ՀՀ ԱԳՆ Միջազգային անվտանգության վարչության պետ Արմեն Եդիգարյանի հարցազրույցը «ՍիվիլՆեթ»-ին
22 նոյեմբերի, 2019- Պարոն Եդիգարյան, Սերգեյ Լավրովի այցից հետո ռուսական РБК-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնեց, որ Երևանի ու Մոսկվայի միջև կենսաբանական լաբորատորիաների մասին հուշագրի ստորագրումը հետաձգվել է: Արդյոք ճի՞շտ է այս լուրը, եթե այո, ապա ինչո՞վ է պայմանավորված ստորագրման հետաձգումը:
- Հայաստանի և Ռուսաստանի միջև «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիրը ոչ թե Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների վերաբերող հարցերի մասին է, այլ անդրադառնում է կողմերի կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լայն շրջանակի: Նախատեսվում են գործակցության մեխանիզմներ, տեղեկատվության փոխանակում, մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպում:
Հուշագրի նախագիծը ներկայում գտնվում է երկու պետություններում ներպետական համաձայնեցման փուլում:
- Ո՞ր փուլում է կենսաբանական լաբորատորիաների մասին հուշագրի պատրաստման գործընթացը: Պատրա՞ստ է արդյոք տեքստը, այն համաձայնեցվա՞ծ է կողմերի միջև ամբողջությամբ: Կա՞ն արդյոք Հայաստանի համար վիճահարույց կետեր:
- Հուշագրի նախագծի տեքստի շուրջ աշխատանքներն ընթանում էին 2017-ից: Այդ ընթացքում կողմերը միմյանց էին ներկայացնում նախագծի դրույթների վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները: Հուշագրի նախագիծն ամբողջությամբ համաձայնեցվեց հոկտեմբերին կայացած հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցությունների ընթացքում, որին ՀՀ միջգերատեսչական թիմը ղեկավարում էի ես: Եվ, ինչպես նշեցի, ներկայում նախագիծը երկու պետություններում ներպետական համաձայնեցման փուլում է:
- ԱՄՆ-ի ֆինանսական միջոցներով վերազինված կենսաբանական լաբորատորիաները արդեն մի քանի տարի է՝ գործում են Հայաստանում, և ոչ միայն: Ինչո՞ւ միայն վերջին շրջանում այն դարձավ բուռն քննարկումների առարկա, և արդյոք Երևանի համար ընդունելի՞ են Մոսկվայի՝ կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ մտահոգությունները:
- Հայկական կողմը բազմիցս հայտնել է, որ լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ամբողջովին վերահսկվում են ՀՀ պետական մարմինների կողմից: Լաբորատորիաների անձնակազմը բաղկացած է միայն ՀՀ քաղաքացիներից, օտարերկրյա մասնագետների ներկայությունը լաբորատորիաների տարածքում բացառված է:
Հայաստանի և Ռուսաստանի միջգերատեսչական խորհրդակցությունների շրջանակներում մենք քննարկել ենք կենսաբանական լաբորատորիաների խնդիրը և հավաստիացրել ռուսական կողմին, որ իրականացվող հետազոտությունները զուտ գիտական բնույթի են և հետապնդում են առողջապահական և անասնաբուժական ոլորտներում ՀՀ բնակչության պաշտպանվածությունը բարձրացնելու նպատակներ:
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրականացվեց ՌԴ պատվիրակության ճանաչողական այց Երևանում և Գյումրիում տեղակայված լաբորատորիաներ՝ ռուսական կողմի մտահոգությունները փարատելու նպատակով:
- Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի կապակցությամբ բազմիցս հայտարարվել էր, որ Երևանի ու Մոսկվայի միջև ստորագրվելիք հուշագրով երաշխավորվելու է ռուս փորձագետների մուտքը Հայաստանում գործող լաբորատորիաներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրերը:
- Հուշագիրը կարգավորում է կենսաբանական անվտանգության ապահովման ասպարեզում Հայաստանի և ՌԴ՝ երկու ինքնիշխան պետության համագործակցությունը: Հուշագրով չի նախատեսվում որևէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որևէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը:
Միաժամանակ տեղեկացնեմ, որ ՀՀ վարչապետի 2018 թ. հոկտեմբերի 8-ի N 1320 որոշմամբ ստեղծվել է ՀՀ կենսանվտանգության և կենսապահովման հարցերով աշխատանքային խումբ՝ ՀՀ ԱԽ ղեկավարությամբ: Նշված խմբի անդամ հանդիսացող գերատեսչությունները ներկայում մշակում են Կենսանվտանգության և կենսաապահովման մասին ՀՀ օրենքի նախագիծ, որի միջոցով կարգավորվելու է նշված ոլորտում գործող կազմակերպությունների, այդ թվում լաբորատորիաների գործունեությունը։ Կսահմանափակվի նաև նշված հաստատություններ մուտքի իրավունքը:
- Քանի որ կողմերը հասել են համաձայնության կենսաբանական լաբորատորիաների շուրջ, նախատեսվում է հուշագրի ստորագրում: Կարելի՞ է հարցը փակված համարել, իսկ մտահոգությունները՝ փարատված:
- Մենք լիահույս ենք, որ մեր ռազմավարական գործընկերների մտահոգությունները կփարատվեն: Մեր կողմից մենք իրականացրինք բոլոր անհրաժեշտ քայլերը այն ապահովելու ուղղությամբ: Հավելեմ, որ ինչպես Ռուսաստանը կարող է հետաքրքրվել Հայաստանում իրականացվող միջազգային ծրագրերի մասին, այնպես էլ Հայաստանը՝ Ռուսաստանի և երրորդ երկրների միջև իրականացվող և մեզ համար հետաքրքրություն ներկայացնող համագործակցության մասին: