Էդվարդ Նալբանդյան. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը դարձավ հայ ժողովրդի հավաքական հիշողության, երախտագիտության և վերածննդի խորհրդանիշ

09 դեկտեմբերի, 2015

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Tert.am» լրատվական կայքին՝ ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ

Հարց. 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ի՞նչ քայլեր ձեռնարկվեցին միջազգային բեմահարթակում։

Էդվարդ Նալբանդյան. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում հազարավոր միջոցառումներ են կայացել ողջ աշխարհում:
Տարելիցին ընդառաջ և այս տարվա ընթացքում կազմակերպված, ինչպես նաև դեռ կայանալիք միջոցառումները միայն կատարված աշխատանքի երևացող մասն են կազմում: Ցանկացած միջոցառում համալիր ջանքերի արդյունք է: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, միջազգային հանրային կարծիքի իրազեկվածության բարձրացման ուղղություններով մեր դիվանագիտությունը ձեռնարկել և ձեռնարկում է համապատասխան քայլեր:

Մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոնսենսուսով ընդունեց մեր կողմից նախաձեռնված՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը: Հայաստանին միացան և բանաձևը համահեղինակեցին յոթ տասնյակից ավելի պետություններ։

Հայաստանի այս նախաձեռնությունն առաջինը չէր. մեր առաջարկությամբ նման բանաձևեր են ընդունվել նաև 2013թ. և դրանից առաջ, ինչը ցեղասպանության հանցագործության կանխարգելման ջանքերում Հայաստանի հետևողականության արտացոլումն է։

Բանաձևը ցեղասպանության հանցագործության ժխտման և արդարացման փորձերը դիտում է որպես ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլերին լուրջ խոչընդոտ:

Մարդու իրավունքների խորհուրդն այդ բանաձևով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային առաջարկեց «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի ընդունման օրը՝ դեկտեմբերի 9-ը, սահմանել որպես ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր, ինչը և հաստատվեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից՝ Հայաստանի նախաձեռնությամբ ընդունված բանաձևով։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին 28 երկիր ներկայացնող Եվրոպական խորհրդարանն ընդունեց հատուկ բանաձև, որը, դատապարտելով ժխտողականությունը, կոչ արեց Թուրքիային առերեսվել իր անցյալի հետ, ճանաչել Հայոց ցեղասպանությունը և, այդպիսով, ճանապարհ հարթել հայ և թուրք ժողովուրդների միջև հաշտության համար:

Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բանաձևեր ընդունվեցին եվրոպական բազմաթիվ այլ կառույցների կողմից։ Հայտարարությամբ հանդես եկան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 40 երկիր ներկայացնող շուրջ երկու հարյուր պատգամավորներ։ Հայտարարություններով հանդես եկան նաև այնպիսի կառույցներ, ինչպիսիք են` Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, Եվրոպական կանաչների կուսակցությունը և այլն։

Հարց. Իսկ եվրոպական մայրցամաքից դու՞րս:

Էդվարդ Նալբանդյան. Այո, ոչ միայն Եվրոպական կառույցները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների 23 օրենսդիր մարմիններ միավորող Լատինամերիկյան խորհրդարանը։

Հոկտեմբերին Երևանում կայացած 80 երկիր ներկայացնող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովն ընդունեց Հայաստանի կողմից նախաձեռնված՝ «Ցեղասպանության կանխարգելման մասին» բանաձևը: Նույն կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը ապրիլի 24-ին հանդես եկավ հայտարարությամբ, որով հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին և աջակցություն հայտնեց հայ ժողովրդին։

Հարց. Դուք ներկայացրիք միջազգային կառույցների կողմից ձեռնարկված քայլերը։ Ի՞նչ կառանձնացնեիք տարբեր առաջնորդների, երկրների արձագանքի առումով։

Էդվարդ Նալբանդյան. Տարբեր երկրների առաջնորդներ ու ղեկավարներ, կառավարություններ և խորհրդարաններ իրենց զորակցությունը հայտնեցին հայ ժողովրդին։

Աշխարհի մեկ միլիարդից ավելի կաթոլիկների հոգևոր առաջնորդ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ը ապրիլի 12-ին՝ Սուրբ Պետրոսի տաճարում անցկացված հատուկ արարողության ժամանակ, կարևորագույն ուղերձ հղեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, որը համաշխարհային հնչեղություն ստացավ:

Մի շարք պետությունների ղեկավարներ ինչպես Երևանում՝ ապրիլի 24-ին, այնպես էլ իրենց երկրներում, մասնակցեցին Մեծ Եղեռնի հիշատակի միջոցառումներին, հանդես եկան կարևոր ուղերձներով։

Նշանակալի է, որ Գերմանիայի Նախագահը, խոսելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ, նշեց այդ ոճրագործության մեջ Գերմանիայի բաժին պատասխանատվության մասին։

Բայց ոչ միայն Գերմանիայի ղեկավարը. դատապարտելով Հայոց ցեղասպանությունը՝ Ավստրիայի օրենսդիր մարմինը նույնպես խոսեց Ավստրո-Հունգարական կայսրության պատասխանատվության մասին:

Ռուսաստանի, Արգենտինայի, Բոլիվիայի, Չիլիի, Պարագվայի, Բրազիլիայի, Կանադայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, այլ երկրների օրենսդիր մարմինները նոր բանաձևեր ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կամ վերահաստատեցին այն։

Աշխարհի տարբեր երկրներում նահանգային, քաղաքային խորհուրդների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ժխտողականությունը դատապարտող հայտարարություններ և բանաձևեր ընդունվեցին, որոնք այս տարի աննախադեպ լայն տարածում ստացան:

Հարց. Պարոն Նալբանդյան, իսկ ինչպիսի՞ արձագանք ունեցավ 100-րդ տարելիցը միջազգային հանրային կարծիքի կողմից։

Էդվարդ Նալբանդյան. Աշխարհի բոլոր մայրցամաքներում հազարավոր հրապարակումներ և հաղորդումներ եղան՝ «CNN», «BBC», «Euronews», «Россия 24», «Russia Today», «France 24», «Al Jazeera», «Deutsche Welle», «Reuters», «RAI», «AFP», «New York Times», «Washington Post», «Le Monde», «Figaro», «Independent», «Times».

Միայն մի փոքր մասը թվարկեցի։ Շատ այլ հեղինակավոր լրատվամիջոցներ իրենց թողարկումներով, հոդվածներով և հարցազրույցներով հզոր տեղեկատվական և իրազեկման ալիք բարձրացրին։ Արդյունքում այն, ինչ նախաձեռնել էր Անկարան՝ նպատակ ունենալով ստվեր գցել, խոչընդոտել Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ աշխարհով մեկ կազմակերպված միջոցառումները, բումերանգի էֆեկտ ունեցավ հենց Թուրքիայի համար՝ տապալելով նրա նախաձեռնությունները։ Հատկանշական է, որ անգամ թուրքական լրատվամիջոցները հարյուրավոր հրապարակումներով հանդես եկան, իսկ ապրիլի 24-ին թուրքական ամենամեծ տարածում ունեցող պարբերականներից «Hurriyet»-ը ծավալուն հարցազրույց հրապարակեց Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ:

Միջազգային հանրային կարծիքի իրազեկման տեսանկյունից կարևոր էր քաղաքագիտական ամենահեղինակավոր հանդեսներից մեկի` Փարիզում հրատարակվող «Politique Internationale»-ի 330 էջանոց, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացառիկ համարի հրապարակումը, որտեղ, ի թիվս այլ հոդվածների, տեղ գտան ՀՀ Նախագահի, Ֆրանսիայի ներկայիս և նախկին Նախագահների հրապարակումները, բազմաթիվ հեղինակավոր ցեղասպանագետների հոդվածներ։ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ համարներ լույս ընծայվեցին մի շարք հեղինակավոր միջազգային ամսագրերի կողմից։

Արտգործնախարարությունն իր կարևոր ներդրումն ունեցավ ապրիլի 22-23-ը Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի կազմակերպման, մասնակիցների՝ ավելի քան 50 երկրներից շուրջ հինգ հարյուր բարձրաստիճան քաղաքական գործիչների, խորհրդարանականների, հոգևորականների, գիտնականների, փորձագետների մասնակցության ապահովման և, ընդհանուր առմամբ, ֆորումի անցկացման հարցում։

Անշուշտ, թվարկվածը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջազգային բեմահարթակում հավուր պատշաճի ոգեկոչման ուղղությամբ կատարված աշխատանքների միայն մի մասն է կազմում:

100-րդ տարելիցը դարձավ հայ ժողովրդի հավաքական հիշողության, երախտագիտության և վերածննդի խորհրդանիշ։ Ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջազգային նոր ալիքը վառ վկայությունն է այն վճռականության, որով մենք առաջնորդվում ենք ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման կարևոր առաքելության մեջ։
 

Տպել էջը