ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի պատասխանը "Արմենպրես" գործակալության հարցին

28 մայիսի, 2014

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` երեկվա ելույթի` ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մասը:

Պատասխան. Ադրբեջանի նախագահի պնդմանը հակառակ, Բաքուն իրականում դրել է Ադրբեջանի և ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմական հակամարտության հիմքը, այլ ոչ թե հակամարտության կարգավորման հիմքերը: Բաքուն դրեց ցեղասպանական քաղաքականության հիմքը` արտահայտված Ադրբեջանի տարածքում հայ բնակչության զանգվածային ջարդերով, Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում և հենց Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականությանը` սանձազերծելով լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:
Ադրբեջանի կողմից հակամարտության կարգավորմանն ուղղված միակ քայլը ձեռնարկվել է 20 տարի առաջ` Հեյդար Ալիևի կողմից, ով գնաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ուղիղ երկխոսության, 1993 թվականի սեպտեմբերի 3-ին սեփական ստորագրությամբ լիազորելով Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ա. Ջալիլովին` «բանակցություններ վարել Ադրբեջանի և ԼՂՀ-ի բարձրագույն ղեկավարների հանդիպում կազմակերպելու համար»:
1993 թվականի սեպտեմբերի 25-ին Մոսկվայում Հ. Ալիևի և ԼՂՀ ղեկավարի միջև կայացած հանդիպումը դրեց բիշքեկյան արձանագրության և 1994 թվականի մայիսին ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև անժամկետ զինադադարի հաստատման հիմքը, որին միացավ նաև Հայաստանը:
Ադրբեջանի այսօրվա նախագահը չի կարող չհասկանալ, որ Ադրբեջանն ի դեմս իր հոր` ԼՂՀ-ն ճանաչելով նվազագույնը որպես հակամարտության կողմ, նպաստել է բանակցային գործընթացում միակ իրական առաջընթացին:
Ակնհայտ է դառնում, որ չափազանց գովաբանելով իր հորը, իսկ ըստ էության «խաչ քաշելով» նրա ձեռնարկների վրա, Ադրբեջանի գործող նախագահը ոչ միայն տորպեդահարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, այլև ուղիղ պահանջներ հնչեցնելով Հայաստանի տարածքների նկատմամբ` սահմանում է նոր զինված հակամարտության հիմքերը:
Եվ այդ ամենը հանուն սեփական նպատակի` պահպանելու բռնատիրական և կոռումպացված հակաազգային ռեժիմը, ապարդյուն փորձերի միջոցով պետական մակարդակով ադրբեջանական հասարակությանը համախմբելով հայերի նկատմամբ ռասիստական ատելություն սերմանելու շուրջ:
Նման ռազմատենչ քաղաքականության հետևանքները լավ հայտնի են, և այդ ուղղությամբ նոր արկածախնդրությունը կունենա աղետալի հետևանքներ, առաջին հերթին, հենց Ադրբեջանի համար: Ադրբեջանի ղեկավարությունը, շարունակելով բռնանալ սեփական ժողովրդի նկատմամբ, այդպես էլ չհասկացավ, որ պետության ուժը հարևան երկրի բնակչության նկատմամբ ատելության մեջ չէ, այլ սեփական ժողովրդի հանդեպ` սիրո:
 

Տպել էջը