ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանի հարցազրույցը «Արմենպրես» լրատվական գործակալությանը
18 դեկտեմբերի, 2020Հարց. Ադրբեջանի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողություններից հետո հակառակորդի վերահսկողության տակ են անցել բազմաթիվ հայկական մշակութային հուշարձաններ: Ի՞նչ գործողություններ է ձեռնարկում նախարարությունը հուշարձանները վանդալիզմից փրկելու համար:
Պատասխան. Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցը գտնվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մշտական ուշադրության կենտրոնում: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ զինադադարի հաստատումից հետո, այլ հումանիտար խնդիրների հետ մեկտեղ, անհետաձգելի հարցերից մեկն է դարձել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պատշաճ և երաշխավորված պահպանումը, վանդալիզմի դեպքերի կանխումը և մշտադիտարկման հնարավորությունների ընդլայնումը։
Ադրբեջանաթուրքական ագրեսիայի առաջին իսկ օրերից ԱԳՆ ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր՝ սևեռելու միջազգային հանրության ուշադրությունը կատարվող հանցագործությունների վրա, դատապարտելու և կանխելու հուշարձանների դիտավորյալ վնասելու դեպքերը։ Հայկական կողմի մտահոգությունները փոխանցվել են գործընկեր բոլոր կառույցներին և երկրներին:
ՀՀ արտաքին գործերի նախարարը խնդրի մասին բարձրաձայնել է իր գործընկերների, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցների և հանդիպումների ընթացքում: Այս հարցում սերտ համագործակցություն է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ։
Հարց. Ո՞ր կառույցների հետ եք հատկապես ակտիվ աշխատում: Խնդրում եմ թվարկել և ներկայացնել կատարված աշխատանքը:
Պատասխան. Արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 27-ին սանձազերծված ագրեսիայից ի վեր ակտիվ համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, ինչպես նաև կապի մեջ է եղել մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կառույցների և կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ Համաշխարհային հուշարձանների հիմնադրամ, Թանգարանների միջազգային խորհուրդ (ԻԿՕՄ), Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ (ԻԿՕՄՕՍ), «Կապույտ վահան» միջազգային կազմակերպություն, Մշակութային արժեքների պահպանման և վերականգնման հարցերով միջազգային հետազոտական կենտրոն (ԻԿԿՌՕՄ), Հնագետների եվրոպական ասոցիացիա, Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության հարցերով միջազգային ալիանս (ALIPH): Վերջիններիս ուշադրությունը հրավիրվել է Արցախի հայկական պատմամշակութային հուշարձանների և հնագիտական վայրերի վտանգված լինելու խնդրին։ Վերոնշյալ կազմակերպություններից շատերը հանդես են եկել հայտարարություններով՝ մտահոգություն հայտնելով Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության առնչությամբ:
Հարց. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը գործնականում ի՞նչ քայլեր է իրականացրել և իրականացնում հուշարձանների պահպանության համար:
Պատասխան. Հայկական կողմը բարձր է գնահատում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր դերը մշակութային ժառանգության պահպանման գործում և գործնական քայլեր է ձեռնարկում ապահովելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավումը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության գործում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ վարվող շարունակական աշխատանքների շրջանակներում՝ Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից պատրաստվել և կազմակերպության գլխավոր քարտուղարին, ինչպես նաև անդամ երկրների ազգային հանձնաժողովներին են ներկայացվել պատերազմի ընթացքում հայկական մշակութային ժառանգության հուշարձանների միտումնավոր թիրախավորումն ու ռմբակոծումը հիմնավորող համապարփակ նյութեր և փաստեր։
Բացի այդ, հայկական կողմը ՅՈՒՆԵՍԿՕ-ին տեղեկացրել է ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող ֆիզիկական ոչնչացման և սրբապղծման վտանգի, ինչպես նաև հայկական քրիստոնեական հուշարձանները «աղվանական» ներկայացնելու միջոցով դրանց ինքնության աղավաղմանն ուղղված ադրբեջանական հետևողական քաղաքականության մասին՝ կազմակերպությանը փոխանցելով վտանգված հայկական հուշարձանների նախնական ցանկը: Ընդգծվել է, որ Արցախի տարածքում հայկական քաղաքակրթական ներկայության ցանկացած հետքի իսպառ բնաջնջմանն ու նենգափոխմանն ուղղված այս բոլոր գործողությունները հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի կոնվենցիայի, վերջինիս երկու արձանագրությունների, ինչպես նաև ՄԱԿ ԱԽ 2017 թվականի 2347 բանաձևի բացահայտ խախտում են, հակասում են համամարդկային արժեքներին: Նմանօրինակ քայլերը պետք է դատապարտվեն և կանխվեն այս ուղղությամբ գործադրվող ջանքերի շնորհիվ:
Նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն հանդես է եկել հայտարարությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել տեխնիկական աջակցություն և առաքելություն ուղարկել Արցախ՝ տարածաշրջանի պատմամշակութային և կրոնական ժառանգությանը տեղում ծանոթանալու և դրանց արդյունավետ պահպանման ուղղությամբ իրականացվելիք անհրաժեշտ քայլերը նախանշելու նպատակով: Առաքելության իրականացման հարցն այսօր օրակարգում է, մենք աշխատում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեր գործընկերների հետ՝ համաձայնեցնելու համար առաքելության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ մանրամասները:
Հարկ է ընդգծել, որ դեկտեմբերի 10-11-ին կայացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի նիստը, որի ընթացքում նաև Հայաստանի նախաձեռնությամբ ընդունվեց որոշում 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 2-րդ արձանագրության շրջանակներում մշտադիտարկման և վերահսկման լրացուցիչ մեխանիզմների ներդրման վերաբերյալ: Միաժամանակ, վերոնշյալ նիստի ընթացքում ընդունվել է հայտարարություն Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում մշակութային արժեքների պաշտպանության ապահովման և անկախ տեխնիկական առաքելության իրականացման վերաբերյալ: Սույն հայտարարությամբ կոչ է արվում պաշտպանել Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների մշակութային ժառանգությունը և կանխել դրանց հետագա վնասումը: Միաժամանակ, այն կոչ է անում հնարավորինս շուտ իրականացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելություն:
Նշենք նաև, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանն ու Ֆրանսիան, մտահոգված լինելով Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական քրիստոնեական մշակութային և կրոնական ժառանգության ճակատագրով, իրենց գործնական աջակցությունն են բերում խնդրի կարգավորմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի արդյունավետ ներգրավման ուղղությամբ: