ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հարցազրույցը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին

23 նոյեմբերի, 2019

Հարց. Պարոն Ադոնց, ի՞նչ նոր լիցք կհաղորդի հայ-իտալական հարաբերություններին նման բարձրաստիճան մակարդակով այցելությունը։ Ո՞ր ուղղություններով կարող ենք ակնկալել համագործակցության ընդլայնում։
Պատասխան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իտալիա ներկայիս այցը հայ-իտալական երկկողմ հարաբերությունների պատմության մեջ Հայաստանի վարչապետի մակարդակով առաջին պաշտոնական այցն է։ Ինչպես գիտեք, այցի ծրագիրը բավական հագեցած էր։ Այցի կարևոր բաղադրիչներից է Իտալիայում բնակվող ազգությամբ հայերի և Հայաստանի քաղաքացիների հետ հանդիպումը, հայկական պատմամշակութային օջախներ այցելությունները, որոնց թվում, անշուշտ, կարևորագույնը ջրհեղեղից տուժած Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության Մայրավանքն է՝ նոր ժամանակներում հայկական մշակույթի զարթոնքի և հայագիտական կարևորագույն կենտրոններից մեկը։
Այցի արդյունքում ակնկալում ենք հայ-իտալական երկկողմ քաղաքական բարձրաստիճան երկխոսության ամրապնդում, Հայաստանի ու հայ ժողովրդի համար կենսական կարևորության հարցերի առավել ճշգրիտ ընկալում Իտալիայի կողմից, առևտրատնտեսական կապերի ու ներդրումների աշխուժացում Հայաստանում ընթացող խորքային բարեփոխումների շնորհիվ, և հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը վստահելի կամուրջ է ԵՄ և ԵԱՏՄ հսկայական շուկաների միջև։ Թերևս, ամենակարևոր ակնկալիքները սրանք են։
Հարց. Վերջին շրջանում նկատվում է դրական դինամիկա հայ-իտալական տնտեսական հարաբերություններում։ Պաշտոնական այցի շրջանակներում վարչապետը հանդիպել է Իտալիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցել հայ-իտալական համատեղ գործարար համաժողովին։ Ի՞նչ կարող ենք ակնկալել առևտրատնտեսական ոլորտում՝ հաշվի առնելով, որ հաջորդ տարվանից «Ryanair» ավիաընկերության կողմից կգործարկվի Երևան-Միլան-Հռոմ չվերթը։
Պատասխան. Այցի տնտեսական բաղադրիչը բավական հագեցած է։
Բիզնես ֆորումից բացի, ինչպես նշեցի, ՀՀ վարչապետը Միլանում հանդիպումներ է ունեցել իտալական մի շարք խոշոր ընկերությունների պատասխանատուների հետ։ 2019 թ. հունիսին հայ-իտալական գործարար համաժողով էր կայացել Հայաստանում։ Իտալիան ԵՄ երկրների թվում Հայաստանի առաջատար գործընկերներից է։ Գործում է հայ-իտալական միջկառավարական հանձնաժողով, որի երկրորդ նիստը, լիահույս ենք, շուտով տեղի կունենա Երևանում։ Հայ-իտալական տնտեսական ու առևտրային համագործակցությունն աճի կայուն միտում ունի։ Միայն այս տարվա առաջին ինն ամիսներին երկու երկրների միջև առևտուրն աճել է մոտ 14 տոկոսով։ Հայաստանում գրանցված է իտալական կապիտալի մասնակցությամբ շուրջ 160 ձեռնարկություն։ Ինչպես գիտեք, բոլորովին վերջերս Հայաստանում բացվեցին հայ-իտալական երկու ձեռնարկություն՝ «Սարտեքս» կարի ֆաբրիկան և կերամիկական սպասք արտադրող «Ceramisia գործարանը», «Telecom Italia Sparcle»-ը համատեղ ձեռնարկություն հիմնելու մասին համաձայնագիր ստորագրեց հայկական «Ucom» ընկերության հետ՝ ինտերնետ ծառայություններ մատուցելու համար։ «Renco»-ն Հայաստանում գործում է տարիներ ի վեր։ Իտալական պետական «Սիմեստ» ընկերությունը ևս մասնակցում է կարևոր ծրագրի։
Այս ամենը հաշվի առնելով՝ ՀՀ վարչապետը Իտալիայում մի շարք կարևոր շեշտադրումներ է արել։ Նա նշել է Հայաստանում ներդրումների համար գրավիչ ոլորտները, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, բանկային գործը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, զանազան ապրանքների արտադրությունը, վերականգնվող էներգիան  և տեքստիլ արդյունաբերությունը։ Վարչապետը շեշտադրել է, որ սխալ է Հայաստանը փոքր շուկա դիտարկելը։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է՝ ավելի քան 180 միլիոն սպառողով, Սինգապուրի, Վիետնամի և Սերբիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերով, Հնդկաստանի, Իսրայելի և Եգիպտոսի հետ նմանատիպ համաձայնագրերի հեռանկարով, ԵԱՏՄ-Չինաստան առևտրի և ներդրումների խթանմանն ուղղված տնտեսական համագործակցության համաձայնագրով, ԵՄ արտոնությունների ընդհանրացված GSP+ համակարգով և այլն։ Վարչապետը շատ այլ կարևոր շեշտադրումներ է կատարել, որոնց ընթերցողը կարող է ծանոթանալ գործարար համաժողովին ՀՀ վարչապետի ելույթում։
Անշուշտ, ուղիղ և մատչելի չվերթների առկայությունը կարևոր գործոն է որևէ երկրի հետ առևտրատնտեսական կապերի, զբոսաշրջության խթանման համար, և այս առումով «Ryanair»-ի Երևան-Միլան-Հռոմ չվերթներն առավել քան ժամանակին են։
Հարց. Ինչպե՞ս կգնահատեք հայ-իտալական քաղաքական հարաբերությունները երկկողմ և միջազգային հարթակներում։
Պատասխան. Հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանի և Իտալիայի միջև առկա են ակտիվ քաղաքական շփումներ։ Անցյալ տարի մենք Հայաստանում հյուրընկալել ենք Իտալիայի նախագահին։ Իսկ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիա է այցելել այս տարվա սեպտեմբերին։
Ակտիվ են միջխորհրդարանական շփումները, որոնք ապահովվում են երկու երկրների խորհրդարաններում գործող միջխորհրդարանական բարեկամության խմբերի միջոցով։ Մոտ մեկ ամիս առաջ պաշտոնական այցով Իտալիայում էր ՀՀ ԱԺ նախագահը։
Պետք է նշեմ նաև, որ Իտալիան համահեղինակել է ցեղասպանության կանխարգելման թեմատիկայով ՄԱԿ-ում ՀՀ կողմից ներկայացված բանաձևերը։ Եվ այդ համատեքստում կարևոր քայլ էր հատկապես Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից այս տարվա ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշման ընդունումը, որով Իտալիան վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին՝ իր ներդրումն ունենալով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործին։ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Իտալիան ևս դրսևորել է հավասարակշռված մոտեցում և հավատարիմ է Եվրոպական միության միասնական դիրքորոշմանը, ինչն արտահայտվում է միջազգային ատյաններում այդ երկրի քվեարկություններում։
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև առկա են կանոնավոր շփումներ, այդ թվում քաղաքական խորհրդատվությունների միջոցով։ Գործում է միջկառավարական հանձնաժողով։ Առկա է ամուր իրավապայմանագրային բազա. կնքված է երկկողմ հարաբերությունների ամենատարբեր ոլորտները համակարգող 40 համաձայնագիր։
Հայաստանը բարձր է գնահատում միջազգային հարթակներում Հայաստանի և Իտալիայի միջև հաստատված գործնական, փոխշահավետ գործընկերային հարաբերությունները։ Միջազգային կարևորագույն հարցերի առնչությամբ մեր դիրքորոշումները հիմնականում համընկնում են կամ շատ մոտ են միմյանց։
Չեմ կարող չընդգծել նաև, որ Հայաստանի և Իտալիայի միջպետական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում մեծ դեր են խաղացել հայ և իտալացի ժողովուրդների հարուստ պատմական առնչությունները, մեզ իրար միահյուսող նույնակունք արժեհամակարգը։
Մեզ՝ հայերիս համար մեծ արժեք ունի այն փաստը, որ Հայոց եկեղեցու առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները պահվում են նաև Իտալիայում՝ Նեապոլի և Նարդոյի Սան Գրեգորիո Արմենո անունը կրող եկեղեցիներում, որ Իտալիայի, մասնավորապես Վենետիկի հետ է կապված հայ գրատպության սկզբնավորումը՝ 1512 թվականին, որ Հայաստանն ու Հռոմեական կայսրությունը հարևաններ են եղել, ինչի հավաստումը Հռոմ այցելող միլիոնավոր զբոսաշրջիկները տեսնում են Հռոմեական ֆորումի պատի վրա գտնվող չորս հնագույն քարտեզում։

Տպել էջը