ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանները Թյուրքական խորհրդի նիստին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից արված հայտարարությունների վերաբերյալ հարցերին
16 հոկտեմբերի, 2019Հարց. Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը: Իր հերթին, Թուրքիայի նախագահն էլ հայտարարել է, որ իրենք կանեն հնարավոր ամեն բան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ապահովելու համար: Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունները:
Պատասխան. Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) 7-րդ գագաթաժողովին Ադրբեջանի նախագահը հերթական անգամ կրկնեց Հայաստանի և հայկական տարածքների հանդեպ իր նկրտումները՝ այս անգամ դրանք համեմելով պանթուրքիստական շեշտադրումներով:
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության աղավաղված ընկալումը և մոտեցումները՝ հիմնված ռասիզմի և խտրականության վրա, խոչընդոտում են հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, նպաստում են տարածաշրջանում և դրանից դուրս անկայունության խթանմանը:
Այս ամենը նաև ընդգծում է մեզ համար տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության ապահովման առաջնահերթությունը։
Հարց. Թուրքիայի նախագահն իր խոսքում նաև նշել է, որ Թուրքիան իր պատմության ոչ մի ժամանակաշրջանում քաղաքացիական բնակչության կոտորած չի իրականացրել և չի իրականացնի:
Պատասխան. Այն բանից հետո, երբ այս տարվա ապրիլի 24-ին իր հայտարարությունում Թուրքիայի նախագահը փորձ արեց արդարացնելու հայ ժողովրդի նկատմամբ իր պատմական հայրենիքում իրականացված ցեղասպանությունը, այս թեմայով Թուրքիայի նախագահի որևէ հայտարարություն արժանի չէ մեկնաբանության: