ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հարցին

15 ապրիլի, 2016

Հարց. Ինչպե՞ս կգնահատեք վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումները։

Տիգրան Բալայան. Անտեսելով միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ Ադրբեջանը վերջին օրերին շարունակում է Արցախ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով, Հայաստան-Ադրբեջան սահմանին տարբեր տրամաչափի զինատեսակների, այդ թվում՝ ականանետերի և նռնականետերի կիրառմամբ հրադադարի ռեժիմի խախտումները, որոնց հետևանքով կա 2 զոհ:

Ադրբեջանը կոպտորեն խախտում է ապրիլի 5-ի կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունը, որով վերականգնվել է 1994թ. մայիսի 12-ի՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև համաձայնագրով հաստատված զինադադարը: Ադրբեջանն արհամարհում է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության հորդորները:

Բաքվի կողմից շարունակվող ռազմական գործողությունները կարող են հանգեցնել վտանգավոր հետևանքների, որոնց ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա:

Տպել էջը