Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանի հարցազրույցը «Riafan.ru» Դաշնային լրատվական գործակալությանը

13 սեպտեմբերի, 2020

Հարց․ Մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում «Նեզավիսիմայա գազետան», գրեցին, որ Թուրքիայի հրահրմամբ սիրիացի զինյալներ են պատրաստվում Ադրբեջանում։ Պատրաստվում են Հայաստանի դեմ: Ասեք խնդրում եմ, ի՞նչ եք մտածում այս կապակցությամբ և մտադի՞ր եք արդյոք քննարկել այս հարցը արաբական երկրներում:

Պատասխան. Վերջին տարիներին տարածաշրջանում շարունակական անկայունությունն ու ճգնաժամային իրավիճակները սպառնալիքներ և ռիսկեր են ներկայացնում ինչպես Հայաստանի անվտանգության, այնպես էլ Մերձավոր Արևելքի հայ համայնքների բնականոն կենսագործունեության ապահովման համար: Հետևաբար, մեզ չի կարող չանհանգստացնել Թուրքիայի ագրեսիվ ծավալապաշտական քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանի տարբեր կետերում բաց առճակատում ստեղծելուն և դրանով իսկ ավելի է խորացնում տարածաշրջանում առանց այդ էլ սրված իրավիճակը՝ դրանով էլ ավելի ապակայունացնելով այն:

Հայաստանի և Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար Ադրբեջանի տարածքում սիրիական զինյալների պատրաստման մասին տեղեկատվությունը դրա վառ օրինակն է: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ծայրահեղականների օգտագործման և Թուրքիայի կողմից տարբեր շրջաններ ահաբեկչական տարրերի արտահանման նախադեպերը, մենք շատ լուրջ ենք վերաբերվում նմանօրինակ սպառնալիքին:

Տարիներ շարունակ Հայաստանը բարձրացնում է այս հարցը ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ մեր գործընկերների հետ երկկողմ քննարկումների ձևաչափում: Մենք բազմիցս նախազգուշացրել ենք նման քաղաքականության աղետալի հետևանքների մասին, հատկապես 2016-ի ապրիլյան ագրեսիայից հետո, երբ Արցախի խաղաղ բնակչության դեմ նետվեցին ԻԼԻՊ-ի գրոհայիններ և թուրքական ազգայնական խմբավորումների արմատականներ: Հանդիսանալով միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ Հայաստանը կողմնակից է տարածաշրջանում    ապաարմատականացմանը: Մենք կոչ ենք արել և կշարունակենք կոչ անել ձեռնարկել ավելի վճռական միջոցառումներ` տարածաշրջանում արմատական ​​և ծայրահեղական տարրերի տարածումը կանխելու համար, հատկապես, երբ այդպիսի տարրերը ծառայում են որպես առանձին պետությունների կամ նրանց ղեկավարների քաղաքական նպատակներին հասնելու միջոց:

Հարց․ Կարելի՞ է ասել, որ Հայաստանի արտգործնախարարի այցերի շարքը խորհրդանշում է Հայաստանի վերադարձը Մերձավոր Արևելք:

Պատասխան. Հայաստանի՝ մերձավորարևելյան նոր ռազմավարությունը նպատակաուղղված է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում ակտիվ ներգրավմանը՝ չեզոքացնելու ակնհայտ սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնք բխում են շարունակական հակամարտություններից, քաղաքացիական և «միջնորդավորված» (պրոքսի) պատերազմներից, ահաբեկչական խմբավորումների և սահմանային ծայրահեղական ուժերի անվերահսկելի գործողություններից, ինչպես նաև սոցիալ-տնտեսական, ֆինանսական, մարդասիրական և ժողովրդագրական խորացող ճգնաժամերից: Հայաստանը չափազանց շահագրգռված է` ամրապնդելու Մերձավոր Արևելքի տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը, ինչը հենց Հայաստանի անվտանգության միջավայրի կարևոր բաղադրիչ է և ունի ռազմավարական նշանակություն ոչ միայն տարածաշրջանում հայկական ավանդական համայնքների առկայության, այլև ոչ պակաս կարևոր` մեր ազգային շահերի պաշտպանության և առաջմղման համար:

Դժվար է գերագնահատել Մերձավոր Արևելքի նշանակությունը Հայաստանի համար: Մեզ կապում է պատմական և մշակութային ընդհանրությունը: Մերձավոր Արևելքը հիմնականում հայկական ավանդական սփյուռքի ծագման կենտրոններից մեկն է, որը ձևավորվել է Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության արդյունքում: Եվ մինչ օրս, չնայած տարածաշրջանը պատուհասած ցնցումներին, որոնց մեջ ներգրավված են նաև հայկական համայնքները, հայերը շարունակում են կարևոր հասարակական-քաղաքական դեր ունենալ Մերձավոր Արևելքում: Զարմանալի չէ, որ անկախացումից ի վեր հիանալի հարաբերություններ են ձևավորվել տարածաշրջանի շատ երկրների հետ:

Մեր երկրների միջև ամրապնդվել են երկկողմ համագործակցության հաստատված ավանդույթները, որոնք ներառում են բարձր մակարդակի այցեր, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով: Մերձավոր Արևելքի տարածաշրջանը երբեք չի կորցրել իր նշանակությունը Հայաստանի համար: Ընդհակառակը, այս տարիների ընթացքում տարածաշրջանում հաստատվել է մարդասիրական ոլորտում փոխգործակցության ուժեղ ավանդույթ: Հայաստանը խաղաղապահ և մարդասիրական առաքելություններ է իրականացնում տարածաշրջանում, ինչպես, օրինակ, Լիբանանում` UNIFIL խաղաղապահ առաքելության շրջանակներում: Մենք բազմիցս մարդասիրական բեռներ ենք ուղարկել և շարունակում ուղարկել Սիրիա և Լիբանան:

Սիրիայում հայ սակրավորները մարդասիրական ականազերծում են իրականացնում Հալեպի շրջանում պատերազմից զերծ գոտում: Բացի այդ, սակրավորների խմբում նշանակվել են տարբեր մասնագիտացմամբ մի քանի բարձր որակավորում ունեցող բժիշկներ, որոնք քաղաքացիական բնակչությանը անվճար բուժօգնություն են տրամադրում: Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ավերիչ պայթյունից հետո Հայաստանը մարդասիրական օգնության երեք ինքնաթիռ է ուղարկել պայթյունից տուժածներին:

 Շարունակվում է տարածաշրջանում մեր դիվանագիտական ​​ներկայության ընդլայնումը: Վերջին մեկ տարվա ընթացքում մենք երկու նոր դեսպանություն ենք բացել/հիմնել՝ Թել Ավիվում և Դոհայում, շուտով կսկվի գործել նաև Էրբիլում գլխավոր հյուպատոսությունը: Զգալիորեն ակտիվացել են Հորդանանի հետ երկկողմ հարաբերությունները: Անցյալ տարի Հայաստանի նախագահն աշխատանքային այց կատարեց Թագավորություն, իսկ այս տարվա սկզբին Հորդանանի թագավորը պատմության մեջ առաջին անգամ այց կատարեց Հայաստան:

 Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի տարածաշրջանային այցը նշանակալից քայլ է մերձավորարևելյան տարածաշրջանի հետ արտաքին քաղաքական կապերն ակտիվացնելու առումով, ինչպես նաև կարևոր ուղերձ է առ այն, որ տարածաշրջանը մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում, և մենք աշխատելու ենք մեր հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: Արտաքին քաղաքականության մեր նոր ուղղությունը Մերձավոր Արևելքում ուղղված է տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների հետևողական ակտիվացմանը և բազմավեկտոր համագործակցության դինամիկ զարգացմանը:

 

Ամբողջական հոդվածը հասանելի ՝ հետևյալ հղմամբ՝ https://riafan.ru/1311349-armeniya-vozvrashaetsya-na-blizhnii-vostok-iz-za-tureckoi-ugrozy:

 

Տպել էջը