ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Արմենպրես» լրատվական գործակալությանը
15 մարտի, 2022Հարց․ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից երեկ հրապարակվեց, ըստ իրենց, Հայաստանին փոխանցված խաղաղության պայմանագրի 5 սկզբունքները։ Արդյո՞ք հենց դա է Հայաստանին փոխանցված փաստաթուղթը։
Պատասխան․ Այո, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանրայնացրել է Հայաստանին փոխանցված առաջարկները։ Ի դեպ, ուշագրավ է, որ փետրվարի 21-ով թվագրված նամակը հայկական կողմին փոխանցվել է միայն մարտի 10-ին։
Հարց․ Ինչպիսի՞ն է հայկական կողմի դիրքորոշումը նշյալ առաջարկների վերաբերյալ։
Պատասխան․ Նախ կարևոր է ընդգծել, որ խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցություն պիտի ընթանա առանց նախապայմանների։
Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ։
Հարկ է նկատել նաև, որ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական առաջարկին՝ համահունչ նշված դիրքորոշմանը։
Հարց․ Ադրբեջանի կողմից հնչեցված առաջարկներում անդրադարձ է կատարվում նաև երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Ինչպե՞ս են ընթանում այս գործընթացները։
Պատասխան․ Մենք համարում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունները պետք է լիարժեք կյանքի կոչվեն, և մենք շարունակում ենք հետևողական լինել այս ուղղությամբ։ Ինչպես գիտեք, մենք նույնիսկ հանդես ենք եկել այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համալիր առաջարկներով, ինչպես օրինակ զորքերի հայելային հետքաշմամբ և միջազգային մոնիթորինգի մեխանիզմի ներդրմամբ սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջարկը, որոնք սակայն ադրբեջանական կողմը մերժել է։
Հարց․ Ի՞նչ ձևաչափում եք տեսնում խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցությունները։
Պատասխան․ Ավելի վաղ արդեն իսկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը։