ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանները ԱԺ պատգամավորների հարցերին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում
13 նոյեմբերի, 2019Արման Աբովյան. Պարոն Մնացականյան, օրեր առաջ Դեր Զոր ավտոմայրուղում սպանվել էր Հայ Կաթողիկե եկեղեցու հայր Հովսեփը: Արդեն իսկ կա տեղեկություն, որ սպանության հետևում կանգնած են ԻԼԻՊ-ը՝ տերորիստները: Հայ բնակչության անվտանգությունը Սիրիայում մնում է արդիական: Կցանկանայի լսել, թե ի՞նչ վիճակ է հիմա Սիրիայում, ի՞նչ է կատարվում, և ի՞նչ արձագանք մենք տվեցինք, և տալու ենք, և ունե՞նք արդյոք որոշակի քայլերի տրամաբանություն:
Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ Ձեզ, պարո՛ն Աբովյան, հարցի համար, որը չափազանց մտահոգիչ է մեզ համար:
Արդեն հոկտեմբերի 9-ից սկսած մենք մոբիլիզացրինք մեր բոլոր ռեսուրսները, որպեսզի կառուցենք անհրաժեշտ խողովակները, անհրաժեշտ մեխանիզմները՝ հետևելու իրադարձություններին, զարգացումներին և հաշվարկելու այն քայլերը, որ մենք կարող ենք անել: Այն, ինչ կատարվեց երկու օր առաջ, ուղղակի մեծ ցավ է, և գիտեք, որ արտգործնախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ և խստորեն դատապարտեց այդ սպանությունները:
Այդ առումով մեկ հայտարարությունով չենք սահմանափակվում, այլ շարունակելու ենք ընդգծված տանել այն քաղաքականությունը, որը վերաբերում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը, ներառյալ՝ քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանությունն այդ տարածաշրջանում և Սիրիայում ընդհանրապես:
Մենք շատ սերտորեն աշխատում ենք տարբեր գործընկերների հետ՝ և՛ համայնքային կառույցների հետ, և՛ մեր տարբեր գործընկերների հետ, տարբեր երկրների հետ, և՛ տեղական իշխանությունների՝ Սիրիայի իշխանությունների հետ, որպեսզի ապահովենք տեղեկատվական հոսքը և հաշվարկենք այն քայլերը, որոնք անհրաժեշտության դեպքում կկատարենք՝ օգտակար լինելու համար: Բնականաբար խոսքը գնում է Սիրիայի քաղաքացիների մասին. մեր հայրենակիցներն են, ազգությամբ հայեր, բայց Սիրիայի քաղաքացիներ են: Եվ դա չափազանց կարևոր հանգամանք է: Որպես Սիրիայի քաղաքացիներ և քաղաքացիական բնակչություն՝ նրանք գտնվում են մեր ուշադրության կենտրոնում:
Շարունակվում է մեր մարդասիրական առաքելությունը Սիրիայում: Եվ նաև մենք արդեն կատարել ենք գործողություններ, որոնք ուղղված են մարդասիրական օգնության հասցնելուն: Դա շարունակական գործընթաց է, և մենք պատրաստվում ենք նոր քայլեր իրականացնել՝ այդ բնակավայրեր մարդասիրական օգնություն հասցնելու ուղղությամբ:
Անվտանգության առումով մենք փորձում ենք աշխատել հնարավոր բոլոր ուղղություններով, որպեսզի կարողանանք տեսնել այն ուղիները, որոնք իրատեսական են և կարող են օգտակար լինել: Շնորհակալություն:
Արման Աբովյան. Շնորհակալություն պատասխանի համար: Ակնհայտ է, որ իրավիճակը պարբերաբար սրվելու է՝ հաշվի առնելով Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունը տարածաշրջանում, ուղիղ ասած՝ ագրեսիան, որը տեղի էր ունեցել: Համենայնդեպս, մնում եմ այն մտքին, կարծում եմ, որ այդ այսպես կոչված «պլան բ», այդ ֆորսմաժորային պլանը պետք է լինի, որը թույլ կտա իրավիճակի սրման դեպքում ինչ-որ քայլեր ձեռնարկել: Չեմ ցանկանում ավելի պարզ ասել:
Զոհրաբ Մնացականյան․ Հասկանում եք, որ բազմաթիվ նրբություններ կան, որովհետև անվտանգային բնույթի հարցեր են, և մարդկանց կյանքին է վերաբերում: Վստահ եմ՝ գիտեք, որ մենք նաև հայտարարությամբ հանդես եկանք ռազմական ներխուժման կապակցությամբ, և ինչ վերաբերում է տարբեր հնարավոր սցենարներին, այո՛, պատրաստ ենք և տեղեկատվական հոսքերի ապահովման, և մշտական գնահատման, որպեսզի վստահ լինեն, որ հնարավոր քայլերը, որոնք կարող են իրականացվել։ Հստակ տեղեկություն ունենք թե ինչ զարգացումներ են տեղի ունենում. ինչպես ասացի, այդ աղբյուրները բազմաթիվ են։ Շնորհակալություն։
Տիգրան Կարապետյան․ Վերջերս Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը․ արտագնա նիստ տեղի ունեցավ՝ խորհրդարանի նախագահների մակարդակով։ Եվ նորից մեդիայում և մեր հասարակության մեջ անընդհատ սկսեց շրջանառվել մեր ՀԱՊԿ գործընկերների կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի հարցը։ Ի՞նչ իրավիճակ ունենք այս խնդրի հետ կապված և ի՞նչ զարգացումներ ունենք։
Զոհրաբ Մնացականյան․ Շնորհակալություն հարցի համար։ Գիտեք, որ այդ հարցը մշտապես գտնվում է մեր քննարկումների օրակարգում թե՛ խորհրդարանական մակարդակով, թե՛, առավել ևս, կառավարությունների մակարդակով։ Այս հարցը մշտապես բարձրացվում է: ՀԱՊԿ շրջանակներում մենք ունենք շատ ընդարձակ համագործակցություն․ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի վերջին այցի ժամանակ օրակարգի զգալի մասը վերաբերում էր նաև մեր համագործակցությանը ՀԱՊԿ-ի շրջանակներում և համագործակցությանը, համատեղ աշխատանքին տարբեր հարթակներում, գլոբալ հարթակներում, ՄԱԿ-ում՝ անվտանգությանն առնչվող տարբեր հարցերում որպես ՀԱՊԿ միասնական դիրքորոշում ձևավորելու, միասնական մոտեցումներ ձևավորելու առումով։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են մեր համընդհանուր անվտանգության օրակարգի զարգացմանը։ Այստեղ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը մեզ մոտ բավական լավ, բավական դինամիկ է ընթանում։
Ինչ վերաբերում է կոնկրետ այդ հարցին, իհարկե՛, մենք բավական զգայուն ենք դրա նկատմամբ, բավական խիստ։ Այս հարցն առկա է մեր օրակարգում, և մենք մշտապես շարունակելու ենք անդրադառնալ այս հարցին։ Սա է իրավիճակը։ Եթե լրացուցիչ հարցեր լինեն, կպատասխանեմ։ Շնորհակալություն։
Տիգրան Կարապետյան․ Շնորհակալություն։ Իհարկե՛, տեղեկացված լինելու առումով մենք՝ որպես Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, պարո՛ն նախարար, տեղեկացված ենք, բայց կարծում եմ, որ կա հասարակությաննը որոշակի տեղեկատվություն տալու անհրաժեշտություն, և ժամանակ առ ժամանակ ՀԱՊԿ-ի գործունեության հետ կապված մենք տեղեկատվական դաշտում պետք է ավելի ակտիվ լինենք, որպեսզի մեր հասարակության մեջ այդ կեղծ լուրերը, որ անընդհատ փորձում են շրջանառել ՀԱՊԿ-ի հետ կապված և ընդհանրապես այս տիրույթի հետ կապված, մենք, կարծում եմ՝ աշխատանք ունենք կատարելու նաև արտգործնախարարության մակարդակով։ Շնորհակալություն։
Զոհրաբ Մնացականյան․ Այո՛, շնորհակալություն, որ մեր ուշադրությունը նորից հրավիրեցիք դրան։ Կրկին վերահաստատեմ, որ եղել և մնում է ուշադրության կենտրոնում։ Գիտեք մեր մոտեցումը, որ դա մենք չենք ընկալում որպես բիզնես, դա զենք է, որն ուղղված է մեր հայրենակիցների դեմ, և, իհարկե՛, հասկանում եք, որ զգայունությունը բավական բարձր է։