաղաադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում տեղաշարժերի ձախողմանը, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահների վարկաբեկմանը:

ՄԽ համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ միասին իրականացնում են երկու կարևոր առաքելություն: Առաջինը համապարփակ խաղաղ պայմանագրին հասնելու հարցում աջակցությունն է կողմերին, ինչը հակամարտության բոլոր կողմերից փոխզիջում է ենթադրում:

Բաքվի անզիջում և ապակառուցողական դիրքորոշումն արդեն բոլորին հստակ հասկանալի է՝ «կամ ամեն ինչ, կամ ոչինչ», «կամ ամեն ինչ, կամ պատերազմ»: Բնական է, որ «նավթային եզրագծով սկուտեղի վրա» ամեն ինչ միակողմանի կերպով ստանալու և ներքաղաքական նպատակներով սեփական ժողովրդին վախեցնելու դիրքորոշումը նախօրոք դատապարտված է ձախողման և գլխավոր արգելակն է կարգավորման ճանապարհին: Սակայն Ադրբեջանը փորձում է հակամարտության չկարգավորման համար սեփական պատասխանատվությունը բարդել Մինսկի խմբի համանախագահության վրա:

«Նովոստի-Արմենիա». Իսկ ո՞րն է Մինսկի խմբի և Անջեյ Կասպրշչիկի երկրորդ առաքելությունը:

Շ. Քոչարյան. Մինսկի խմբի համանախագահության և դեսպան Կասպրշչիկի երկրորդ առաքելությունը գոյություն ունեցող հրադադարի ռեժիմի պահպանման հարցում աջակցելն է: Լավ, թե վատ, բայց այն պահպանվում է և չի վերաճում բաց ռազմական գործողությունների, թեև Ադրբեջանի կողմից նման փորձ ձեռնարկվել է Հայաստանի նախագահական ընտրությունների ժամանակահատվածում: Դա մարտի միջոցով ձախողված հետախուզություն էր, սակայն, ընդհանուր առմամբ, լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեղան: Մինսկի խմբի և դիտարկման խմբի վաստակն է, որ հրադադարը պահպանվում է առանց խաղաղարարների, միայն կողմերի ջանքերի միջոցով, և բնական է, որ ամեն հանդիպում, հատկապես բարձր մակարդակով, նպաստում է հրադադարի ռեժիմի պահպանմանը:

Այսպես, հանդիպումներից առաջ կամ հետո սահմանին տեղի ունեցող ցանկացած սադրանք ուղղված է այդ միջնորդական ջանքերի վարկաբեկմանը: Այսինքն, Ադրբեջանի բոլոր գործողություններն ու հայտարարություններն ուղղված են Մինսկի խմբի համանախագահների վարկաբեկմանը երկու ուղղությամբ: Եթե այս ամենին ավելացնենք այն հայտնի փաստը, որ Բաքուն մոլագարի պես փորձում է հարցը Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներից տեղափոխել այլ ձևաչափեր, ապա ավելի ակնհայտ է դառնում բանակցային գործընթացը արգելակելու և ՄԽ համանախագահությանը վարկաբեկելու Ադրբեջանի քաղաքականությունը:

«Նովոստի-Արմենիա». Հայկական կողմի կարծիքով՝ ինչպիսի՞ քայլեր են անհրաժեշտ հակամարտության գոտում վստահության միջոցներն ամրապնդելու համար:

Շ. Քոչարյան. Իհարկե, երբ խոսքը հայկական կողմերի մասին է, ապա շատ կարևոր է հաշվի առնել, որ հակամարտության հիմնական կողմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է: Այդ պատճառով առաջին հերթին չափազանց կարևոր է ԼՂՀ-ի դիրքորոշումը: Հայտնի է, որ շփման գծից դիպուկահարների դուրսբերման մասին միջնորդների առաջարկությանը, որը հնչեցրել են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և բազմաթիվ միջազգային կառույցների ներկայացուցիչներ, դրական են արձագանքել և Ստեփանակերտում, և Երևանում, իսկ Բաքուն հրաժարվել է: Դիպուկահարների դուրսբերումը վստահության միջոցների բարձրացմանը և լարվածության նվազմանը նպաստող քայլերից մեկն է:

Երկրորդ. Իհարկե, հարկավոր է հետամուտ լինել կողմերի ստորագրած փաստաթղթերին: Խոսքը 1994 թ.-ին հրադադարի ռեժիմի մասին ձեռք բերված պայմանավորվածության մասին է: 1995 թ.-ին ԼՂՀ-ն, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրեցին ևս մեկ փաստաթուղթ, որտեղ շատ մանրամասն ներկայացված են այն քայլերը, որոնք հարկավոր է ձեռնարկել հնարավոր միջադեպերը բացառելու, միմյանց տեղեկացնելու, հետաքննություններ անցկացնելու համար: Ստորագրությունները դրված են, սակայն այդ ամենը մնացել է թղթի վրա, և պատահական չէ, որ Սոչիում կայացած վերջին հանդիպման ընթացքում կրկին անհրաժեշտություն է ծագել վերականգնել համաձայնագրի այն մասը, որը վկայում է միջադեպերի կանխման և հետաքննության անհրաժեշտության մասին:

Երրորդ քայլը, իհարկե, տարածաշրջանում սպառազինության մատակարարումների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունն է: Չէ՞ որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ավելացնում է սպառազինության քանակը և չի թաքցնում, թե ինչի համար է դա անում: Հայկական կողմերը համարժեք պատասխան ունեն Ադրբեջանի ցանկացած արկածախնդրությանը, սակայն սպառազինության մրցավազքը հակասում է վստահության միջոցների ամրապնդման պարտավորություններին: Խիստ վերահսկողություն է հարկավոր, քանի որ Ադրբեջանը խախտել է սպառազինությունների մասին պայմանագրերով նախատեսված բոլոր նորմերը:

Հարկավոր է նաև դիվանագիտական ճնշում և հրապարակային հայտարարություններ՝ հասցեագրված Ադրբեջանի հասարակությանը, որի մոտ ԶԼՄ-ների նկատմամբ կոշտ վերահսկողության պատճառով կարող է կեղծ տպավորություն ստեղծվել, թե ողջ աշխարհն աջակցում է Բաքվի արկածախնդրային դրսևորումներին:

Տպել էջը