ՀՀ Արտաքին գործերի նախարարության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանի հարցազրույցը «Արմենպրես» լրատվական գործակալությանը
17 հունվարի, 2020- Պարոն Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցել է արդեն 27 տարի: Այս ընթացքում երկկողմ համագործակցության բազմաթիվ հաջողված օրինակներ կան: Ինչպիսի՞ն են մեր երկու երկրների հարաբերություններն այսօր, և զարգացման ինչպիսի՞ միտում ունեն:
- Հայ-չինական հարաբերությունները բնութագրվում են քաղաքական փոխվստահության բարձր մակարդակով ինչպես երկկողմ ոլորտում, այնպես էլ միջազգային հարթակներում։ Անցած 27 տարիների ընթացքում այդ փոխվստահությունը միայն ամրապնդվել է և խորացել, ինչն այսօր էլ շարունակական է։ Համագործակցությունն ընդգրկում է նաև մշակութային, հումանիտար, կրթագիտական, գյուղատնտեսական և այլ ոլորտներ, դրանց շրջանակը գնալով ընդլայնվում է՝ ներառելով նորանոր ուղղություններ ինչպիսիք են ֆինանսաբանկային ոլորտը, միջմարդկային փոխանակումները, այդ թվում՝ զբոսաշրջությունը և այլն։
- Վերջին շրջանում հայ-չինական օրակարգի ամենաքննարկվող հարցերից մեկը Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման հարցն է: Ի՞նչ հնարավորություններ կընձեռի այն Հայաստանի քաղաքացիների համար տնտեսական, զբոսաշրջային և այլ ուղղություններով:
- Համաձայնագիրը ՀՀ Ազգային ժողովում վավերացվեց դեկտեմբերի 10-ին։ Նախատեսվում է, որ ուժի մեջ մտնելուց հետո այն հնարավորություն կտա երկու երկրների քաղաքացիներին միմյանց տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում։ Ակնկալում ենք, որ այն նախ էապես կավելացնի ՀՀ այցելող ՉԺՀ զբոսաշրջիկների քանակը: Նրանց ընդհանուր թիվն ամենամեծն է աշխարհում, 2018թ. կազմել է շուրջ 150 մլն, նրանք Միավորված ազգերի կազմակերպության համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության տվյալներով՝ ծախսել են 277,3 մլրդ ԱՄՆ դոլար։
Մյուս կողմից, դա կնպաստի գործարար կապերի դյուրացմանը և հետևաբար նաև աշխուժացմանը, իրենց հերթին՝ Հայաստանի քաղաքացիները ևս հնարավորություն կունենան զբոսաշրջային կամ գործնական նպատակներով ավելի հեշտությամբ այցելել Չինաստան, վստահ եմ, որ մարդկային շփումների ակտիվացումն անկասկած կնպաստի միմյանց ավելի լավ ճանաչելուն, ինչպես նաև կհանգեցնի նորանոր գործարար և հումանիտար կապերի ձևավորմանը։
- Հայաստանն ի՞նչով կարող է հետաքրքիր լինել չինացի զբոսաշրջիկների և ներդրողների համար:
- Չինաստանից ճամփորդող զբոսաշրջիկները հիմնականում հետաքրքրված են տարածաշրջանային ճամփորդություններով, Հայաստանը կարող է դառնալ այդ երկրներից մեկն իր հարուստ մշակութային ժառանգությամբ, խոհանոցով, լավ կլիմայով և բնությամբ։ Չինաստանից զբոսաշրջիկների մի զգալի տոկոս վերջին տարիներին սկսել է նախապատվությունը տալ նոր երկրների, ոչ նրանց, ուր գնում են բոլորը։
Մինչև 2018թ. հունիսի վերջ ընկած ժամանակահատվածը Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում ՉԺՀ-ից կատարված ուղղակի ներդրումները կազմել են 1.1 մլն ԱՄՆ դոլար, որը շատ փոքր թիվ է։ Այս տարի կա նաև մասնավոր գործարարի կողմից ներդրում՝ 5 մլն ԱՄՆ դոլար խմելու ջրի գործարանի կառուցման ծրագիր, ինչպես նաև 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով հայկական կոնյակի գնում:
Ենթադրում ենք, որ փոխադարձ այցելությունների ու շփման, միմյանց ճանաչողության աճին զուգահեռ աստիճանաբար կավելանա նաև ներդրումային ոլորտի նկատմամբ մասնավոր հատվածի հետաքրքրվածությունը՝ հաշվի առնելով նաև ներդրումային դաշտի բարելավումը հեղափոխությունից հետո, ինչպես նաև Հայաստանի շարունակաբար բարելավվող դիրքը համապատասխան միջազգային վարկանիշային սանդղակներում։
- Անցյալ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ կազմակերպվել է ՉԺՀ կենտրոնական հեռուստատեսության CCTV-6 և CCTV-7 հեռուստածրագրերի նկարահանող խմբերի այցելությունները Հայաստան, որոնց ընթացքում հաղորդումներ են նախապատրաստվել Հայաստանի պատմության, մշակույթի, արվեստի և զբոսաշրջային ներուժի վերաբերյալ: Հաղորդումները 2018թ.-ի նոյեմբեր-դեկտեմբերին շաբաթական մի քանի անգամ ցուցադրվել են ՉԺՀ կենտրոնական հեռուստատեսությամբ և համացանցային հեռարձակմամբ: Քննարկվում էր 2019-ի ընթացքում նմանատիպ հաղորդման նախապատրաստումը: Որքանո՞վ են իրականացվել այդ աշխատանքները:
- ՉԺՀ կենտրոնական հեռուստատեսության CCTV-7 հեռուստաալիքի «Հայրենիք» հեռուստածրագրի նկարահանող խումբը հունիսին եղել է Հայաստանում, նկարել երկու մասերից բաղկացած հաղորդում, որոնց մեկական անգամ ցուցադրությունից և կրկնությունից դիտումների քանակը կազմել է 31 մլն 920 հազար, որը չի ներառում նշված հեռուստաալիքի համացանցային հարթակում դիտումները։ Կարծում եմ՝ նաև նմանատիպ հաղորդումների հեռարձակումը նպաստել է Չինաստանից դեպի Հայաստան զբոսաշրջային այցերի գրեթե կրկնակի աճին՝ նախորդ տարվա համեմատ՝ կազմելով շուրջ 15 000 այցելու։
ԱԳՆ-ն և արտերկրում մեր դեսպանությունները մեծ կարևորություն են տալիս նման աշխատանքներին, և փորձում ենք, որ դրանք լինեն շարունակական և հետևողական՝ ներգրավելով շահագրգիռ գերատեսչությունները, Տուրիզմի պետական կոմիտեն և այլ հնարավոր շահառուների։
- Հայաստանի և Չինաստանի միջև ներմուծման և արտահանման ծավալները վերջին տարիների ընթացքում աճ են գրանցում։ Այս տենդենցի պահպանման համար ի՞նչ նախադրյալներ կան։ Հայաստանի հետ տնտեսական ոլորտի հետ կապված ինչպիսի՞ ծրագրեր ունի Չինաստանը։
- Այս տարվա հոկտեմբերի 25-ից ուժի մեջ է մտել «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին համաձայնագիրը», որը նոր հնարավորություններ կբացի եղած միտումների պահպանման և նոր աճ գրանցելու համար։ Միևնույն ժամանակ, մենք գիտակցում ենք, որ արդյունքները դեռևս հեռու են գոհացուցիչ լինելուց՝ հաշվի առնելով առկա ներուժը։ Կարծում եմ, երկուստեք բիզնեսը դեռևս ցուցաբերում է որոշակի զգուշավորություն՝ իրար հնարավորություններին բավարար ճանաչելու տեսանկյունից։ Իրավիճակի բարելավմանը մեծապես կարող է նպաստել մեր գործարարների մասնակցությունը Չինաստանում անցկացվող տարատեսակ միջազգային ցուցահանդեսներին, ինչպես, օրինակ 2019թ․ Հայաստանը ներկայացվեց Պեկինի այգեգործական ցուցահանդեսին, ինչպես նաև Շանհայի միջազգային ներմուծման ցուցահանդեսին։ Այստեղ կարող է մեծ դեր ունենալ գործարար ասոցիացիաների, միությունների կողմից միասնական համակարգված և համախմբող աշխատանքը, որը հնարավորություն կտա նաև հաշվի առնել չինական մեծ շուկայի առանձնահատկությունները, իսկ պետությունն իր հերթին պետք է շարունակի հետևողական ջանքերը՝ երկրում առկա հնարավորությունների վերաբերյալ ճանաչողության բարձրացման ուղղությամբ։