ՀՀ ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը ԱԺ-ում հնչած հարցին

12 սեպտեմբերի, 2012

Ռ.Հակոբյան. Հարցս հետևյալն է. արդյոք ժամանակը չի, որ արտգործնախարարությունը պաշտոնապես արդեն ներկայացնի Մինսկի խմբին որպես պետության կողմից, արտգործնախարարության կողմից պահանջ, որպեսզի այդ խմբի պետությունները ճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և երկրորդը, թե խորհրդարանական, թե գործադիր դիվանագիտությունը, այդ թվում նաև ժողովրդական դիվանագիտությունը, որը մենք այսօր ունենք ի դեմս սփյուռքի, լայնամասշտաբ մարտավարական ծրագիր որդեգրենք այս միջազգային հասարակական կարծիքի ֆոնի վրա, որը կարծում եմ բացարձակ դրական է մեր նկատմամբ, այս հարցի նկատմամբ, որպեսզի աշխատանք տարվի, տոտալ աշխատանք տարվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչելու համար:

Է. Նալբանդյան: Պարոն Հակոբյան, Դուք նշեցիք, որ միջազգային հանրության արձագանքը միանշանակ էր և մեզ համար այսօր ստեղծվել են բարենպաստ պայմաններ: Դա նաև ոչ թե վերջին այս օրերին մեր կողմից ձեռնարկված քայլերի արդյունք է, այլ նաև մեր քաղաքականության, որը վարում ենք այս տարիների ընթացքում: Եվ մենք պետք է հանգիստ շարունակենք այդ քաղաքականությունը, որն ըմբռնում է վայելում միջազգային հանրության կողմից, որը կարող է բերել նմանատիպ միահամուռ արձագանքին և Հայաստանի աջակցությանը:

Այն ինչ հրապարակայնորեն է արտահայտվել հայտնի է: Վերջին օրերի ընթացքում ես տասնյակ հեռախոսազանգեր եմ ստացել տարբեր երկրների արտգործնախարարներից , ներառյալ Եվրոպական Միության, որոնք իրենց լիակատար աջակություն են հայտնում մեր ջանքերին ըմբռնումը մեր վարած քաղաքականության վերաբերյալ:

Կարևոր է նաև այս պայմաններում չձեռնարկել այնպիսի քայլեր, որ մեր տակից խալին չքաշեն: Այնպես որ պետք է շատ զգույշ և ճիշտ ձևով շարունակենք այն քաղաքականությունը, որ մինչ այսօր վարել ենք, որը բերել է և բերում է կոնկրետ արդյունքներ, և միջազգային հանրություն իր աջակցությունն է հայտնում մեզ:

Երբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մենք ասում ենք, որ մեր դիրքորոշումը համահունչ է եռանախագահների մոտեցմանը, իսկ եռանախագահներն ունեն մանդատ միջազգային հանրության կողմից, առնվազն ԵԱՀԿ 56 երկրի կողմից և իրենք արտահայտում են նաև ոչ միայն իրենց, այլև միջազգային հանրության կարծիքը և մենք բազմիցս ենք ասել, որ վերջին այս տարիների ընթացքում մեր դիրքորոշումը համահունչ է համանախագահների մոտեցմանը, ավելին՝ եռանախագահների մոտեցումը համահունչ է մեր մոտեցմանը: Այնպես որ հանգիստ ձևով մենք պետք է շարունակենք այն ինչ արել ենք:

Ռ. Հակոբյան. Ես հասկանում եմ, որ դիվանագիտության շատ փոքր տոկոսն է, որ հրապարակային է, հիմնականում ստվերում է կատարվում և դա ճիշտ է, բայց նաև ասեմ այլ կարծիք, իմ ասածը ավելի շատ հռետորական հարց էր, ես համոզված եմ, որ այս պահին բացառիկ հնարավորություն է ստեղծվել մեր դիվանագիտության համար իսկապես միջազգային ատյաններում արդեն պետական դիրքորոշում ներկայացնելու և այս ֆոնի վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը: Միակ պայմանը իմունիտետ տալ անկախ պետությանը դա միջազգային ճանաչումն է, որը պետք է սկսվի Հայաստանի Հանրապետության կողմից, շնորհակալություն:

Է.Նալբանդյան. Գիտեք, որ անցյալ մեր քննարկման ժամանակ ես ասացի, որ Հայաստանը շարունակելու է իր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, իրականացման եւ դրա միջազգային ճանաչման ուղղությամբ:

Սա է մեր բանակցությունների հիմքը և մեր բանակցությունների նպատակը և որևէ մեկը այլ կարծիք չի կարող ունենալ այս կապակցությամբ: Շնորհակալություն:

Տպել էջը