ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հարցազրույցը հնդկական “WION” լրատվամիջոցին
02 հոկտեմբերի, 2020Հարց․ Բախումների ընթացքում ի՞նչ տեսակի միջազգային աջակցություն եք ստանում: Գիտենք, որ տարածաշրջանը բաժանված է․ կան երկրներ, որ աջակցում են ձեզ, և կան այնպիսիք, որոնք չեն աջակցում, այստեղ խոսքը հատկապես վերաբերում է Թուրքիային։ Ուստի խնդրում ենք մանրամասներ տրամադրել ձեզ ցուցաբերվող աջակցության մասին, և հատկապես՝ ինչպես եք գնահատում Հնդկաստանի աջակցությունը։
Ավետ Ադոնց. Միջազգային հանրությունը քաջատեղյակ է, որ այս պարտադրված կամ հրահրված պատերազմը Թուրքիայի հետ համատեղ կերպով նախապես ծրագրված է եղել: Դա ակնհայտ էր և փաստերով ապացուցված: Այստեղ որևէ այլ կարծիք չի կարող լինել: Ակնհայտ է, որ անհրաժեշտ դե-եսկալացիա: Միջազգային հանրությունը, առաջնորդները լարվածությունը թուլացնելու, ռազմական գործողությունները դադարեցնելու կոչեր են անում, սակայն այդ բոլոր կոչերը հասցեագրված են Ադրբեջանին և Թուրքիային, քանի որ Թուրքիայի ներգրավվածությունն Ադրբեջանի կողմից սանձազերծված այս ռազմական գործողություններում չափազանց մեծ է, և սա քաղաքական քարտեզի այս հատվածում նոր գործոն է: Նրանք գործնականորեն այնտեղ են, նրանք օժանդակում, աջակցում են Ադրբեջանին ոչ միայն քաղաքականապես, այլև շատ գործնականորեն. ես նկատի ունեմ նրանց ռազմական ներկայությունը, նրանց զենքերը, օդանավերը, դրոնները և, իհարկե, ռազմական անձնակազմը:
Հարց. Մենք լուրեր ենք ստանում Թուրքիայի կողմից այս մարտերին ջիհադիստների տեղափոխման վերաբերյալ: Ինչ կասեք այս առնչությամբ, այդ լուրերն արժանահավա՞տ են:
Ավետ Ադոնց. Դա հարցականի տակ չի դրվում: Եթե տարբեր անձինք, լրատվամիջոցներ, նույնիսկ որոշ երկրներ սկզբում որոշակի կասկածներ ունեին այդ հաղորդումների, սակայն, այժմ այդ կասկածները լիովին փարատվել են: Ես խոսում եմ ոչ միայն ջիհադիստներին, այլև Սիրիայի հյուսիսային հատվածի տարբեր վարձկանների մասին, որոնք հավաքագրվել և տեղափոխվել են Ադրբեջան, և Թուրքիան շատ գործնական դեր է ունեցել այդ հավաքագրման գործընթացում: Թվերը տատանվում են հազարից հինգ հազարի միջակայքում, սակայն փաստերից ակնհայտ և ապացուցված է դառնում, որ նրանք արդեն իսկ այնտեղ են, կռվում են Արցախի ժողովրդի, Արցախի Պաշտպանության բանակի դեմ: