ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին

20 հուլիսի, 2012

Հարց. Ի՞նչ կասեք երեկ Արցախում կայացած հերթական նախագահական ընտրությունների կապակցությամբ:

Պատասխան. Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ազատ, արդար եւ մրցակցային նախագահական ընտրությունները վկայում են Արցախի իշխանությունների և ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը:

Ողջունելի է ընտրություններին մի քանի տասնյակ միջազգային դիտորդների ներկայությունը, որոնց գնահատմամբ ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան:

Չեմ կարծում, որ ժողովրդավար որեւէ երկրի կողմից կարող է վիճարկվել ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանությունների ձեւավորման անհրաժեշտությունը եւ կարեւորությունը:

Միջազգային հանրությունը, բնականաբար, պետք է շահագրգռված լինի հարաբերվելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ, առավելեւս, որ դա նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի համաժողովի անցկացման մանդատով:

Այս ընտրություններով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը:

Տպել էջը