Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի արձագանքը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Դովիլում ընդունված հայտարարությանը

26 մայիսի, 2011

Մենք բարձր ենք գնահատում Նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Այսօր, Դովիլում, Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարությունը կարեւոր ուղերձներ է պարունակում եւ կարող է խթան հանդիսանալ հիմնախնդրի հանգուցալուծման համար:

Հայաստանը միշտ կողմնակից է եղել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը եւ բազմիցս դա ապացուցել է գործնականում, ուստի պարզ է, թե ում է ուղղված այս առնչությամբ հայտարարության մեջ պարունակվող միանշանակ ուղերձը:

Հայաստանը հստակ պատասխան է տվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին` որպես հիմնախնդրի կարգավորման համար բանակցությունների հիմք: Եթե Ադրբեջանը տա իր միանշանակ համաձայնությունը, ապա հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում: Ակնհայտ է, թե ում է հասցեագրված հայտարարության մեջ նաեւ այս կապակցությամբ հնչեցված ուղերձը:

Տպել էջը