Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հակիրճ տեղեկանք
21 հունվարի, 2020Հունվարի 22-ից 23-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը: Սա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Նիդերլանդների ԱԳ նախարարի առաջին երկկողմ այցելությունն է Հայաստան, որը լավ հնարավորություն է գնահատելու երկկողմ օրակարգը և նոր թափ հաղորդելու երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններին:
Հատկանշական է, որ նախարարի այցին նախորդել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի որոշումը՝ ՀՀ-ում դեսպանություն հիմնելու վերաբերյալ: Վերոշնյալ որոշումը Նիդերլանդների՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական փոփոխությունների աջակցության հստակ ազդակն է:
Անկախությունից ի վեր Նիդերլանդների կառավարությունն աջակցել է Հայաստանում կյանքի կոչվող զարգացման ծրագրերին:
Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցությունն ընթանում է մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, ՏՏ, մշակութային, արդարադատության, տարածքային ենթակառուցվածքների, ապակենտրոնացված համագործակցության և այլն։ Ակտիվանում են գործարար կապերը, մասնավորապես գյուղատնտեսության, կաթնարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։
Եվրամիության և անդամ պետությունների հետ հարաբերությունների համատեքստում մեծ նշանակություն ունի նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես նաև կարևոր գործիք Հայաստանում ընթացող բարեփոխումները խրախուսելու համար: 2019թ. դեկտեմբերի 12-ին Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Սենատը նույնպես վավերացրել է համաձայնագիրը։ Այժմ այն ներկայացվել է թագավորի հաստատմանը։
2019թ. հոկտեմբերին կազմավորվել է Նիդերլանդներ-Հայաստան բարեկամության շրջանակը, որում ներգրավված են քաղաքական գործիչների, գործարարների և մշակույթի ու գիտակրթական ոլորտի գործիչներ: Շրջանակը հայկական կողմից ղեկավարում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ Նիդերլանդների կողմից` երկրի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Քրիստոնեական միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Ջոել Ֆորդևինդը:
ԼՂ հիմնախնդրի հարցում Նիդերլանդները հանդես է գալիս ԵՄ ընդհանուր դիրքորոշմամբ` աջակցելով հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին:
Համագործակցությունը միջազգային հարթակներում
Հայաստանը և Նիդերլանդները սերտորեն համագործակցում են միջազգային կառույցների շրջանակում: Սա ևս մեկ ուղղություն է, որտեղ կարող է առավել արդյունավետ և ներառական համագործակցություն ծավալվել երկու երկրների միջև: Հայաստանը և Նիդերլանդները համագործակցում են միջազգային ասպարեզում ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ, մասնավորապես՝ ՄԱԿ համապատասխան բանաձևերի համահեղինակման միջոցով:
2018թ․ փետրվարի 22-ին Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում: Նույն նիստի ժամանակ ընդունվել է մեկ այլ որոշում, որը կանոնակարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին Նիդերլանդների կառավարության մասնակցությունը։ 2019թ. հունիսի 11-ին Նիդերլանդների Խորհրդարանի լիագումար նիստում ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտման և արդարացման փորձերը դատապարտող բանաձև:
2019թ. ընթացքում երկկողմ այցելություններ և հանդիպումներ
2019թ. հունվարի 28-ին Դավոսում միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի հետ։
2019թ. փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ։
2019թ. մարտի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունների միջև։
2019թ. հոկտեմբերի 9-11-ը հոկտեմբերի 9-11-ը ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պաշտոնական այց է կատարել Նիդերլանդների Թագավորություն:
2019թ. նոյեմբերի 12-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպան Մարիա Կրիստինա վան Կոլդամը (նստավայրը` Թբիլիսի):
Տնտեսական ոլորտ
Երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերությունները վերելք են ապրում: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը Նիդերլանդների հետ 2019թ. հունվար-հոկտեմբերին ըստ ապրանքի ծագման երկրի կազմել է 162 617.1 հազ. ԱՄՆ դոլար, որը 2018թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 9.2%-ով, իսկ ըստ արտահանող երկրի` 246 491.9 հազ. ԱՄՆ դոլար, որը 2018թ. հունվար-հոկտեմբերի համեմատ աճել է 38.9%-ով: Արտահանումը Հայաստանից Նիդերլանդներ աճել է 26.7%-ով և կազմել է 132 128.6 հազ. ԱՄՆ դոլար:
2019թ. հունվար-սեպտեմբերին նիդերլանդական ներդրումները հիմնականում իրականացվել են մետաղական հանքաքարի արդյունահանման, ծրագրային ապահովման մշակման, խորհրդատվությունների և հարակից գործունեության համակարգչային տեխնոլոգիաների գործունեության ոլորտներում:
2019 թվականի I կիսամյակում Հայաստանից Նիդերլանդներ արտահանված և աճ ապահոված հիմնական ապրանքատեսակներն են, ի թիվս այլոց, երկաթահամահալվածք, ալյումինե նրբաթիթեղ, հագուստ, ալկոհոլային խմիչքներ, համակարգիչներ և դրանց բլոկներ:
2019 թվականի I կիսամյակում Հայաստան Նիդերլանդներից ներմուծված և աճ ապահոված հիմնական ապրանքատեսակներն են դեղամիջոցներ, տնկաշիվեր, կենդանի այլ բույսեր, գյուղատնտեսության նշանակության ապրանքներ, շարժիչային փոխադրամիջոցներ և այլն:
Դրական դինամիկա է առկա զբոսաշրջության բնագավառում. Նիդերլանդներից Հայաստան ընդհանուր այցելությունների թիվը 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է՝ 12155, ինչը 23%-ով ավել է 2018թ. հունվար- սեպտեմբեր ամիսների համեմատ: