ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Արմենպրես գործակալության հարցին

26 սեպտեմբերի, 2012

Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք վերջերս Ադրբեջանի կողմից ներկայացրած ֆինանսական պահանջները Հայաստանին:

Հնարավոր չէ գտնել որևէ քանակական չափորոշիչ, որպեսզի գնահատել այն վնասը, որը Ադրբեջանը հասցրել է Ղարաբաղին, Հայաստանին և ինքն իրեն՝ ուժի կիրառման և հայատյացության քաղաքականության պատճառով:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը ի պատասխան՝ Ադրբեջանը հայկական բնակչության մասսայական ջարդեր և էթնիկ զտումներ իրագործեց, ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց, որը բերեց բազմաթիվ զոհերի, բնակավայրերի ավերման, ենթակառուցվածքների ոչնչացման և ԼՂՀ տարածքների մինչ օրս պահպանվող օկուպացիային:

Եվ այսօր, Ադրբեջանի ղեկավարությունը, հերոսացնելով կացինը ձեռքին գիշերային մարդասպանին, հրաժարվելով դիպուկահարների հետքաշումից, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումից, կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումից, և շփման գծում սադրանքներ կազմակերպելով, պատասխանատվություն է կրում մարդկային կորուստների համար, յուրաքանչյուր սպանվածի համար՝ անկախ նրանց ազգությունից:

Թվերի, միջազգային իրավունքի կամ տարածաշրջանի պատմության խեղաթյուրված մեքենայությունները չեն օգնի Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել պատասխանատվությունից՝ ինչպես հակամարտության բոլոր կողմերի կորուստների, այնպես էլ հակամարտության կարգավորման և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ միջնորդների ջանքերի նպատակամղված տորպեդահարման համար:

Տպել էջը