Հայտարարություն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների արդյունքներով
19 մայիսի, 2023Մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով կայացել են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև:
Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներկայացրել են իրենց դիրքորոշումները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի վերաբերյալ։
Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։ Տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ։
Նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ռուսական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կազմակերպելու համար: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները:
Նախարարները նաև առանձին հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: