ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին
10 հունվարի, 2017Հարց. Պարոն նախարար, ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ տարածած հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիոն հարձակման փորձի վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյան. Համանախագահներն անդրադառնում են նրան, ինչի մասին մենք մշտապես հետևողականորեն բարձրաձայնում ենք: Համաձայն ենք նրանց հետ, որ հրադադարի խախտումներն անընդունելի են: Համաձայն ենք, որ պետք է անվերապահ իրականացվեն Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ, ինչպես նշում են համանախագահները՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներդրվի միջադեպերի հետաքննության մեխանիզմը: Եռանախագահ երկրները բազմիցս են նշել, թե որ կողմն է մերժում մեխանիզմի ներդրումը, հետևաբար, հենց այդ կողմի վրա է ընկնում միջադեպերի և զինադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը։ Նման մեխանիզմը հնարավորություն կընձեռնի, ինչպես համանախագահներն են ասում, ձերբազատվել փոխադարձ մեղադրանքներից: Թեև, երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում, բոլորի համար առանց մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել:
Հուսով ենք, որ եռանախագահները հետևողական կլինեն` անհապաղ խստորեն արձագանքելու հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի յուրաքանչյուր դրսևորմանը` հատկապես, երբ հրադադարի խախտման արդյունքում զոհեր են լինում: Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի, թե իր գործողությունները կարող են հանդուրժվել։ Ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են բազմիցս շեշտել՝ 1994-1995թթ զինադադարի եռակողմ համաձայնագրերի անվերապահ կատարումը պարտադիր է, դրանց խախտումների հետևանքով արձանագրված միջադեպերն անընդունելի են և լուրջ վնաս են հասցնում կարգավորման գործընթացին:
Այն պայմաններում, երբ Ադրբեջանը խոչընդոտում է հետաքննության մեխանիզմի ներդրումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումը, համանախագահները մնում են այն եզակի ձևաչափը, որն իր մանդատի համաձայն կարող է և պետք է շարունակի իր կանխարգելիչ գործունեությունը: