ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխաններն Արմենպրես լրատվական գործակալության հարցերին
25 նոյեմբերի, 2022Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսվող հանդիպումը տեղի չի ունենա ձևաչափի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման պատճառով: Ինչպես կմեկնաբանեք դա:
Պատասխան. Ցանկանում ենք հիշեցնել, որ նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ հենց ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:
Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացը, իրականության հետ որևէ աղերս չունեն։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռքբերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն։
Հարց. Վաշինգտոնում նոյեմբերի 7-ին անցկացված հանդիպման ընթացքում Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական առաջարկները: Արդյոք որևէ զարգացում կա այս առումով:
Պատասխան. Այս պահի դրությամբ խաղաղության պայմանագրի մեր առաջարկներին Ադրբեջանը չի պատասխանել։