ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20 հունիսի, 2021Այսօր միջազգային հանրությունը նշում է Փախստականների համաշխարհային օրը՝ դեռևս շարունակելով առերեսվել բռնի տեղահանմանը:
Այս տարի Հայաստանի և հայ ժողովրդի համար փախստականների միջազգային օրը վերաիմաստավորվում է նաև նոր մարտահրավերների ի հայտ գալով։
2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հարձակումը հանգեցրեց զանգվածային բռնի տեղահանումների:
Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում իրենց բնակավայրերից տեղահանվել և Հայաստանում էր հաստատվել մոտ 90.000 մարդ, որից 88 տոկոսը կանայք և երեխաներ էին: Այս մարդիկ ստիպված են եղել թողնել իրենց տունն ու սերունդների կողմից կուտակված ունեցվածքը՝ զանգվածային ոճրագործություններից փրկվելու համար:
Տեղահանվածների զգալի մասը, մասնավորապես` Շուշիից և Հադրութի շրջանից, այսօր չի կարող վերադառնալ հայրենի բնակավայրեր, քանի որ դրանք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո:
Նրանցից շատերը փախստական են դարձել կրկնակի անգամ, քանի որ տեղահանվել են 1990-ական թթ. Ադրբեջանի տարբեր քաղաքներից, ինչպես նաև Արցախի՝ ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո անցած և էթնիկ զտումների ենթարկված բնակավայրերից:
Մասնավորապես, խոսքը գնումէ Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի հյուսիսում գտնվող գյուղերից տեղահանված հայերի մասին, որոնց մեծ մասը բնակություն էին հաստատել Արցախում: Արցախի դեմ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայի ժամանակ այս մարդիկ կրկին տեղահանվել են` առերեսվելով ստեղծված հումանիտար ճգնաժամի հետևանքներին։
Չի իրականացվում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որի համաձայն՝ «ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»: Դեռևս չեն վերականգնվել արցախահայության իրավունքները և, առաջին հերթին, իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի ապահովումը և համապատասխան պայմանների ստեղծումը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքների դեօկուպացիայի միջոցով: Քաղաքականացնելով տուժած ազգաբնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու խնդիրը՝ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային կառույցների և, մասնավորապես, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքն Արցախ: Արդյունքում` ստեղծվել է աննախադեպ հումանիտար իրավիճակ, երբ ռազմական գործողությունների ավարտից ավելի քան յոթ ամիս հետո Արցախում գտնվող ներքին տեղահանվածները զրկված են համապարփակ միջազգային մարդասիրական պաշտպանությունից։
Հայաստանը բազմիցս է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հակամարտային գոտիներում բնակվող ազգաբնակչության խոցելիության հանգամանքի վրա՝ կոչ անելով ապահովել վերջիններիս պաշտպանվածությունը միջազգային իրավունքի, առաջին հերթին` մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի հիման վրա:
Դատապարտելի է փախստականների խնդիրների շահարկումը և դրանք քաղաքական ճնշման գործիք դարձնելու ամոթալի գործելակերպը:
Մարդասիրական ծրագրերի իրականացումը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված բնակչությանը հրատապ հումանիտար օժանդակության ցուցաբերումը պետք է իրականացվեն անկախ որևէ հանգամանքից, այդ թվում` տարածքի կարգավիճակից: