ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ
09 դեկտեմբերի, 20222015 թվականին ՄԱԿ անդամ երկրները՝ Հայաստանի նախաձեռնությամբ, դեկտեմբերի 9-ը հռչակեցին որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:
Օրվա խորհուրդը բոլոր ժամանակների ցեղասպանության զոհերի հիշատակի հարգումն է, ինչպես դա սահմանում է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան՝ ընդունելով, որ «պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը»:
Հենց այս օրը նշվում է 1948 թվականին ընդունված Կոնվենցիայի 74-րդ տարելիցը: Այս փաստաթուղթը՝ լինելով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված մարդու իրավունքների վերաբերյալ առաջին պայմանագիրը, տվեց ցեղասպանության իրավական սահմանումը՝ հիմնվելով նաև Հայոց ցեղասպանության օրինակի վրա:
Այսօր հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերին, մարդկությունը կրկին պարտավորված է հարգելով անմեղ նահատակների հիշատակը՝ թույլ չտալ հետագա ցեղասպանությունների իրականացում: Հանդիսանալով ցեղասպանության արհավիրքի միջով անցած ժողովրդի ժառանգներին ներկայացնող պետություն՝ Հայաստանն այսօր միջազգային ասպարեզում ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերը համախմբելու առաջամարտիկներից է:
Այս տարի դեկտեմբերի 9-ի և Կոնվենցիայի 74-ամյակի տարելիցի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունն անց է կացնելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը, որտեղ կքննարկվեն նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կարխարգելմանը վերաբերող հարցեր: