ՀՀ ԱԳ նախարարի ճեպազրույցը ռուանդական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ
06 ապրիլի, 2019
Հարց. Խնդրում եմ ներկայացրեք Ռուանդա այցի հիմնական մասը։
Զոհրաբ Մնացականյան. Գիտեք, Հայաստանը և Ռուանդան կարծում եմ միասին աշխատելու հսկայական ներուժ ունեն՝ ի նպաստ մեր երկու երկրների, երկու ժողովուրդների։ Մենք կիսում ենք ընդհանուր ողբերգական պատմություն և այդ կորստի, այդ հսկայական հանցագործության բեռը հաղթահարելու և վերացնելու փորձը։ Մենք Ռուանդայի հետ համատեղ աշխատում ենք միջազգային մակարդակով ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ։ Ելնելով մեր սեփական, մեր ժողովրդի փորձից՝ մենք գիտենք, որ եթե խնդրին չես անդրադառնում, եթե չես պայքարում այդ հանցագործության դեմ, ապա այն հետապնդելու է սերունդներին: Այն հետապնդում է մեր ժողովրդի սերունդներին, քանի որ ողբերգության խորությունը զազրելի է։
Ուստի մենք պետք է գործենք և աշխատենք միասին: Հայաստանը և Ռուանդան լուրջ և կարևոր ներդրում են կատարում ցեղասպանությունների, զանգվածային վայրագությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում: Մենք մտադիր ենք շարունակելու աշխատել միասին: Մենք նաև զարգացման հսկայական ներուժ և փորձ ունեցող երկրներ ենք, կարծում եմ, որ մենք այստեղ ունենք նաև ընդհանրություններ: Մենք ունենք ունենք խելացի զարգացման միջոցով մեր երկրի, ժողովրդի կարողություններն ուժեղացնելու և ընդլայնելու փորձառություն: Մենք հետևում էինք Ռուանդայում տեղի ունեցող հետաքրքիր զարգացումներին և նաև, թե դուք ինչպես էիք շեշտադրում խելացի զարգացման օրակարգը: Ձեր երկիրը և ձեր նախագահը կանգնած են Smart Africa կենտրոնի և Աֆրիկայի խելացի զարգացման նախաձեռնության ակունքներում: Սա անչափ մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Մենք Հայաստանում շատ մեծ աշխատանք ենք տանում այս ուղղությամբ։
Մենք բարձր տեխնոլոգիաների, նորարարության, խելացի լուծումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտում շատ մեծ ու շատ կարևոր զարգացում ենք գրանցում։ Մենք շատ հետաքրքիր օրինակներ և փորձ ունենք։ Եվ դուք էլ ձեր փորձն ունեք։ Մենք պատրաստ ենք զարկ տալ երկու ժողովուրդների միջև լավ համագործակցությանը, հատկապես այս ոլորտում։ Կան տարբեր ոլորտներ, որտեղ մենք կարող ենք համագործակցել և մենք պատրաստ ենք դա նույնպես կյանքի կոչել։ Իմ այցը հագեցած է կարևոր և հետաքրքիր հանդիպումներով. ես հենց նոր հանդիպում ունեցա խորհրդարանի նախագահի և նախագահի տեղակալների հետ։ Հետաքրքիր քննարկում ունեցանք և շահագրգռված ենք այցի մնացյալ հատվածով։ Իմ այցն ունենալու է նաև երկրորդ հատվածը. ծրագրի մի մասը նվիրված է մարդու իրավունքների ոլորտում մեր համագործակցության, ցեղասպանությունների կանխարգելման և զանգվածային վայրագությունների կանխարգելման շուրջ քննարկումներին։
Իմ այցը կենտրոնանալու է նաև Հայաստանի և Ռուանդայի ժողովուրդների միջև համագործակցության զարգացման վրա: Եվ իհարկե, իմ այցի կարևորագույն մասն է կազմում ապրիլի 7-ը: Ես այստեղ եմ եկել հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության անունից՝ մեր համերաշխությունը հայտնելու Ռուանդայի կառավարությանը և ժողովրդին՝ Ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված հիշատակման միջոցառումների անցկացման կապակցությամբ, և հենց սա է մեր այցի հիմնական նպատակը: Այցի ժամկետների ընտրության հարցում մեր ուշադրությունը կենտրոնացրել էինք հենց ապրիլի 7-ի վրա: Ահա թե ինչու եմ ես այստեղ և հուսով եմ, որ, լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, մենք արդեն իսկ համատեղ աշխատելու ուղեգիծ ունենք:
Մենք հոկտեմեբեր ամսին մեծ ուրախությամբ հյուրընկալեցինք ֆրանկոֆոն ընտանիքին Երևանում՝ գագաթաժողովի շրջանակներում: Սա համագործակցության համար կարևոր, շատ օգտակար հարթակ է՝ շատ ամուր ներուժով։ Սա նաև հարթակ է, որ միավորում է մեր երկու ժողովուրդներին, մեր երկրներին։ Եվ մենք շատ շնորհակալ ենք, որ կարողացանք աշխատել նորանշանակ գլխավոր քարտուղարի` իմ լավ բարեկամ և հրաշալի անձնավորություն տիկին Լուիզ Մուշիկիվաբոյի հետ, ում նշանակումը տեղի ունեցավ Երևանյան գագաթաժողովի ժամանակ։Մենք բարձր ենք գնահատում մեր ժողովուրդների միջև բարեկամությունը և շահագրգիռ ենք քննարկելու Ռուանդայի և Հայաստանի միջև համագործակցության ամենատարբեր հարթակները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներով։
Ֆրանկոֆոնիան հենց այդպիսի հարթակ է: Հավատացած եմ, որ Ռուանդայի և Հայաստանի անդամակցությունը բազմակողմ ինտեգրացիոն հարթակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՏՄ-ն, Աֆրիկյան Միությունը, ևս կարող է նպաստել մեր երկրների միջև երկկողմ համագործակցության ամրապնդմանը: Խորապես հավատացած եմ, որ Հայաստանի և Ռուանդայի միջև առկա է հստակ ներուժ՝ համատեղ աշխատանքով հզորացնելու և զարգացնելու մեր ժողովուրդներին և բնակչությանը: Ես մեծապես հանձնառու եմ դրան:
Հարց․ Շնորհակալ եմ։ Բայց որքա՞ն էր Հայոց ցեղասպանության զոհերի թիվը, ոմանք նշում են 1․5 միլիոն, մյուսները՝ 800 հազարից մինչև 1,8 միլիոն։ Մենք կցանկանայինք իմանալ զոհերի քանակը, և ե՞րբ է տեղի ունեցել ցեղասպանությունը։
Զոհրաբ Մնացականյան․ 1915թ․ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը սկսվել է ըստ նախապես մշակված ծրագրի, որի նպատակն ամբողջ ժողովրդի ոչնչացնումն էր՝ պայմանավորված ազգային պատկանելությամբ: Եվ հենց այս իրադարձություններն էին, որոնք ընկած են իրավաբանների և գիտնականների, մասնավորապես՝ ցեղասպանության մասին կոնվենցիայի հիմնադիր և հեղինակ Ռաֆայել Լեմկինի հետազոտությունների հիմքում, ով իր ամբողջ կարիերան նվիրեց այս երևույթի ուսումնասիրությանը՝ փորձելով հասկանալ, թե ինչու են տեղի ունենում նման երևույթներ։ Հետագայում նա հեղինակեց ցեղասպանության եզրույթը և իրավական ուժ հաղորդեց դրան։ Միջազգային հանրությունը ընդունեց ցեղասպանության մասին կոնվենցիան 1948 թվականին, որի հիմնական աղբյուրը կազմում էր Հայոց ցեղասպանության մասին ուսումնասիրությունը։
Գիտեք ինչն է ամենաանհանգստացնողը․ դրանք մի քանիսն են: Առաջինը, մենք ձախողել ենք այդ ոճրագործության ճանաչման գործում։ Մենք ձախողել ենք ճանաչել սերունդներին հասցված այն վնասը, երբ արդարությունը ժխտվում է։ Այժմ հինգերորդ սերունդն է, ովքեր հանդիսանում են ցեղասպանություն վերապրածներ կամ դրանց հետնորդներ։ Մենք գիտենք ցեղասպանության աղետի խորությունը: Դա տեղի է ունեցել հայերի հետ, որին հետևել են Հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը։
Ամեն անգամ մենք՝ միջազգային հանրությունը, բարձրաձայնում ենք «այլևս երբեք», սակայն դա բավարար չէ: Ինքներս մեզ հարց ենք տալիս՝ արդյոք ցուցաբերում ենք ծանրակշիռ մոտեցում, արդյոք դա բավարար է, արդյոք մենք բավարար ուշադրություն ենք դարձնում ցեղասպան հակվածությունների նախանշաններին, որոնք կարող են կանխորոշվել առավել վաղ փուլում։ Արդյոք մենք կիրառում ենք վաղ արձագանքում՝ կանխարգելելու համար, թե թույլ ենք տվել, որ այն հանգեցնի աղետի։
Դրանք շատ կարևոր և դժվարին դասեր են եղել մեզ համար: Մենք հավատում ենք, որ բոլոր նախանշանները տեսանելի են: Ազգերը, նախևառաջ պետությունները միջազգային հանրությունը պարտավոր է հավաքական կերպով արձագանքել նախանշաններին և երբեք թույլ չտալ, որպեսզի դրանք հասնեն մի կետի, երբ փլուզվում է ողջ համակարգը: Մինչ օրս մենք՝ հայերս, բախվում ենք Ցեղասպանության հերքմանը:
Բայց մենք մեզ համարում ենք հաղթողներ, քանի որ մենք պետք է բնաջնջված լինեինք երկրի երեսից: Բայց այսօր մենք ինքնավստահ ժողովուրդ ենք՝ հզոր և հպարտ իր ինքնությամբ, պատմությամբ, քաղաքակրթութամբ, որը բարգավաճող համայնքներ ունի աշխարհի տարբեր ծայրերում, ունի ազգային պետություն, երկիր: Եվ սա է մեր պատասխանը նրան, ինչը կոչված էր իսպառ բնաջնջելու մեզ: Մյուս կարևոր հարցն այն է, որ ժխտված ցեղասպանությունը, ցեղասպանության ճանաչման ժխտումը, ժխտողականությունը շատ ցավալի է, որը հետապնդում է սերունդների: