Կ.Ղազինյան. «Մեր եվրոպական գործընկերների գնահատմամբ` զգալի է առաջընթացը Հայաստան-ԵՄ բանակցություններում»

21 հունիսի, 2011

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անկախացումից ի վեր եվրոպական ուղղությունը եղել է ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններից մեկը: Երեւանում 2010թ. հուլիսի 19-ին մեկնարկեցին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Բանակցությունների առաջընթացի, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում Հայաստան-ԵՄ համագործակցության մասին «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Կարինե Ղազինյանի հետ:

Հարց. Տիկի’ն Ղազինյան, ի՞նչ փուլում են ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Ձեր գնահատմամբ, որոնք են բանակցությունների ընթացքում արձանագրված ամենանշանակալի արդյունքները:

Կ.Ղազինյան. Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններն անցկացվում են երկու ձեւաչափով` լիագումար նիստեր եւ տեսակոնֆերանսներ: Լիագումար նիստերն անցկացվում են 2 ամիսը մեկ անգամ, հաջորդաբար` Բրյուսելում եւ Երեւանում: Ինչպես մեր, այնպես էլ մեր եվրոպական գործընկերների գնահատմամբ զգալի առաջընթաց ենք արձանագրել բանակցային գործընթացում:

Տնտեսական, ոլորտային եւ ֆինանսական համագործակցության խմբում բանակցվել եւ ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի 18 գլուխներ: Հուլիսի 19-ին կլրանա Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի մեկնարկի մեկ տարին: Առ այսօր տեղի են ունեցել հինգ լիագումար նիստեր եւ մի շարք տեսակոնֆերանսներ: Ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի ոլորտային համագործակցությանն առնչվող տասնութ գլուխ. այդ թվում` Գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցություն, Տեսալսողական եւ զանգվածային լրատվամիջոցների բնագավառում համագործակցություն, Մշակութային համագործակցություն, Կրթություն, վերապատրաստում եւ երիտասարդություն, Բնապահպանություն, Ֆինանսական ծառայություններ, Զբոսաշրջություն եւ այլն :

Այս տարվա մայիսի 23-ին Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների հինգերորդ նիստը: Բանակցությունների օրակարգում էին ապագա համաձայնագրի «Նախաբանը, նպատակները եւ հիմնական սկզբունքները», «Քաղաքական երկխոսություն եւ բարեփոխումներ, արտաքին եւ անվտանգության քաղաքականության բնագավառում համագործակցություն» եւ «Արդարադատություն, ազատություններ եւ անվտանգություն» գլուխները: Նիստին ամփոփվեցին տնտեսական, ոլորտային եւ ֆինանսական համագործակցության խմբի աշխատանքները:

Հաջորդ լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել Բրյուսելում 2011թ. հուլիսի կեսին:

Հարց. Ձեր կարծիքով ե՞րբ կստորագրվի ասոցացման համաձայնագիրը:

Կ.Ղազինյան. Այս պահին հստակ ժամկետներ չենք կարող նշել: Ասոցացման համաձայնագիրը համըդնգրկուն եւ որակական նոր ու հեռանկարային համագործակցության ուղենիշներ է սահմանում Հայաստանի եւ ԵՄ հարաբերություններում առաջիկա տասնամյակների համար: Համաձայնագրով նախատեսվում է նաեւ հիմնել ԵՄ հետ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի (ԽՀԱԱԳ), ինչը ենթադրում է Հայաստան-Եվրոպական Միություն երկկողմ առեւտրի շրջանակներում համաձայնեցված ապրանքատեսակների նկատմամբ տուրքերի եւ քանակական սահմանափակումների, առեւտրի ոչ սակագնային խոչընդոտների վերացում: Գոտու ստեղծումը նախատեսում է Հայաստանի ներքին կարգավորիչ դաշտի խորքային բարելավում, բարեփոխումներ` կողմերի արտաքին առեւտրի կազմակերպման ներդաշնակեցման նպատակով: ԽՀԱԱԳ ստեղծելու դրույթների վերաբերյալ բանակցությունները ԵՄ հետ դեռեւս չեն մեկնարկել: Դրանք կմեկնարկեն Հայաստանի կողմից ոլորտային բարեփոխումներին ուղղված մի շարք գործողություններ իրականացնելուց հետո: Այդ ուղղությամբ ՀՀ կառավարությունը համապատասխան քայլեր է ձեռնարկում:

Հարց. Արեւելյան գործընկերության մեկնարկից հետո կշարունակվի՞ արդյոք ԵՄ հետ համագործակցությունը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում:

Կ.Ղազինյան. Արեւելյան գործընկերությունը մշակվել եւ կյանքի է կոչվել Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Այն համարվում է հարեւանության քաղաքականության արեւելյան ուղղությունը: Բոլորովին վերջերս` մայիսի 25-ին, Եվրոպական հանձնաժողովը հանդես է եկել Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման նոր առաջարկով, որով նախանշվում են ԵՀՔ հիմնական առաջնայնությունները եւ ուղղությունները: Հիմնարար մոտեցումն է լինելու «շատ ֆինանսական հատկացումներ` շատ բարեփոխումների դիմաց» կարգախոսը: Ելնելով տարբերակման մոտեցումից` ԵՄ-ն յուրաքանչյուր գործընկեր երկրի հետ հարաբերությունները զարգացնելու է ըստ վերջինիս հավակնությունների եւ ձեռք բերված առաջընթացի: Նոր առաջարկով ԵՀՔ-ի շրջանակներում հստակորեն ձեւավորվում են երկու ուղղություն` Արեւելյան գործընկերությունը եւ Միջերկրածովյան միությունը:

Հարց. Արդյունավե՞տ էր արդյոք համագործակցությունը ԵՀՔ շրջանակներում, եթե այո’, ապա ինչու՞ անհրաժեշտություն առաջացավ նախաձեռնել Արեւելյան գործընկերությունը:

Կ.Ղազինյան. Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագիրը պաշտոնապես հաստատվեց 2006թ.-ին` 5 տարի ժամկետով: 2009թ. ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատվել է ԵՀՔ Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն Գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թվականների միջոցառումների ցանկը:

ԵՀՔ շրջանակներում համագործակցության արդյունավետության մասին են վկայում նաեւ Եվրոպական հանձնաժողովի հրապարակած ամենամյա զեկույցները:

Արեւելյան գործընկերությանը հիմք դրվեց 2009թ. մայիսին Պրահայի գագաթաժողովում ընդունված հռչակագրով, որով եւ սահմանվում են դրա նպատակները: Նոր նախաձեռնության անհրաժեշտությունը ծագեց ԵՀՔ-ում ընդգրկված երկրների հետ տարբերակված համագործակցություն հաստատելու անհրաժեշտությունից` ելնելով այդ երկրների ձգտումներից:

Հարց. Արեւելյան գործընկերության շրջանակներում նախատեսվող ներքին բարեփոխումների շրջանակներում բավարա՞ր եք համարում արդյոք ՀՀ իշխանություների կողմից ձեռնարկվող քայլերը: Որո՞նք են ներկա փուլում բարեփոխումների առավել արդիական ուղղություններն այս համատեքստում:

Կ.Ղազինյան. ՀՀ իշխանությունները մշտապես հետամուտ են եղել ներքին բարեփոխումների իրականացմանը, եւ ԵՄ հետ համագործակցությունը, մասնավորապես Արեւելյան գործընկերության շրջանակներում, լրացուցիչ հնարավորություններ են ընձեռում գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար: 2011թ. մայիսի 25-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է 2010թ. Եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացման Հայաստանի մասին զեկույցը: Վերջինիս համաձայն` Հայաստանը առաջընթաց է գրանցել ԵՀՔ իրականացման տարբեր ոլորտներում, ներառյալ քաղաքական երկխոսության եւ բարեփոխումների ոլորտը: Լավ առաջընթաց է գրանցվել զրպարտության ապաքրեականացման եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների ամրապնդման ուղղությամբ: Առաջընթաց է գրանցվել դատաիրավական բարեփոխումների եւ խոսքի ազատության ընդլայնման հարցերում:

Տպել էջը