ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը Ազգային ժողովում հնչած հարցին

08 փետրվարի, 2012

Հարց. Ըստ որոշ հրապարակումների, Իսրայելի արտգործնախարար Լիբերմանը ասել է, որ Հոլոքոստ տերմինը կիրառելի չէ Հայոց Ցեղասպանության առումով, մոռանալով Հիտլերի խոսքերը «թե ով է այժմ հիշում հայերի ջարդերը»: Կխնդրեի մեկնաբանություն այս կապակցությամբ:

Պատասխան. Նախ եւ առաջ, որեւէ մեկը Հոլոքոստ տերմինը չի կիրառում Հայոց ցեղասպանությունը բնութագրելու համար:

Հայոց Ցեղասպանությունը բնութագրվում է Գենոցիդ տերմինով: Եւ ոչ միայն այն պատճառով, որ տասնյակ երկրներ եւ մի շարք միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը:

Երբ Ռաֆաել Լեմկինը առաջին անգամ առաջարկեց Գենոցիդ տերմինը՝ նա հիմնվում էր հենց Հայոց մեծ Եղեռնի օրինակի վրա:

Հետագայում այդ տերմինը սկսվեց կիրառվել տարբեր միջազգային ատյանների կողմից, տարբեր միջազգային փաստաթղթերում:

Կցանկանայի նաեւ հիշեցնել, որ Երուսաղեմի Հոլոքոստի եւ Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Իսրաել Չարնին ասել է, որ պետք է վերջ դնել բառախաղին և Իսրայելը վերջապես պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը:

Չարնին ինչ-որ քաղաքական հաշվարկներով չի առաջնորդվել, երբ այդպիսի բան է ասել:

Իսրայելում բոլորն էլ լավ գիտակցում են, որ Չարնին լավ գիտի, թե ինչ է նշանակում Հոլոքոստ եւ Ցեղասպանություն:

 

Տպել էջը