Էդվարդ Նալբանդյանի պատասխանը ՀՀ ԱԺ-ում հնչած հարցին

25 մայիսի, 2011

Գագիկ Մելիքյան. Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի կողմից հայտարարություն էր տարածվել թե իբր հայկական կողմից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն ազատագրված երկու տարածքներից, այդ հարցը այսօր քննարկման առարկա է դարձել բանակցային գործընթացում եւ մյուս խնդիրը, որ բարձրացվում է Մամեդյարովի կողմից, ցինիզմի աստիճանի, այն առումով, որ հայկական կողմի առաջարկությունը՝ շփման գծից դիպուկահարների հետ քաշումը Ադրբեջանի կողմից դիտվում է որպես ծիծաղելի եւ նման հարց ընդհանրապես քննարկման չի կարող դրվել: Որքանո՞վ են սրանք իրականությանը համապատասխանում:

Էդվարդ Նալբանդյան. Շնորհակալություն հարցի համար պարոն պատգամավոր: Նախ եւ առաջ Ադրբեջանը պետք է համաձայնվի միջազգային հանրության առաջարկի հետ առ այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, հենց դրա մասին են գնում բանակցությունները, եւ Ադրբեջանի ղեկավարությունը իր հանրային կարծիքը պետք է պատրաստի հենց այս մտքին: Ինչ վերաբերվում է նրան, թե ինչի վերաբերյալ են ծիծաղում կամ լաց լինում Ադրբեջանում, չեմ կարծում, որ նույնպես կարող են ծիծաղելի լինել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, կամ եռանախագող երկրների նախագահների, կամ Եվրամիության ղեկավարության համար, հենց իրենց կողմից հնչեցված առաջարկները, հայտարարությունները, արտահայտված մոտեցումները ռազմատենչ հռետորաբանության եւ կեցվածքի, հրադադարի ամրապնդման եւ դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ, որ հենց իրենց կողմից այդ առաջարկները ոչ միայն արհամարհվում են Ադրբեջանում այլեւ ծաղրանքի են ենթարկվում:

Գագիկ Մելիքյան. Շնորհակալություն պարոն նախարար, ես կարծում եմ, որ միջազգային հանրության կողմից նույնպես համապատասխան գնահատականի կարժանան այդ հայտարարությունները եւ ադրբեջանական ղեկավարության կողմից ընդամենը հնչեցվում են ներքին շրջանակներում օգտագործելու նպատակով:

Էդվարդ Նալբանդյան. Կարծում եմ, որ այդպիսի գնահատականներ եւ արձագանքներ եղել են միջազգային հանրության կողմից եւ վստահ եմ, որ նոր արձագանքներ կլինեն:

Տպել էջը