ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Հանրային Հեռուստաընկերությանը
10 ապրիլի, 2020Պետրոս Ղազարյան. Բարի երեկո, պարոն նախարար: Շնորհակալություն, որ ժամանակ գտաք հարցազրույցի համար: Եվ այսպես, Հայաստանի շատ քաղաքացիներ, քանի որ սահմանները կտրուկ փակվեցին, մնացին արտերկրում՝ տարբեր երկրներում: Ինչպիսի՞ վիճակ է, քա՞նի մարդ ենք մենք վերադարձրել, քա՞նի մարդ կա դեռ դրսում, և որ երկրի դեպքում ինչ փուլում ենք գտնվում:
Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն, պարոն Ղազարյան: Գիտեք, մեր քաղաքացիների վերադարձը Հայաստան այսօր մեր գործառույթներից մեկն է՝ չափազանց էական, չափազանց կարևոր. այն շատ մեծ պարտավորություն և պարտականություն է: Այս համավարակն ամբողջովին փոփոխեց մեր սովորական կյանքի տրամաբանությունը, և որևէ երկիր, որևէ տարածաշրջան դուրս չմնաց, այս վարակը որևէ մեկի չշրջանցեց:
Ինչպես և բոլորի, մեզ համար անհրաժեշտ էր շատ ճիշտ կառուցել և գտնել այն բանաձևերը, որով մենք կարողանայինք կառուցել մեր աշխատանքը՝ համապարփակեցնելու այն հիմնական գործառույթները, որ ձեռնարկվում են երկրում, և իրականացնելու մեր գործառույթներն Արտաքին գործերի նախարարության մասով: Այստեղ ամենակարևոր խնդիրը եղել և մնում է կոտրել, չթողնել համավարակի տարածումը մեր երկրում, ապահովել անհրաժեշտ բոլոր պաշարները, բոլոր հնարավորությունները՝ դիմակայելու այս համավարակին:
Կառավարության ամբողջ գործունեությունը կառուցված էր այդ տրամաբանության մեջ երեք ուղղություններով. ապահովել համավարակի չտարածման համար անհրաժեշտ միջավայրը, անհրաժեշտ միջոցները, և պարետատան աշխատանքն այդ առումով եղել և մնում է չափազանց էական: Նվազեցնել համավարակի ճնշումները մեր բնականոն կյանքի վրա, և այս առումով կառավարությունն ընդունեց անհրաժեշտ միջոցառումների փաթեթներ: Եվ ստեղծել միջավայր, որ բնականոն կյանքին վերադառնալուց հետո վերականգնենք նորմալ, բնականոն աշխատանքը տնտեսության և մեր կյանքի: Այդ առումով Արտգործնախարարությունն ունի իր աշխատանքի հատվածը՝ համադրելով իր աշխատանքը բոլոր մյուս գերատեսչությունների հետ և համակարգելով այն պարետատան միջոցով:
Նույն այն հարցում, որ վերաբերում է մեր պաշարների ապահովմանը, մեզ անհրաժեշտ բոլոր դեղամիջոցների, սարքավորումների, պարագաների առումով շատ մեծ դերակատարություն ունեցան, և իսկապես գնահատում եմ իմ գործընկերների աշխատանքը տարբեր վայրերում, տարբեր երկրներում: Վերջին օրինակներից մեկը Չինաստանից եկած օդանավն էր, որ բերեց անհրաժեշտ պարագաներ, որ մենք գնել էինք Չինաստանում: Բերվեց նաև մեր չինացի գործընկերների նվիրատվությունը: Այդ ամենն անհրաժեշտ էր կազմակերպել, որպեսզի տեղափոխվի տարբեր վայրերից Չինաստանում մեր կողմից վարձակալված պահեստը, ապահովվեն բոլոր թղթային գործառույթները, ապահովվեն թույլտվությունները թռիչքի համար, և այդ ամենն իրականացվեց: Մենք այժմ նախապատրաստում ենք երկրորդ չվերթը։ Բոլոր մյուս դեսպանություններն իրենց մասով նույնպես ապահովում են այդ գործառույթը։
Այս պայմաններում, հասկանում եք, որ միջազգային համագործակցությունը չափազանց էական է։ Առավել ևս հիմա՝ այս տարօրինակ, դժվար ժամանակներում ի ցույց է դրվում միջազգային համագործակցության արժեքը, և մենք իրապես շատ գնահատում ենք այդ համագործակցությունը, որ մեզ մոտ ձևավորվել է բազմաթիվ երկրների հետ։
Մենք նաև ունենք անհրաժեշտ և կարևոր նպատակ՝ ապահովելու բեռնափոխադրումների առումով բնականոն աշխատանքը։ Մենք ունեինք իրավիճակներ, երբ եղանակային պայմանների հետևանքով որոշ կուտակումներ եղան։ Մեր դեսպանությունը Վրաստանում և մեր գլխավոր հյուպատոսը Դոնի Ռոստովում անմիջապես մշտադիտարկման մեջ էին և խոսում էին մեր գործընկերների հետ, որպեսզի կարողանանք ապահովել այդ բնականոն աշխատանքը բեռնափոխադրումների առումով։
Ինչ վերաբերում է մեր քաղաքացիներին, ապա մեր քաղաքացիների հարցը չափազանց կարևոր է, չափազանց էական։ Եվ այստեղ չափազանց էական է համադրել երկու կարևոր գործառույթ․ առաջինը՝ ապահովել, որպեսզի մեզ մոտ առողջապահական առումով անվտանգային համակարգը գործի անխափան, և մյուս կողմից ապահովել, որպեսզի մեր քաղաքացիները մնան անվտանգ այս պայմաններում՝ վերադարձի միջոցով կամ եթե իրենք մնում են իրենց գտնվելու երկրներում, նույնպես գտնել ճանապարհները, որպեսզի կարողանանք ապահովել իրենց անվտանգությունն այս պայմաններում։
Պետրոս Ղազարյան․ Հիմա վերադարձի պահով։ Պարոն նախարար, ունե՞նք հաշիվ։
Զոհրաբ Մնացականյան․ Այո, մենք շարունակում ենք մեր մշտական կապը մեր քաղաքացիների հետ։ Բոլոր նրանք, ովքեր գրանցված են մեր դեսպանություններում։ Այս շրջանում ըստ մեր տվյալների՝ մարտի 1-ից սկսած Հայաստան է վերադարձել 63 322 ՀՀ քաղաքացի։ 47 երկրներում գրանցված է 1870 ՀՀ քաղաքացի։
Պետրոս Ղազարյան․ Պարոն նախարար, ՀՀ քանի՞ քաղաքացի կա դրսում, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան։
Զոհրաբ Մնացականյան. Մեզ մոտ գրանցված է 1870 քաղաքացի: Առաջին շրջանում մենք դիմեցինք մեր քաղաքացիներին, որպեսզի իրենք դադարեցնեն իրենց ճամփորդությունները և վերադառնան Հայաստան։ Մեծ մասը արձագանքեց, և մենք ունենք այդ թիվը՝ 63 000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ վերադարձան Հայաստան։ Մենք ինքներս կազմակերպեցինք Իտալիայից մեր քաղաքացիների տեղափոխումը։ Տարբեր երկրներից մեր քաղաքացիներին օգնելով, ուղղորդելով նրանց․ տոմսերով, գտնելով լավագույն ճանապարհը, համագործակցելով մեր տարբեր գործընկերների հետ: Վրաստանի հետ մենք շատ լավ համագործակցում ենք, որպեսզի կարողանանք ապահովել մեր քաղաքացիների վերադարձը:
Այս իրադրության մեջ շատ գնահատելի է մեր քաղաքացիների համախմբվածությունը: Շատ գնահատում և հարգանքով եմ վերաբերվում, շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին, որոնք համախմբվում են դեսպանության շուրջ, մեր ներկայացուցիչների շուրջ և իրենց օժանդակությունն են բերում այդ առումով։
Մենք ունենք շատ լավ օրինակ, երբ Միացյալ Նահանգներում առողջապահական համակարգում աշխատող մեր հայրենակիցները համակարգ են ձևավորել, որպեսզի օգտակար լինեն մեր քաղաքացիներին։ Մենք ունենք նույն օրինակը Ռուսաստանի Դաշնությունում, երբ որ մեր հայրենակիցները և քաղաքացիներն իրենց օժանդակությունն են բերում, որպեսզի նվազեցնենք այն ճնշումները, որ ի հայտ են եկել այս պայմաններում մեր քաղաքացիների համար։
Պետրոս Ղազարյան. Պարոն նախարար, մենք կարդացինք դեպքեր, որ գրում են, որ քաղաքացիները ուզում են վերադառնալ հայրենիք, բայց մենք ասում ենք՝ ոչ, որովհետև այստեղ նման բուժսպասարկման հնարավորություններ չունենք։ Կա՞ այդպիսի բան։
Զոհրաբ Մնացականյան. Շատ էական է համադրել անհատական լուծումները և շրջանակային համակարգային լուծումները։ Մենք համադրում ենք նաև այստեղ մեր բնակչության առողջապահական անվտանգության համակարգի կարողությունները և անհրաժեշտությունը վերադարձնելու մեր քաղաքացիներին։
Վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից 440 մեր հայրենակիցներ վերադարձան երկու չվերթով Հայաստան։ Եվ հիմա մենք նախապատրաստում ենք դաշտը, որպեսզի կարողանանք շարունակել այդ ամենը։
Եվ անհատական, և համակարգային մոտեցումներով փորձում ենք ողջամտության և մեր կարողությունների սահմաններում հասնել յուրաքանչյուր հարցին, յուրաքանչյուր դեպքին։
Պետրոս Ղազարյան. Պետությունը հոգում է մարդկանց մնալու կարիքները. այն քաղաքացիների, ովքեր մնացել են դրսում և չեն կարողանում վերադառնալ այսօր։
Զոհրաբ Մնացականյան. Այո, բազմաթիվ օրինակներ ունենք, երբ մեր միջոցներով կարող ենք օգնել՝ տոմսով, կեցություն ապահովելով, այլ հարցերով, որպեսզի նվազեցնենք այս պայմաններում առաջացած ճնշումը:
Երբ որ հնարավորությունը ստեղծվում է, ապահովվում է նրանց վերադարձը Հայաստան: Հայաստան վերադառնալիս ապահովվում է, որպեսզի մեր առողջական, անվտանգային համակարգը մնա համապարփակ և անվնաս, ոչ խոցելի և այդ առումով 14-օրյա կարանտինի պահանջը բխում է այդ նպատակից։
Հիմա արդեն պետք է հատած լինեն Հայաստանի սահմանը մեր ուսանողները Իսրայելից՝ 10 հոգի: Հիմա ճանապարհին են մեր երիտասարդ ուսանողները Միացյալ Նահանգներից՝ 34 հոգի։ Վերջինս շատ լավ համագործակցության օրինակ է և՛ Միացյալ Նահանգների, և՛ Վրաստանի մեր գործընկերների հետ։ Իրենք հասնելու են Թբիլիսի և այնտեղից տեղափոխելու ենք Հայաստան. վստահ եմ՝ վաղը առավոտյան արդեն հասած կլինեն Հայաստան։
Պետրոս Ղազարյան. Վերջին շրջանում, չնայած կորոնավիրուսի համաճարակին, մենք տեսնում ենք ադրբեջանական սադրանքների աճ: Ընդ որում, շատ հաճախ կրակում են ոչ թե Արցախում, այլ հենց Տավուշում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք, բացատրեք այս երևույթը և, ընդհանրապես, Մինսկի խմբի գործընթացը այսօր կա՞ կամ ի՞նչ ֆորմատով կա։ Ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդել արցախյան բանակցությունների վրա։
Զոհրաբ Մնացականյան. Կորոնավիրուսը, իրապես, որոշակի ազդեցություն ունեցել է խաղաղ գործընթացի վրա. ներկայումս դադարել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիթորինգները։ Բնականաբար, այս պայմաններում առաջնահերթ խնդիրը հրադադարի անշեղ պահպանումն է, որպեսզի բոլոր ռեսուրսները, ուժերը կենտրոնացնենք կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ։ Այս առումով, շատ գնահատելի էր համանախագահների կողմից արված հայտարարությունը: Մենք նաև ողջունել և միացել ենք ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ աշխարհում գլոբալ հրադադար հաստատելու կոչին։
Այո, արձանագրվել են զինադադարի խախտումներ Ադրբեջանի կողմից, և մենք անմիջապես արձագանքել ենք դրան, օգտագործել ենք նաև ուղիղ կապը։ Ցավոք, մենք ունեցել ենք երեք վիրավոր, որոնցից մեկը 14 տարեկան երեխա է։ Մենք անմիջապես անդրադարձել ենք դրան:
Գերակա խնդիրը հրադադարի անշեղ պահպանումն է։ Չնայած սովորական աշխատանքի տրամաբանությունը որոշ չափով խախտված է այս պայմաններում, բայց մշտական կապի մեջ ենք համանախագահների հետ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:
Հուսով եմ, որ ադրբեջանական կողմը նույնպես կունենա այդ պատասխանատվությունը առաջին հերթին իր իսկ ժողովրդի հանդեպ, քանի որ, նորից եմ կրկնում, բոլորս գիտենք՝ կորոնավիրուսը չի շրջանցել որևէ մեկին: Եվ այս պայմաններում առավել քան անպատասխանատու է իրականացնել նման խախտումներ, և հուսով եմ, որ ադրբեջանական կողմը ի վերջո նույնպես այդ պատասխանատվությունն ավելի ի ցույց կդնի:
Հիմա հանդիպումներ չկան, բայց մենք մշտական կապի մեջ ենք համանախագահների հետ և նաև գնահատում ենք այն ձևերը՝ ուղղված խաղաղ գործընթացի շարունակականության պահպանմանը:
Պետրոս Ղազարյան. Պարո՛ն նախարար, Արցախի ընտրությունների մասին. շուտով ընտրությունների երկրորդ փուլն է: Դուք գիտեք, որ շատ քննադատություն եղավ նաև Հայաստանից, որ կորոնավիրուսի ռիսկերի հետ կապված պետք է հետաձգեին ընտրությունները: Դուք գիտեք նաև, որ միջազգային այն դիտորդները, որոնք նախօրոք համաձայնեցված էին մեր դիվանագետների կողմից, այդ աշխատանքը, կոպիտ ասած՝ ջուրն ընկավ, որովհետև չվերթները չեղարկվեցին և դիտորդներ չեկան: Ինչպե՞ս եք գնահատում՝ ճի՞շտ է անցկացումը, ճի՞շտ է երկրորդ փուլը: Ինչպե՞ս կգնահատեք Արցախի ընտրությունները:
Զոհրաբ Մնացականյան. Արցախի ընտրությունները մեծ կարևորություն ունեն երեք տեսանկյունից՝ մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության և խաղաղ գործընթացի տեսանկյուններից: Արցախի ընտրություններով իրականացվում է հանրային կյանքը կառավարելու Արցախի ժողովրդի մարդու իրավունքը: Ընտրված իշխանություններն Արցախում շարունակելու են ապահովել Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգությունը:
Բնականաբար, Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության երաշխավորը: Եվ ի վերջո, Արցախի ընտրված իշխանությունները պետք է ստանան, ունենան Արցախի ժողովրդի մանդատը՝ ներկայացնելու վերջիններիս բանակցային գործընթացում:
Այս առումով ընտրություններն առավել քան կարևոր են: Արցախի իշխանություններն իրենց որոշումն ընդունել են՝ հաշվարկելով բոլոր հնարավոր ռիսկերը: Այո՛, ճիշտ եք նշում, ափսոս, որ դիտորդների առաքելությունը խափանվեց կորոնավիրուսի պատճառով, բայց ի վերջո ընտրություններն Արցախի ժողովուրդն իրականացնում է իր, և ոչ թե՝ դիտորդների համար: Արցախի իշխանություններն ընդունեցին այդ որոշումը, և մենք հարգում ենք այդ որոշումը:
Պետրոս Ղազարյան. Եվ վերջին հարցը, պարո՛ն նախարար: Այսօր շատ են կարծիքներ հնչում, որ կորոնավիրուսից հետո աշխարհն այլ կլինի: Դուք տեսնո՞ւմ եք նման վտանգ, որ աշխարհում կենտրոններ, վեկտորներ կփոխվեն: Գլոբալ աշխարհը և միջազգային հարաբերությունները կապված սահմանների բացվածության, ժողովրդավարության, պետության դերի, մարդու ազատությունների հետ, որ այլևս աշխարհն այլ կլինի: Ինչպե՞ս եք Դուք կարծում:
Զոհրաբ Մնացականյան. Մի հարց եք տալիս, որի շուրջ կարելի է զրուցել բավական երկար: Կիրառական առումով, այո՛, շատ անսովոր իրավիճակ է, և մեծ մարտահրավեր բոլորի համար միջազգային հարաբերությունների այդ բնականոն միջավայրը պահպանելու առումով: Արդեն մենք ունենք բազմաթիվ մարտահրավերներ աշխարհում և մեր տարածաշրջանում, և բազմաթիվ մարտահրավերներ մեր ազգային անվտանգության համապարփակության առումով: Կորոնավիրուսն ի հայտ է բերել նոր մարտահրավեր, բայց մեր անվտանգային միջավայրը, այսպես թե այնպես, չի փոխվել: Ինչպես է լինելու աշխարհը կորոնավիրուսի շրջանում, ինչպես է լինելու հետագայում՝ սա շատ երկար զրույցի առարկա է:
Երբ մենք առնչվում ենք այս գլոբալ մարտահրավերին, առավել արժեքավորվում է միջազգային համագործակցության կարևորությունը և նշանակությունը յուրաքանչյուր երկրի համար. բոլորս փոխկապակցված ենք: Այդ առումով մեզ համար առաջնային խնդիրը եղել և մնում է մեկը՝ մեր անվտանգային համակարգի, մեր անվտանգության ամբողջ ճարտարապետության համապարփակությունը:
Մենք ունենք կառուցած մեր անվտանգության ճարտարապետությունը, և մեզ համար, բնականաբար, առաջնահերթ խնդիրը եղել և մնում է մեկը՝ պահպանել այդ համապարփակությունը համագործակցության և մեր տարբեր գործընկերների հետ ներգրավվածության միջոցով՝ պահպանելով բոլոր այդ ձևաչափերը, որոնք օգնում և համալրում են մեր ազգային անվտանգությունը:
Պետրոս Ղազարյան. Շնորհակալություն, պարո՛ն նախարար: