ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված «Օղակ» գործողության 25-րդ տարելիցի կապակցությամբ
29 ապրիլի, 201625 տարի առաջ՝ 1991թ. ապրիլի 30-ին, ազդարարվեց Ադրբեջանի՝ հայ ժողովրդի դեմ որդեգրած պետական ահաբեկչության քաղաքականության հերթական դրսևորման մեկնարկը՝ Լեռնային Ղարաբաղի հյուսիսային շրջանների հայ բնակչության ոչնչացումը և հայրենազրկումը: Ադրբեջանի իշխանությունների կողմից մինչ օրս արդարացվող այդ գործողություններին կարելի է տալ միայն մեկ իրավական գնահատական՝ մարդկության դեմ հանցագործություն:
«Օղակ» («Կոլցո») գործողության Ադրբեջանի զինված հրոսակախմբերի իրականացրած դաժանությունները և այդ գործողության մեջ խորհրդային բանակի ներգրավվածությունը համապատասխան գնահատականի են արժանացել միջազգային հանրության կողմից՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ՌԴ, ԱՄՆ օրենսդիր մարմինների և Եվրախորհրդարանի համապատասխան բանաձևերում: Այնուամենայնիվ, Ադրբեջանը չհրաժարվեց հայատյացության, ռասիստական քաղաքականությունից, ինչի վերջին վկայությունն են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան և դրան ուղեկցող վայրագրությունները:
Ադրբեջանի իշխանությունները իրենց ի սկզբանե որդեգրած ուժային քաղաքանությամբ, հայատյացությամբ և ահաբեկչական կազմավորումներին բնորոշ դաժանություններով ապացուցեցին, թե ինչու ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: