ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահի՝ խորհրդարանում հնչեցրած ելույթի վերաբերյալ

13 մարտի, 2020

Ադրբեջանի նախագահը նորանշանակ խորհրդարանի բացման նիստին հանդես է եկել ընդարձակ ելույթով, որում հերթական անգամ տեղ են գտել Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ ատելության խոսքի հստակ դրսևորումներ:

Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքների լեգիտիմության ցածր մակարդակը, քաղաքական և ժողովրդավարական բարեփոխումներ կատարելու անկարողությունը Ադրբեջանի իշխանությունները փորձում են քողարկել ագրեսիվ, անհիմն և մտացածին պնդումներով, որոնք Հայաստանից և հայ ժողովրդից բացի ուղղվում են նաև եվրոպական երկրներին, եվրոպական կառույցներին, Ադրբեջանում ընտրությունները դիտարկած միջազգային դիտորդական առաքելությանը: 

Հատկապես մտահոգիչ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է իր անհիմն մեղադրանքներում խաղարկել կրոնական քարտը՝ մի կողմից եվրոպական երկրներին մեղադրելով կրոնական հողի վրա միգրանտների իրավունքների խախտումների մեջ, իսկ մյուս կողմից՝ կրոնական համերաշխության կոչեր անելով  ԼՂ հակամարտության համատեքստում: 

Ադրբեջանի նախագահի կողմից պատմական և աշխարհագրական նոր ‹‹հայտնագործություններով›› ուղեկցվող հայ ժողովրդի հանդեպ թշնամանքի քարոզը արմատապես հակասում է վերջին շրջանում խաղաղության համար բարենպաստ միջավայր ձևավորելու և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Ադրբեջանի հանձնառություններին:

Այս տեսակետից պետք է փաստել, որ Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների առկա խիստ ցածր չափանիշները լրջորեն խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը, մասնավորապես այդ գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:   

Սեփական լեգիտիմությունը հարևան ժողովրդի հանդեպ ատելության և միջազգային համայնքի հանդեպ անվստահության վրա կառուցելու Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության փորձերն անպատասխանատու են և կարող են վտանգել տարածաշրջանի խաղաղությունը և անվտանգությունը:

 

Տպել էջը