Արման Կիրակոսյան. «ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունների նպատակը գործընկերությունն է»

09 ապրիլի, 2011

«Արմենպրես»-ի հարցազրույցը ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի հետ

Հարց.
Պարոն Կիրակոսյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ - ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) եւ պլանավորման եւ վերանայման գործընթացի (ՊՎԳ) իրականացման գործընթացները: Ի՞նչ փուլում են դրանք:

Պատասխան. Ինչպես հայտնի է, մենք ունենք անհատական գործընկերության գործողությունների ծրագիր ՆԱՏՕ-ի հետ: Այս տարի ավարտվել է 2009-2011թթ-ի երկամյա ծրագիրը վերոնշյալ ծրագրերի իրականացման ուղղությամբ: Այդ գործընթացի գնահատմանը զուգահեռ, մենք արդեն պատրաստել ենք նորացված երկամյա ծրագիր 2011-2012թթ-ի համար, որի ընդունման գործընթացը հետեւյալն է. մենք ներկայացնում ենք նախագիծ, այնուհետեւ նույն գնահատման խմբի հետ քննարկում ենք այդ նախագիծը, ապա այն դրվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների քննարկմանը, որոնք էլ ներկայացնում են կամ չեն ներկայացնում իրենց առաջարկները: Դրանից հետո` հուլիսին, այդ երկամյա ծրագիրը` Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ն, ընդունվում է որպես փաստաթուղթ, որի շուրջ արդեն կողմերը պետք է համագործակցեն: Երեկ միջգերատեսչական հանձնաժողովի նիստում մենք լսեցինք ՆԱՏՕ-ի պատվիրակությանը, որի կազմում կային եւ միջազգային անձնակազմի, եւ միջազգային ռազմական անձնակազմի ներկայացուցիչներ:

Պատվիրակության անդամները նախնական գնահատական տվեցին ԱԳԳԾ իրականացման գործընթացին, իսկ վերջնական գնահատականը նրանք կներկայացնեն Բրյուսելում համապատասխան քննարկումներից հետո: Կարող եմ ասել, որ հանձնաժողովի նիստի ընթացքում նրանք շատ դրականորեն գնահատեցին կատարված աշխատանքը, որը վերաբերում էր գործողությունների ծրագրի իրականացմանը, ինչպես նաեւ պլանավորման եւ վերանայման գործընթացին, որը տեղի է ունենում պաշտպանության նախարարության եւ ՆԱՏՕ-ի ռազմական անձնակազմի միջեւ:

Պլանավորման եւ վերանայման գործընթացն ինքնին մշտական գործընթաց է: Իհարկե, կան զուգահեռներ ԱԳԳԾ-ի հետ, որը ներառում է ՊՎԳ-ի որոշ տարրեր: Խոսքը պաշտպանության համակարգի բարեփոխումների մասին է. դա է հիմնական խնդիրը եւ առկա է ինչպես ՊՎԳ-ում, այնպես էլ ԱԳԳԾ-ում: Երկրորդ հիմնական խնդիրը խաղաղապահ բրիգադի կամ ընդհանրապես խաղաղապահ գործողություններում մեր մասնակցությունն է, այդ բրիգադի զարգացման հեռանկարները: Այստեղ մեզ ՆԱՏՕ-ն օգնում է տեսական-մեթոդական առումով եւ տեխնիկապես օժանդակում է այս խաղաղապահ զորամիավորումը կազմակերպելու եւ նրան կոնկրետ գործողություններում ներառելու գործընթացին, ինչպես այսօր մենք ունենք Աֆղանստանում: Ինչպես ասացի, այս գնահատումը կարելի է համարել ընդհանուր առմամբ դրական: Արդեն երրորդ երկամյա ծրագիրն ենք նախապատրաստել եւ իրականացնելու: Ես` որպես միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահող (մյուս համանախագահողը պաշտպանության նախարարությունն է), շնորհակալություն հայտնեցի միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին, որոնք վերջին գնահատումից մինչեւ այսօր, փաստորեն, մշտապես հավաքվել եւ իրականացրել են աշխատանքներ ԱԳԳԾ-ի իրականացման ուղղությամբ: Խոսքը ՀՀ պաշտպանության, արտաքին գործերի, արտակարգ իրավիճակների, բնապահպանության նախարարությունների, ոստիկանության եւ Գիտությունների ազգային ակադեմիայի ակտիվ ներգրավվածության մասին է ՆԱՏՕ-ի համապատասխան բաժինների հետ համագործակցության մեջ:

Հարց. Ինչպե՞ս եք գնահատում ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակը:

Պատասխան. Նախ` պետք է ասել, որ այդ հարաբերությունները բարձր մակարդակի գործընկերային են: Գիտեք, որ այսօր մենք չենք խոսում անդամակցության մասին, այլ` գործընկերության, համագործակցության: Դրան է միտված նաեւ այս ծրագրի իրականացումը: Մենք օգտագործում ենք այս ծրագրերը մեր ներքին բարեփոխումներն իրականացնելու համար ոչ միայն պաշտպանության բնագավառում, այլեւ ժողովրդավարական գործընթացներում ամրապնդման համար: Շատ բաներ կան ԱԳԳԾ-ում, որոնք համընկնում կամ զուգահեռ են ընթանում Եվրամիության Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության ծրագրերի հետ: Կառավարությունը մեր առջեւ ծրագիր է դրել բարեփոխումներ իրականացնել` բոլոր մակարդակներում հասնելու համար եվրոպական չափանիշներին` եւ ժողովրդավարական, եւ տնտեսական, եւ պաշտպանության բնագավառներում: Այս գործընթացներն իրար զուգահեռ են:

ԱԳԳԾ-ն նույնպես նպաստելու է մեր ընդհանուր առաջնայնությունների իրականացմանը: Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում ես նշեցի, որ Հայաստանը շարունակելու եւ խորացնելու է ՆԱՏՕ-ի հետ ձեւավորված փոխշահավետ գործընկերային հարաբերությունները եւ այս առումով կարեւորություն է տալիս Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ արդյունավետ իրագործմանը: Այս ամենի մեր գնահատականը դրական է: Մենք բոլոր այս բնագավառներով շարունակելու ենք զարգացնել մեր հարաբերությունները:

Հարց. Ինչպիսի՞ հեռանկարներ կան Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման առումով: Արդյո՞ք Հայաստանի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) եւ ԱՊՀ տարածքի այլ ինտեգրացիոն միավորումներին չի խոչընդոտի ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների խորացմանը:

Պատասխան. Չի կարող խոչընդոտել: Ինչպես ասացի, մենք անդամության խնդիր չենք դնում, որովհետեւ մեր խնդիրը բարեփոխումն է: ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամ երկրները նույնպես ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նման ձեւաչափեր ունեն: Սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն այսօր դիտարկվում է որպես մի կառույց, որի օրինակը, առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման փորձը, տեսական-մեթոդական հիմքը` հենց նույն բանակաշինության ոլորտում, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ բանակի բարեփոխումների հարցերով, ոչ միայն մեզ է օգտակար, այլեւ Ռուսաստանին եւ ԱՊՀ այլ ու ՀԱՊԿ անդամ պետությունների: Այնպես որ, քաղաքական առումով մենք ռազմավարական դաշինք ունենք Ռուսաստանի հետ եւ ՀԱՊԿ-ի նման ռազմաքաղաքական կառույցի անդամ ենք:

ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունների նպատակը գործընկերությունն է, որը պետք է նպաստի այն բարեփոխումների գործընթացին, որն իրականացվում է Հայաստանում: Ինչ վերաբերում է հեռանկարներին, կարծում եմ, որ հեռանկարը միակն է` բարեփոխումների իրագործումը եւ այն չափանիշներին հասնելը, որոնց մասին ես խոսեցի: Այս երկամյա ծրագրերն առաջադիմական միտումներ ունեն: Նման ծրագրերի իրականացման միջոցով մենք կարող ենք հասնել մեր նպատակների իրականացմանը:
 

 

Տպել էջը