ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ՝ Վարշավայում

09 հուլիսի, 2016

Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Հայաստանը մասնակցում է այն մասով, որը վերաբերում է Աֆղանստանին, ավելի կոնկրետ` Աֆղանստանի անվտանգության աջակցման ուժերի առաքելությանը մեր մասնակցությանը։ Գիտեք, որ Հայաստանն արդեն յոթերորդ տարին է, ինչ մաս է կազմում այդ առաքելության, որը 2015թ.-ից վերափոխվեց «Վճռական աջակցության»։ Եվ այդ շրջանակներում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ և գործընկեր երկրների հատուկ նիստ էր գումարվել։ Հայաստանը հենց դրան էր մասնակցում:

Իհարկե, այս գագաթաժողովը նաև տարբեր հանդիպումների լավ հարթակ էր, և Հանրապետության Նախագահը կարևոր հանդիպումներ ունեցավ: Քիչ առաջ հանդիպում կայացավ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, երեկ երեկոյան նաև պետքարտուղար Քերիի հետ: Երկկողմ հարաբերությունների, բազմաթիվ այլ հարցերի հետ միասին քննարկվեցին նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր։ Առաջին հերթին, խոսքը գնում էր այն պայմանավորվածությունների մասին, որոնք ձեռք էին բերվել Վիեննայի և վերահաստատվել Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին։ Ինչպես որ բազմիցս ասվել է, եթե այդ պայմանավորվածությունները իրականացվեն, ապա համապատասխան պայմաններ կստեղծվեն խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Գլխավոր թեման հենց սա էր։ Խոսքը գնում է հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին։ Եռանախագահող երկրները ներկայացրել են կոնկրետ առաջարկներ։ Իսկ Ադրբեջանը ձևացնում է, թե չգիտի ինչի մասին է խոսքը։ Եռանախագահող երկրները բավական մանրամասն առաջարկներ են ներկայացրել, և Հայաստանը արձագանքել է և տվել է իր, ընդհանուր առմամբ, դրական կարծիքը այս մեխանիզմի ստեղծման առնչությամբ:

Սա առաջին անգամը չէ։ Գիտեք, որ տարիներ շարունակ է այս նախաձեռնությունը քննարկվում։ Դա եռանախագահող երկրների նախաձեռնությունն է։ Դեռ 2011, 2012թթ. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայացած գագաթաժողովների արդյունքում հրապարակվեցին համապատասխան հայտարարություններ, որոնցում հստակ նշվում էր այս մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության մասին։ Բայց ամեն անգամ Ադրբեջանը հետ քայլ էր կատարում: Այս անգամ ևս Վիեննայից և Սանկտ-Պետերբուրգից հետո Ադրբեջանը փորձեր է կատարում հետ կանգնել այդ պայմանավորվածություններից` ձևացնելով, թե նման բան ընդհանրապես ձեռք չի բերվել։ Չնայած եռանախագահող երկրները Վիեննայի գագաթաժողովի արդունքում հրապարակած իրենց հայտարարության մեջ հստակ ասում էին, որ հենց նախագահները պայմանավորվել են այդպիսի մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:

Երկրորդ պայմանավորվածությունը վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորությունների ընդլայնմանը և թվաքանակի ավելացմանը: Նույն պատմությունն է. չնայած Վիեննայից և Սանկտ-Պետերբուրգից բավական ժամանակ է անցել, բայց Ադրբեջանը ամեն կերպ խոչընդոտում է նաև այս պայմանավորվածության իրագործմանը: Սրանց էին նվիրված հիմնական քննարկումները:

Նաև դրա մասին էինք խոսում եռանախագահների հետ, երեկ Վարշավայում կայացած իմ հանդիպման ժամանակ։ Կարծում եմ, որ այս պայմանավորվածությունների շուրջ մենք շարունակելու ենք քննարկումները. տեսնենք, թե ինչպես կարելի է իրագործել դրանք:

Ամեն դեպքում եռանախագահող երկրները, ԵԱՀԿ գործող նախագահը` Գերմանիայի արտգործնախարարը, բավական հաստատակամ են: Եվ պարոն Շտայնմայերը, երբ Հայաստանում էր, դրա մասին ասաց, և դրանից առաջ էր նաև հայտարարել՝ դեռ հունվարին իր ելույթում. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու պահին ինքն աջակցեց այս մեխանիզմի ստեղծմանը: Եվ հիմա էլ հաստատակամ են, որ պայմանավորվածությունները պետք է հարգվեն, կատարվեն: Հնարավոր չէ հանդիպումից հանդիպում որևէ հարցի շուրջ պայմանավորվել, և կողմերից մեկը հետ քայլ անի։ Դրանով այդ կողմը կորցնում է իր նկատմամբ վստահությունը, որ կարելի է այդ երկրի հետ ընդհանրապես բանակցել և ինչ-որ բանի վերաբերյալ պայմանավորվել:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին։ Գիտեք, որ ՆԱՏՕ-ն ընդհանրապես չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները բազմիցս ասել են այդ մասին: Եվ այն ձևակերպումները, ես կասեի` ընդհանրական ձևակերպումները, որոնք վերաբերում են հիմնախնդիրների կարգավորմանը, որոնք տեղ են գտնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովների հայտարարություններում, հռչակագրերում, Ադրբեջանը փորձեր է կատարում ձևացնել, թե դրանք աջակցություն են պարունակում իր մոտեցումներին: Իհարկե, դա այդպես չէ:

Բաքուն փորձում է դրանով հիմնավորել իր ռազմատենչ հայտարարությունները, գործողությունները, քաղաքականությունը, որոնք հակադրվում են միջազգային հանրության մոտեցմանը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ: Գիտեք, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան` երկու եռանախագահող երկրները Հյուսիս-ատլանտյան դաշինքի մաս են կազմում, և, Ռուսաստանի հետ համատեղ՝ որպես համանախագահ երկրներ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող, պետությունների ղեկավարների մակարդակով արված, հինգ հայտարարություններում հստակ արտահայտվել են այն սկզբունքների, այն տարրերի վերաբերյալ, որոնք հիմք պետք է հանդիսանան հիմնախնդրի կարգավորման համար:

Հենց այս հայտարարություններն է փորձում անտեսել Ադրբեջանը և ամեն կերպ խոչընդոտում է որևէ հղում կատարել այդ հայտարարություններին, որոնք հիմք են հանդիսանում բոլոր հին և նոր առաջարկների և գաղափարների համար` որոշ ձևակերպումների նյուանսների փոփոխություններով։ Բայց առաջարկների էությունը մնում է նույնը, և դրանք հիմնված են հենց այն հինգ հայտարարությունների վրա: Իսկ Հայաստանը բազմիցս է ասել, որ պատրաստ է այդ առաջարկների հիման վրա համանախագահ երկրների հետ շարունակել ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: 

Տպել էջը