ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը «Վալդայ» համաժողովին Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ
04 հոկտեմբերի, 2019Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որևէ նոր բան չկար: Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական և հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին, որոնք ենթադրում էին ժողուվուրդներին խաղաղության նախապատրաստում:
Հենց այդ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառությունն առավել գործնական հարթություն բերելու նպատակին էր ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված բանաձևը, համաձայն որի հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովորդների համար:
Այս բանաձևն ուղղված է բոլոր կողմերի համար փոխզիջումների գաղափարն ընդունելի դարձնելուն, խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման գործում հասարակություններին ներգրավմանը, ինչպես նաև իրենց ժողովուրդների առջև ղեկավարների պատասխանատվության և հաշվետվողականության ամրագրմանը:
Պատասխանելով հայկական կողմի այս առաջարկությանը՝ Ադրբեջանի նախագահը որևէ հղում չկատարեց տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը, այլև նույնիսկ կասկածի տակ դրեց սեփական պատմական հայրենիքում ապրող Արցախի ժողովրդի գոյության փաստը:
ԼՂ հիմնահարցում իր առավելապաշտական մոտեցման հիմնավորման համար Ադրբեջանը մշտապես գործի է դրել Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի ապամարդկայնացման հռետորաբանություն: Այդ ապամարդկայնացման դրսևորումներից են Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովի ներումը և հերոսացումը, Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ժամանակ խաղաղ բնակչության և զինծառայողների հանդեպ իրականացված վայրագությունները, Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող տարածքների հայաթափումը և Ադրբեջանի տարածքում հայկական պատմական ներկայության և հետքի վերացումը:
Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները և Արցախի ժողովրդի ապամարդկայնեցումն անվտանգության գոյաբանական սպառնալիք են ստեղծում Արցախի ժողովրդի համար: Դրա արդյունավետ դիմակայումը համահայկական խնդիր է, ինչը լավագույնս ձևակերպված է Ստեփանակերտում օգոստոսի 5-ին Արցախի ժողովրդի առջև ՀՀ իշխանությունների ստանձնած հանձնառությամբ:
Հայաստանը վստահ է, որ խնդրի խաղաղ կարգավորումը և տարածաշրջանում ժողովրդավարության հաղթանակն այլընտրանք չունեն և այդ տեսակետից կարևորում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը: