ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի պատասխանը News.am գործակալության հարցին

16 հուլիսի, 2011

Հարց. պարոն Քոչարյան, երեկ Ադրբեջանում նոր հակահայկական հիստերիայի ալիք բարձրացավ, ադրբեջանցի աղջնակի մահվան հետ կապված մեղադրանքներ հնչեցին: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Պատասխան. 13-ամյա աղջնակի մահվան հետ առնչություն ունենալու մեջ Հայաստանին ուղղված մեղադրանքն այնքան հիմնազուրկ է եւ անմիտ, որ նույնիսկ հերքման կարիք չի զգում:

Ակնհայտ է, որ նման սին մեղադրանքների եւ հերթական հիստերիայի գլխավոր նպատակն է էլ ավելի սրել Ադրբեջանում ամենաբարձր պետական մակարդակով իրականացվող հակահայկական եւ ռասիստական քարոզչությունն ու խորացնել կողմերի միջեւ անվստահության մթնոլորտը:

Նման քայլերով Ադրբեջանի ղեկավարությունը, չցանկանալով խոստովանել, որ նրա բանակցային գործընթացում որդեգրած «կամ ամեն ինչ, կամ ոչինչ մոտեցումը» անիրականանալի է, փորձում է հրեշավոր հնարքներով ու հարեւան ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանելով խուսափել սեփական ժողովրդի առջեւ պատասխանատվությունից եւ տապալել բանակցային գործընթացը:
 

Տպել էջը