ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Բանաձև» հաղորդաշարին

31 մայիսի, 2018

Հարց. Պարո՛ն Մնացականյան, նախ շնորհակալ եմ մեզ միանալու համար, և առաջին հարցը: Ինչպե՞ս են ընթանում բանակցությունները Վրաստանի ղեկավարության հետ:

Զոհրաբ Մնացականյան. Շատ ջերմ և շատ պրագմատիկ:

Հարց. Օրակարգային հարցերը արդեն պա՞րզ են, կա՞ արդեն համաձայնություն որոշակի համաձայնեցված հարցերի շուրջ:

Զոհրաբ Մնացականյան. Գիտեք, ամենակարևոր համաձայնություններն այն են, որ բավական պրագմատիկ ձևով երկու վարչապետերը համակարծիք էին, որ մենք ունենք համապատասխան կառույցներ, որոնց շրջանակներում մենք քննարկում ենք մեր ողջ երկկողմ օրակարգը, և այդ շրջանակների մեջ նպատակ ունենք գնահատելու այն ծրագրերը, որոնք արդեն ընթանում են, գնահատելու դրանց ընթացքը, գնահատելու տարբեր խնդիրներ, որոնք կապված են դրանց հետ, գնահատելու այն նոր աշխատանքները, այն նոր ծրագրերը, որոնք մենք կարող ենք ի հայտ բերել և մեր օրակարգում ընդգրկել: Եվ նաև ավելի երկարաժամկետ ռազմավարական ուղեցույց ունենալ մեր երկկողմ հարաբերություններում:

Հարց. Պարո՛ն Մնացականյան, անցած շաբաթ ակտիվ քննարկում էր աբխազական երկաթգծի բացման հնարավոր հանգուցալուծումը: Ռուս-վրացական բանակցություններ են տեղի ունենում: Արդյո՞ք շոշափվել է այս երկաթգծի բացման հեռանկարը:

Զոհրաբ Մնացականյան. Մենք հիմա տեղեկանում ենք՝ ինչպես է այդ գործընթացը գնում, այն դեռևս ընթացքի մեջ է:

Հարց. Պարո՛ն Մնացականյան, վաղը նախատեսված է վարչապետի այցը Ջավախք, ինչը նման մակարդակով առաջին այցն է տարածաշրջան վերջին մոտ քսան տարվա ընթացքում: Այցը ճանաչողակա՞ն է, թե կփորձեք տեղում որոշակի առումով լուծել ջավախահայության խնդիրները:

Զոհրաբ Մնացականյան. Այդ հարցը ընդհանուր մեր մեծ օրակարգի հարցերից մեկն է, և շատ հատկանշական և խորհրդանշական է, որ երկու վարչապետերը, երկու կառավարություններն ունեն բավական տրամադրվածություն և միասին նպատակաուղղված աշխատանք տանելու մտադրություն: Այդ այցելությունը Ջավախք նաև ցույց է տալիս երկու կառավարությունների ղեկավարների մտադրությունները:

Հարց. Պարո՛ն Մնացականյան, ես գիտեմ, որ Դուք ունեք բավական հագեցած օրակարգ և մի քանի հարցեր, որոնք որ այս օրերին հրատապ են: Օրինակ, Դուք պաշտոնավարման երկրորդ օրը պաշտպանության նախարարի հետ այցելեցիք Նախիջևանի դիրքեր: Այսօր սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվել, որ սահմանին ադրբեջանական ուժերը նոր հենակետեր են կառուցել՝ զբաղեցնելով գերիշխող դիրքեր: Ո՞րն է Հայաստանի պատասխանը Բաքվի այս գործողություններին:

Զոհրաբ Մնացականյան. Ձեզ պաշտպանության նախարարն ավելի հստակ կպատասխանի Ձեր կողմից բարձրացրած հարցերին: Բայց նաև մեր այցի նպատակը կանխարգելիչ էր այն առումով, որ նման հարցերը մեր ուշադրության կենտրոնում են՝ և պաշտպանության նախարարի համար, և ինձ համար: Մենք արդեն նշել ենք, որ ցանկացած զարգացում, որը խոչընդոտելու է բանակցային գործընթացին, անընդունելի է լինելու և բացասական ազդեցություն է ունենալու բանակցային գործընթացի վրա: Մենք բոլոր ջանքերը պետք է ներդնենք, որպեսզի խուսափենք նման զարգացումներից: Մենք, այսինքն՝ բոլոր կողմերը, տվյալ դեպքում խոսքն Ադրբեջանին է վերաբերում, պետք է խուսափենք ցանկացած նման զարգացումից:

Մենք մտադիր ենք ներգրավված մնալ գործընթացի, բանակցությունների մեջ, մենք մտադիր ենք բանակցությունները վարել՝ խաղաղ ճանապարհով կարգավորմանը հասնելու նպատակով: Մենք դա անելու ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: եվ որևէ գործողություն, որը խափանում է խաղաղությանն ուղղված միջավայրի մթնոլորտին, պետք է բացառվի:

Հարց. Պարո՛ն Մնացականյան, Երևանը մշտապես ընդգծում է, որ անհրաժեշտ է վստահության մթնոլորտ՝ կարգավորման համար: Խոսքը ղարաբաղյան բանակցությունների մասին է: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ մթնոլորտը: Ի՞նչ պետք է անի Ադրբեջանը: Եվ վստահաբար, որքան հասկանում եմ, Նախիջևանյան դիրքերի ամրապնդումն այդ քայլերից մեկը չէ:

Զոհրաբ Մնացականյան. Դուք մեկ օրինակ բերեցիք: Դրան են վերաբերում նաև հայտարարությունները, որ պարբերաբար հնչում են Բաքվից, որոնց էությունը, բովանդակությունը վկայում է հակառակի մասին, վկայում է այն մասին, որ պահպանվում են նման ձևակերպումներ, նման հայտարարություններ, որոնք որևէ կերպ չեն կարող գնահատվել` որպես խաղաղությանը միտված մթնոլորտին նպաստող: Սա մեզ համար շատ էական, շատ կարևոր հարց է բանակցային գործընթացի կոնտեքստում: Բանակցությունները չեն կարող ընթանալ այնպիսի միջավայրում, որտեղ գոյություն ունի թշնամության մթնոլորոտ: Չի կարող լինել մի բան, որը չի նպաստում նորմալ, բնականոն գործընթացին, որը չի նպաստում իրական խաղաղության հաստատմանը:

Հարց. Պարո՛ն նախարար, հունիսին համանախագահների հետ եք հանդիպելու: Արդյո՞ք այս պահին քննարկվում է Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման հնարավորությունը և Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու հարցը:

Զոհրաբ Մնացականյան. Եկեք չշտապենք: Դուք արդեն լսել եք, որ ես հեռախոսազրույց եմ ունեցել տարբեր պաշտոնյաների հետ, ովքեր անմիջական դերակատարություն ունեն այդ գործընթացում: Սա շարունկվելու է: Մենք նպատակաուղղված, հաշվարկած քայլերով շարունակում ենք այս գործընթացը: Անմիջական շփումները կլինեն այն ժամանակ, երբ կհասնենք այդ պահին: Ես չեմ խոսում ամիսների մասին, ես խոսում եմ շաբաթների մասին: Մենք այդ գործընթացի մեջ ենք:

Հարց. Ինչպե՞ս ենք մենք տրամադրված: Այսինքն՝ կառաջարկե՞նք ինչ-որ նախապայմաններ Բաքվին, թե՞ կշարունակենք այնտեղից, որտեղից կիսատ են մնացել բանակցությունները:

Զոհրաբ Մնացականյան. Գոյություն ունի գործընթաց: Մենք դա գնահատում ենք, մենք պատրաստվում ենք և մտադիր ենք անել այն, ինչ մինչ օրս արվել է, և դրա հիման վրա կառուցել գործընթացը: Մենք խոսել ենք շարունակականության մասին, խոսել ենք խաղաղ, բանակցությունների միջոցով կայուն խաղաղություն ապահովելու մասին:

Հարց. Եվ վերջին հարցը, պարո՛ն նախարար: Միացյալ Նահանգները վերականգնում է Իրանի դեմ պատժամիջոցները և շատ խիստ մոտեցում է որդեգրում Իրանի հետ հարաբերությունները չխզող իր գործընկերների նկատմամբ: Մենք այս ուղղությամբ աշխատո՞ւմ ենք, ո՞րն է մեր մոտեցումը: Որովհետև հասկանալի է, որ Իրանը մեր հարավային հարևանն է, մեր հիմնական կոմունիկացիան, և մենք պարզապես չենք կարող որևէ հարաբերություն չունենալ Թեհրանի հետ:

Զոհրաբ Մնացականյան. Մենք մեր դիրքորոշումը արտահայտել ենք այն ժամանակ, երբ ընդունվել է ՄԱԿ-ի համապատասխան բանաձևը 2015 թվականին. մենք ողջունել ենք համատեղ, համապարփակ գործողությունների ծրագիրը: Մեզ համար Իրանի հետ հարաբերություններն ունեն կենսական նշանակություն, մենք ունենք կառուցած, ձևավորած հարաբերություններ Իրանի հետ: Մենք զգայուն ենք այս հարցերի նկատմամբ: Մենք նկատի ունենք նաև Անվտանգության խորհրդի բանաձևի դերակատարությունը և համագործակցություն ունենք Միացյալ Նահանգների հետ:

Այս ամենը համադրում ենք, ինչպես նաև ի հայտ ենք բերում ու բացատրում, ակնհայտ ենք դարձնում այն կենսական շահերը, որոնք առկա են Հայաստանի համար բոլոր հարցերում, որոնք վերաբերում են Իրանի հետ հարաբերություններին:

 

Տպել էջը