ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի հարցազրույցը Մեդիամաքս լրատվական գործակալությանը
12 փետրվարի, 2020Մարդու իրավունքների խորհրդի անդամ դառնալու համար Հայաստանն իր թեկնածությունն առաջադրել էր դեռևս 2012 թվականին՝ սկսելով լուրջ ու երկարատև նախապատրաստական աշխատանք։ Հիշեցնեմ, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմնի անդամ Հայաստանը վերջին անգամ եղել է 2002-2006 թվականներին, (Նախկինում այն կոչվում էր Մարդու իրավունքների հանձնաժողով և ընտրվում էր ՄԱԿ-ի Տնտեսական-սոցիալական խորհրդի 54 անդամների կողմից - խմբ.) ցուցաբերելով ակտիվ մասնակցություն՝ հանդես գալով որպես արևելաեվրոպական տարածաշրջանային խմբի համակարգող և ապա զբաղեցնելով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։
2006 թվականին Մարդու իրավունքների հանձնաժողովը վերափոխվեց Մարդու իրավունքների խորհրդի: Կարգավիճակը բարձրացավ և այն դարձավ մարմին, որը ընտրվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից և հաշվետու է նրան։
2019թ. հոկտեմբերին Հայաստանը առաջին փուլով ընտրվեց արդեն Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 144 ձայնով (մեր մրցակիցներից Լեհաստանը ստացավ 124, իսկ Մոլդովան` 103 ձայն)։ Քվեարկությանը մասնակցած 193 երկրների կողմից ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընտրությունը մեր դիվանագիտական համակարգված աշխատանքի արդյունքն է, բայց առաջին հերթին Հայաստանում ժողովրդավարական վերափոխումների և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում գրանցված առաջընթացի ճանաչման վկայությունն էր:
Հարց․ 2020թ. հունվարից սկսվել է Հայաստանի անդամությունը Մարդու իրավունքների խորհրդում։ Որո՞նք են Հայաստանի կողմից բարձրացվելիք խնդիրները։
Պատասխան․ Մարդու իրավունքների ոլորտի Հայաստանի օրակարգը շատ լայն է և նախատեսում ենք ապահովել շատ ակտիվ ներգրավվածություն՝ այն միջազգային ասպարեզում առաջ տանելու նպատակով։
Մեզ համար մարդու իրավունքների միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է ցեղասպանությունների կանխարգելումը։ Հայաստանը այս խնդրով ակտիվորեն զբաղվում է դեռևս 1998 թվականից` նախ ՄԻՀ-ում, իսկ այնուհետև արդեն ՄԻԽ-ում ներկայացնելով համապատասխան բանաձևեր:
Եթե սկզբնական շրջանում այն առավել կենտրոնացած էր Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի առաջ մղման վրա, ապա արդեն 2005թ-ից բանաձևը արմատապես փոխվեց` տարեցտարի համալրվելով նորանոր տարրերով։ Այսօր այն պարտավորեցնում է երկրներին ցեղասպանությունները կանխարգելելու նպատակով օգտագործել և ընդլայնել առկա միջազգային իրավական, ինստիտուցիոնալ գործիքակազմը, համագործակցել համապատասխան մեխանիզմների հետ՝ առաջին հերթին արձագանքելով մարդու իրավունքների լրջագույն և զանգվածային խախտումների վաղ նախազգուշացման նշաններին:
Հայաստանի նախաձեռնած բանաձևերը նաև հանձնարարում են պետություններին իրականացնել մարդու իրավունքների կրթական ծրագրեր, որոնք կնպաստեն ցեղասպանությունների կանխարգելմանը և ժխտողականության դեմ պայքարին, սահմանել ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օրեր և այլն: Ի դեպ, հիշարժան է նաև, որ 2015 թվականին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համապատասխան բանաձևով դեկտեմբերի 9-ը (1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունվել է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիան-խմբ.) սահմանվել է որպես ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:
Ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ մեր նախաձեռնությունների շնորհիվ է սահմանվել համագործակցություն ՄԱԿ-ի մարդու իրավունքներով զբաղվող մեխանիզմների և Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի միջև: Վերջինիս նաև լիազորվել է ներկայացնել զեկույց ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի վերաբերյալ: Սա մեզ հնարավորություն է տալիս գնահատել, թե ինչ միջոցներ են երկրները ձեռնարկում այդ ուղղությամբ, որն է լավագույն փորձը և ինչպիսին են առկա մարտահրավերները:
Կարևոր եմ համարում ընդգծել, որ միջազգային ասպարեզում ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված Հայաստանի ջանքերը լինելու են շարունակական: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն վերոնշյալ բանաձևի բովանդակային լրամշակմանն ու Մարդու իրավունքների խորհրդում ներկայացմանը, այլև Ցեղասպանության հանցագործության դեմ Գլոբալ ֆորումների կազմակերպմանը, որոնք հանդիսանալով ոլորտում հայտնի գիտնականներին ու գործիչներին համախմբող պլատֆորմ, նպաստում են այդ հանցագործության դեմ պայքարող գլոբալ համայնքի ձևավորմանը:
Հարց․ Հայաստանը իսկապես շատ ակտիվ է ցեղասպանությունների կանխարգելման հարցում, սակայն ինչպես շատ այլ երկրներ, թերևս, չի կարող մոռանալ նաև քաղաքական նպատակահարմարության մասին: Մասնավորապես, ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը Մյանմարում (Բիրմայում) ռոհինջաների ցեղասպանության վերաբերյալ։
Պատասխան․ Ինչպես նշեցի, մենք հետևողականորեն աշխատում ենք ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ։ Իհարկե, ցեղասպանությունների ճանաչումը հանդիսանում է կանխարգելման կարևոր կոմպոնենտ։ Հայաստանն, օրինակ, ճանաչել և դատապարտել է եզդի ժողովրդի հանդեպ 2014 թվականին իրականացված ցեղասպանական գործողությունը և միջազգային հարթակներում ակտիվորեն բարձրացնում է Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների իրավունքների պահպանման հրամայականը։
Սակայն մենք առավել կարևորում ենք նոր բռնությունների և հանցագործությունների կանխարգելումը և, առաջ տանելով մեր օրակարգը, փորձում ենք սահմանել այն մեխանիզմները, որոնք թույլ կտան կանխել դրանք։
Կոնկրետ ռոհինջաների պարագայում մենք գտնում ենք, որ բռնությունը պետք է դադարեցվի և դատապարտվի, մեղավորները պետք է պատժվեն, իսկ մարդիկ պետք է իրենց տները վերադառնալու հնարավորություն ստանան: Այս տրամաբանությամբ է, որ Հայաստանը կողմ է քվեարկում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացվող բանաձևերին, որոնցում դատապարտվում են Մյանմարում ռոհինջաների և այլ փոքրամասնությունների մարդու իրավունքների խախտումները, նրանց նկատմամբ իրականացվող բռնություններն ու հանցագործությունները:
Հարց․ Բացի ցեղասպանության կանխարգելման խնդրից, ի՞նչ այլ հարցեր է նախատեսում բարձրացնել Հայաստանը Մարդու իրավունքների խորհրդում։
Պատասխան․ Մարդու իրավունքների միջազգային օրակարգային հարցերի շուրջ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական և ակտիվ դիրքերից: Մեր նախաձեռնությունները, բնականաբար, մեկ ուղղությամբ չեն սահմանափակվում: Օրենքի գերակայության, դատարանների անկախության, հավաքների և մամուլի ազատության ապահովման հարցերում Հայաստանը սահմանել է իր չափանիշները, և մեր ներքին ու արտաքին քաղաքականությունը կառուցվում է դրանց համահունչ։ Միջազգային համապատասխան կառույցների հետ սահմանել ենք սերտ համագործակցություն այդ ոլորտներում բարեփոխումների և ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու նպատակով։
Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին խոսելիս՝ որպես Մարդու իրավունքների խորհրդում մեր օրակարգի առաջնային հարցերից մեկը կարելի է նշել կանանց հզորացումը, նրանց համար հավասար հնարավորությունների ստեղծումը քաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտներում: Հայաստանի համար այս հարցի արդիականությունը է՛լ ավելի ակնհայտ դարձավ 2018թ. ժողովրդավարական գործընթացներում կանանց, հատկապես երիտասարդների վճռորոշ դերի, նրանց ներուժի բացահայտման շնորհիվ: Նշեմ նաև, որ այս տարի Հայաստանը նախագահում է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովը, ինչը մեր արտաքին քաղաքականության մեջ այս ուղղությանը տրվող կարևորության ևս մեկ ապացույց է։
Քաղաքացիական հասարակության հզորացումը ևս դիտարկվում է որպես կայուն զարգացման նախապայման, որը վերահսկիչ գործառույթ կարող է ստանձնել մարդու իրավունքներին առնչվող միջազգային պարտավորությունների իրականացման գործում: Հայաստանը հանձնառու է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ի դեմս արտահայտման, կարծիքի, հավաքների ազատության իրավունքների պաշտպանության: Այսօր կարող ենք փաստել, որ տարբեր հեղինակավոր վարկանիշային կազմակերպությունների կողմից արձանագրվել է այս ազատությունների ապահովման գործում Հայաստանի գրանցած նշանակալի առաջընթացը:
Հայաստանը նաև մեծագույն կարևորություն է տալիս բոլոր հիմքերով խտրականության բացառման խնդրին: Այս հարցը մենք դիտարկում ենք նաև էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համատեքստում՝ ծանոթ լինելով ու քաջ գիտակցելով այն մարտահրավերները, որոնց նրանք առերեսվում են, հատկապես հակամարտային գոտիներում կամ պատերազմական պայմաններում:
Այս կապակցությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել միջազգային հանրության «որևէ մեկին չանտեսելու» կոլեկտիվ հանձնառության կարևորությունը, որը հիմնված է մարդու իրավունքների համընդհանրականության սկզբունքի վրա, այսինքն, որ ցանկացած անձի անհատական և կոլեկտիվ իրավունքները՝ անկախ իր կարգավիճակից և ապրելու վայրից, պետք է պաշտպանված լինեն: Սա այն սկզբունքն է, որի մեծագույն ջատագովն է հանդիսանում Հայաստանը՝ այն ընդունելով որպես միջազգային ասպարեզում իր գործունեության հիմնասյուն:
Այս ուղղությամբ մեծ ուշադրություն ենք դարձնելու նաև ատելության խոսքի, ազգային և կրոնական խտրականության դեմ պայքարի միջազգային ջանքերի էլ ավելի ակտիվացմանը։
Հարց․ Ե՞րբ և ինչպե՞ս որոշվեց, որ մարդու իրավունքները պետք է դառնան մեր արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչը։ Կարո՞ղ ենք ասել, որ նախկինում նման մոտեցում չի եղել:
Պատասխան․ Պետք է նշեմ, որ ՀՀ-ի արտաքին քաղաքականության գերակայություններում մշտապես առկա է եղել մարդու իրավունքների բաղադրիչը՝ լինի դա ղարաբաղյան հիմնահարցի թե հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասով:
Այնուհանդերձ, որպես արտաքին քաղաքականության ամբողջական և կարևոր բաղադրիչ այն ձևակերպվել է ներկա կառավարության օրոք՝ թավշյա հեղափոխությունից հետո, երբ հստակ դարձավ, որ այս ուղղությունը մենք կարող ենք շատ ավելի համարձակ առաջ մղել, լինել ոչ թե գործընթացի հետևից գնացող, այլ դառնալ դրա առաջամարտիկ։
Այս ուղղությունը ձևակերպվել է կառավարության ծրագրով և դարձել է մեր արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկը: Սա նաև իր արտացոլումն է գտել արտգործնախարարության կառուցվածքում։ Եթե նախկինում ունեինք մարդու իրավունքների հարցերով զբաղվող մեկ բաժին՝ Միջազգային կազմակերպությունների վարչության կազմում, ապա այսօր գործում է Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի առանձին մեծ վարչություն:
Այսօր ավելի համարձակ ենք խոսում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի և քաղաքացիական հասարակությունն այդ հարցերում ներգրավելու մասին։ Բայց պետք է նաև ֆիքսել, որ նախկինում ևս մենք փորձել ենք, պատկերավոր ասած, «ժամանակից առաջ ընկնել»՝ արտաքին քաղաքական լծակներն օգտագործել երկրում ժողովրդավարությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը ուժեղացնելու նպատակով։ Նման օրինակ էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմներին երկիր այցելելու բաց հրավերի ընձեռումը դեռևս 2006թ-ին։ Կարծում եմ, Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի Խորհրդին ժամանակին ևս ավելի շատ արտաքին քաղաքական նախաձեռնություն էր, քան ձևակերպված հասարակական պահանջ։
Հարց․ Մենք նաև ԵԱՏՄ անդամ ենք, որի անդամ երկրները մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկների համբավ չունեն:
Պատասխան․ Հայաստանն իր քաղաքական առաջնահերթությունները հստակ տարանջատում է, քանի որ ունենք անվտանգության, զարգացման, մարդու իրավունքների ոլորտի խնդիրներ։
Առկա մարտահրավերները փորձում ենք կարգավորել՝ ելնելով մեր շահերից։ Անվտանգային խնդիրների լուծման համար աշխատում ենք գոյություն ունեցող ձևաչափերով և լինելով ՀԱՊԿ անդամ` առաջ ենք տանում ՀԱՊԿ-ի անդամների հետ համատեղ ձևակերպված օրակարգը։
Ինչ վերաբերվում է մարդու իրավունքների պաշտպանությանը, ապա մեզ համար դա սոսկ արտաքին քաղաքական գործիք չէ: Մարդու իրավունքները մեր պետության հիմնասյունն են, կայունության և զարգացման անհրաժեշտ պայման։ Փորձը ցույց է տալիս, որ երբ դրանք անտեսվում են, հասարակության մեջ վստահության լուրջ խնդիր է առաջանում, իսկ դա անթույլատրելի է, հատկապես, սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրի համար։