Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հարցազրույցը Tert.am լրատվական կայքին
11 մայիսի, 2017Հարց. Պարոն Նազարյան, ՀՀ-ԵՄ համագործակցության նոր համաձայնագրի նախաստորագրումից հետո հաջորդող խմբագրման, սրբագրման աշխատանքները ի՞նչ փուլում են:
Կարեն Նազարյան. Հայաստանը և ԵՄ՝ այսինքն Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի կողմերը, արդեն իսկ սկսել են տեքստի իրավական հղկման (սրբագրման) և խմբագրման աշխատանքները, միաժամանակ ընթացքում են համաձայնագրի տեսքտի թարգմանության աշխատանքները՝ ԵՄ անդամ պետությունների պաշտոնական լեզուներով և հայերենով, քանի որ բանակցություններն ընթացել են տեքստի անգլերեն տարբերակի շուրջ: Այնուհետև, համաձայն ՀՀ օրենսդրության, կապահովվի հայերեն լեզվով տեքստի նույնականացման հաստատումը և տեքստի սրբագրումը և այն ստորագրման նախապատրաստելու տեխնիկական աշխատանքները:
Հարց. Մինչ համաձայնագրի ստորագրումը ի՞նչ ընթացակարգեր են ընթանում կամ նախատեսվում:
Կարեն Նազարյան. Մինչ ստորագրումը նախատեսված են հետևյալ ընթացակարգերը. նախաստորագրում որն ինչպես հայտնի է արդեն տեղի ունեցավ այս տարվա մարտին Երևանում, իրավական սրբագրում և թարգմանություն որի մասին արդեն խոսեցի և Համաձայնագրի ստորագրում: Դրանից հետո կապահովվեն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: Իրենց հերթին ԵՄ անդամ պետությունները ևս պետք է ապահովեն իրենց պետությունների օրենսդրությամբ նախատեսված ներպետական ընթացակարգերը և Համաձայնագիրն ուժի մեջ կմնտնի Կողմերից այդ ընթացակարգերն ավարտելու մասին վերջին ծանուցումը ստացվելու օրվանից:
Հարց. Արդյոք հստակեցվե՞լ են համաձայնագրի ստորագրման ժամկետները: Ե՞րբ տեղի կունենա ստորագրումը:
Կարեն Նազարյան. Կողմերի ցանկությունն է համաձայնագիրը ստորագրել մինչև տարեվերջ, իսկ եթե ավելի հստակ ապա՝ այս տարվա նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընթացքում։
Հարց. Նախատեսվո՞ւմ է համաձայնագրի տեքստի հրապարակում: Եթե այո, ապա ե՞րբ:
Կարեն Նազարյան. Համաձայնագրի տեքստը հայկական կողմից կհրապարակվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Հարց. Համաձայնագրի ստորագրմանը նախորդող ընթացակարգերի արդյունքում կա՞ն արդյոք փոփոխություններ փաստաթղթի բովանդակային մասում: Եթե այո, ապա ի՞նչ փոփոխություններ են դրանք:
Կարեն Նազարյան. Համաձայնագրի բանակցությունների ավարտից ու նախաստորագրումից հետո չի նախատեսվում բանակցված տեքստում փոփոխություններ։ Համաձայնագրի նախաստորագրումը նշանակում է, որ դրա տեքստը համաձայնեցվել է Կողմերի միջև: