ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին

20 մարտի, 2013


Հարց. Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով շարունակում է հնչել, թե Հայաստանն է պատճառը, որ ղարաբաղյան հարցում պահպանվում է ստատուս քվոն, և որ Հայաստանը չի կարող Ադրբեջանին մրցակից լինել, հետևաբար Հայաստանը պետք է միակողմանի զիջումների գնա։

Պատասխան. Հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության և ստատուս քվոյի պահպանման միակ պատասխանատուն Ադրբեջանն է։ Դրա մասին հայտնի է միջազգային հանրությանը, տեղյակ են եռանախագահները։

Եթե Ադրբեջանը իրոք շահագրգիռ է ստատուս քվոյի փոփոխմամբ, ապա վաղուց պետք է իր համաձայնությունը տված լիներ, այլ ոչ թե մերժեր վերջին տարիներին եռանախագահների կողմից ներկայացված առաջարկությունները։
Իհարկե, Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող մրցակիցներ լինել ժողովրդավարության, հանդուրժողականության, մարդու իրավունքների, տնտեսական ազատությունների, մամուլի, խոսքի և այլ հիմնարար ազատությունների առումներով։ Մեր պետությունների և հասարակությունների զարգացման տրամաբանությունը և ուղղվածությունը հակադարձ համեմատական են։ Ադրբեջանը խորացնում է ավտորիտարիզմի հիմքերը, Հայաստանը՝ ժողովրդավարության։ Դա հստակ երևում է միջազգային համապատասխան կառույցների գնահատականներում և վարկանիշային աղյուսակներում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հսկայական տարբերություն կա։

Ադրբեջանում կարծում են, որ փողով կարող են հեղինակություն ձեռք բերել, բարեկամներ առնել, արձաններ կանգնեցնել, ինչ-ինչ կասկածելի բանաձևեր անցկացնել և դա ներքին լսարանին ներկայացնել որպես ձեռքբերում, բարձր համբավի ապացույց։

Փողի, խավիարի կամ անգամ նավթի առկայությամբ չէ, որ գնահատվում է երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Վերջին տարիներին մենք ականատես եղանք, թե ինչ պատահեց ոչ պակաս հարուստ և ինքնագոհ բռնատիրական ռեժիմների հետ։
 

Տպել էջը