ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանը «Առաջին լրատվական»-ին

13 ապրիլի, 2020

Հարց. Ինչպե՞ս եք գնահատում միջազգային արձագանքն Արցախում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ: Օրերս նաև ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն էր անդրադարձել այդ ընտրություններին և նշել, որ «այս ընտրություններն անհրաժեշտ են բանակցությունների բնականոն գործունեությունն ապահովելու համար: Այնուամենայնիվ, Ռուսաստանի Դաշնությունը չի ճանաչում Ղարաբաղը որպես անկախ պետություն»: Մենք տեսել ենք, փաստորեն, նաև ԵՄ արձագանքը, որտեղ նշվում է, որ «ԵՄ-ն այդ ընտրությունների վերաբերյալ վերահաստատում է, որ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որի սահմաններում դրանք անցկացվում են»:  

Զոհրաբ Մնացականյան. Արցախում ընտրությունները հետապնդում են երեք կարևորագույն հարց՝ մարդու իրավունքների, անվտանգության և խաղաղ գործընթացի կոնտեքստում: Այս ամենի մեջ, եթե տեղավորենք մեր մոտեցումները, կհասկանանք, որ անհրաժեշտ են այս ընտրությունները: 

Սա կարևորագույն գործառույթ է Լեռնային Ղարաբաղում, որը ժողովրդավարական ձևաչափերի մեջ իրականացնում է իր կյանքի կազմակերպումը, իր կառավարման կազմակերպումը՝ որպես քաղաքական միավոր, որն ունակ է, կարող է այդ ամենն անել: Այդ առումով մենք գիտենք արձագանքները, որոնք շարունակական են: 

Մեզ համար նույնպես խաղաղ գործընթացի բնականոն շարունակումը մնում է չափազանց էական, և մենք ամբողջովին կենտրոնացած ենք դրա վրա: Բացի դրանից Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի սուբյեկտայնությունը և դերակատարությունը խաղաղ գործընթացում առավել քան ընդգծված են մեր դիրքորոշումների մեջ: Շատ լավ հասկանում եք, որ առանց Արցախի Արցախի ապագան չի լուծվելու: Եվ դրա համար Արցախի իշխանությունները պետք է ունենան համապատասխան մանդատ, որն արտահայտվում է ընտրություններով, և սա բնականոն գործընթաց է Արցախում: Պետք է լինեն իշխանություններ՝ իրենց մանդատով, որպեսզի լավագույնս արտահայտեն խաղաղ գործընթացի արդյունքները:  

Հարց. Պարոն Մնացականյան, այս արձագանքները ինչի՞ մասին են խոսում։ Ինչո՞ւ, ըստ էության, անհրաժեշտություն առաջացավ այսպիսի հայտարարություններ անել Եվրամիության կողմից, ամեն դեպքում, որ չեն ճանաչում Արցախի սուբյեկտայնությունը։ 

Զոհրաբ Մնացականյան. Որևէ նոր բան չի հնչել, որովհետև բանակցային գործընթացը վերաբերում է բանակցությունների, խաղաղ գործընթացի միջոցով վերջնականացնել տարբեր հարցեր, որոնց շրջանակներում մեզ համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի` Արցախի ստատուսն է և անվտանգությունը։ Մենք արդեն բազմիցս խոսել ենք սրա մասին։  

Հարց. Պարոն Մնացականյան, հեռախոսազրույց եք ունեցել Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հետ։ Ի՞նչ հարցերի շրջանակ եք քննարկել, մասնավորապես կորոնավիրո՞ւսն եղել։

Զոհրաբ Մնացականյան.  Այս շրջանում բազմաթիվ առիթներ են լինում զրուցելու տարբեր գործընկերների հետ, և մենք դրա մասին հայտնում ենք։ Գիտեք, որ նաև առիթ եմ ունեցել խոսելու և Վրաստանի արտգործնախարարի հետ, և եվրոպական տարբեր գործընկերների հետ։ 

Այժմ, բնականաբար, բոլորը կենտրոնացած են այս համավարակի կանխարգելմանը և կյանքը բնականոն ընթացքին վերադարձնելուն։ Այս պայմաններում կան բազմաթիվ հարցեր, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ նաև մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի մենք կարողանանք շատ ավելի արդյունավետ աշխատել այս համավարակին արձագանքելու և հակադարձելու ուղղությամբ, առավել ևս հարևանների հետ, առավել ևս այն ուղղություններով, որոնք մեզ համար կարևոր են: Կենսական նշանակության տարբեր հարցեր ունենք. դա վերաբերում է և մեր քաղաքացիների շարժին, և բեռների շարժին, և համադրված գործողություններին, որոնք էլ ավելի ուժեղացնում են մեր կարողությունները հակադրվելու այս համավարակին։

Հարց. Նավթի գների անկումը և հնարավոր ազդեցությունը Ադրբեջանի տնտեսության վրա և հակամարտության վրա գնահատվա՞ծ են, թե` ոչ։  

Զոհրաբ Մնացականյան. Միջազգային օրակարգի յուրաքանչյուր զարգացում գնահատվում է, և մեր ռազմավարական, մարտավարական բոլոր գործողությունները, բնականաբար, հիմնվում են հաշվարկների և գնահատականների վրա։ Բնականաբար, Որևէ զարգացում աշխարհում չի կարող անտեսված լինել կամ չգնահատվել մեր կողմից. դա բնականոն բան է։ 

 

Տպել էջը