ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամաբ վանդալիզմի կապակցությամբ
02 նոյեմբերի, 2020Խստորեն դատապարտում ենք Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ իրականացված վանդալիզմի ակտը, որին նախորդել են վերջին ամիսների ընթացքում Ֆրանսիայի այլ քաղաքներում հայկական հուշարձանների պղծման դեպքեր և թուրքական ծայրահեղական կազմակերպությունների կողմից ատելության հողի վրա հակահայկական զանգվածային գործողություններ։
ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի վրա արված գրառումներն առավել քան խոսուն են, քանի որ պարունակում են Հայոց ցեղասպանության կրկնման սպառնալիք և Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանի փառաբանում:
Պատահական չէ, որ հայ ժողովրդի հասցեին նմանօրինակ սպառնալիքներ հնչեցվում են այն ժամանակ, երբ թուրք-ադրբեջանական ցեղասպան դաշինքը միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ փորձում է բնաջնջել Արցախի հայ բնակչությունը:
Համոզված ենք, որ ֆրանսիական իշխանությունները պատասխանատվության կկանչեն այս վանդալիզմն իրականացողներին և նրանց ետևում կանգնած ծայրահեղական ուժերին: