Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հակիրճ տեղեկանք
13 սեպտեմբերի, 2021Սեպտեմբերի 14-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկը: Այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն:
Հայ-սլովակյան հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական և գործընկերային բնույթ: Սլովակիան հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և Հայաստանը շահագրգռված է՝ ընդլայնելու և խորացնելու Սլովակիայի հետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այլ բնագավառներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով:
Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. հունվարի 14-ին: Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը (նստավայրը՝ Վիեննա) 2019թ. դեկտեմբերի 17-ին իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային: 2019թ. նոյեմբերի 15-ին Սլովակիայում ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել Բագրատ Հակոբյանը:
2019թ. Սլովակիան որոշում կայացրեց Երևանում Սլովակիայի ռեզիդենտ դեսպանություն հիմնելու վերաբերյալ, որի բացումը տեղի ունեցավ 2020թ․ փետրվարի 24-ին՝ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի մասնակցությամբ։ ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության դեսպանն է Միրոսլավ Հացեկը:
Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Սլովակիան վավերացրել է 2019թ. հունիսի 4-ին:
2018թ. նոյեմբերի 21-ին Երևանում Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև անց են կացվել քաղաքական խորհրդակցություններ:
Հայաստանի և Սլովակիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2020թ. կազմել է 17,669.0 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ-ից Սլովակիայի Հանրապետություն ապրանքների արտահանումը 2020թ. կազմել է 8312,8 հազ. ԱՄՆ դոլար, ներմուծումը՝ 9356,2 հազ. ԱՄՆ դոլար:
Սլովակյան տնտեսության և բիզնեսի տեսանկյունից Հայաստանը դիտարկվում է որպես հանգույց (hub)՝ դեպի Կենտրոնական Ասիայի շուկաները:
Երկու երկրների ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում փոխգործակցություն է հաստատվել ՀՀ Արմավիրի մարզի և Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասի միջև: Երևանն ու Բրատիսլավան ունեն եղբայրացման մասին համաձայնագիր:
Սլովակիայի խորհրդարանում գործում է Հայաստանի և Վրաստանի հետ բարեկամական խումբ՝ բաղկացած տարբեր խմբակցություններ ներկայացնող 11 պատգամավորից:
Սլովակիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում պահպանում է ԵՄ կողմից որդեգրված դիրքորոշումը՝ հակամարտության խաղաղ կարգավորումն իրականացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
2004թ. նոյեմբերի 30-ին Սլովակիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև է ընդունել։ Սլովակիան համահեղինակել է ՀՀ կողմից 2013թ., 2015թ. և 2018թ. Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում առաջադրած և հեղինակած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:
Բարձրաստիճան հանդիպումներ և փոխայցելություններ
2020թ. փետրվարին Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակն այցելել է Հայաստան:
2019թ. հունվարին Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի և Սլովակիայի վարչապետ Պ. Պելլեգրինի միջև:
ՀՀ ԱԳ նախարար Զ. Մնացականյանը և Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Մ. Լայչակը հանդիպել են 2018թ. սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի, 2018թ. դեկտեմբերին՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի, 2019թ. փետրվարին՝ Մյունխենի անվտանգության խորհրդի, 2019թ. սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի, 2019թ. դեկտեմբերին՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում: