ՀՀ ԱԳՆ հայտարարությունը մարտի 7-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ

07 մարտի, 2022

Մարտի 7-ին, ՀՀ սահմանագոտու արևմտյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, ևս մեկ զինծառայող ստացել է վիրավորում:

Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորված զինծառայողին:

Չնայած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է, թե ՀՀ ԶՈՒ զինծառայողը զոհվել է իրենց ստորաբաժանումների գործողությունների հետևանքով, մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության մասին պաշտոնական հաղորդագրությունը համահունչ է ադրբեջանական ստորաբաժանումների ագրեսիվության աճի տրամաբանությանը:

Դատապարտելով ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանությունը՝  հարկ ենք համարում ընդգծել, որ այս և նմանօրինակ միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները ավելի են հիմնավորում Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը:

Կարևոր ենք համարում նաև, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին պատշաճ գնահատական տրվի միջազգային հանրության կողմից:

 

Տպել էջը