ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը ավստրիական «DerStandard» օրաթերթին
21 հուլիսի, 2023Ավստրիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ավստրիական առաջատար «DerStandard» օրաթերթին: Ստորև ներկայացնում ենք լրագրողի հարցերն ու դրանց պատասխանները:
Հարց. Շաբաթ օրը Բրյուսելում կրկին խաղաղության շուրջ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ո՞րն է բանակցություններում Ձեզ համար ամենակարևոր կետը։
Պատասխան. Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող կարգավորել իրենց հարաբերություններն՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։ Ադրբեջանը մշտապես խոսել է Հայաստանի կողմից տարածքային պահանջների մասին։ Սակայն մեզ համար խնդիրը մարդկանց անվտանգության և հիմնարար իրավունքների մասին է։
Հարց. Վերջերս լուրեր տարածվեցին Լաչինի միջանցքի արգելափակման մասին, որը դեպի Լեռնային Ղարաբաղ տանող կարևոր տրանսպորտային հանգույց է: Ինչպիսի՞ն է ներկայիս իրավիճակն այնտեղ։
Պատասխան. Լաչինի միջանցքը կյանքի միակ ճանապարհն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացյալ աշխարհի հետ։ Այն ապօրինաբար փակվել է արդեն յոթ ամիս առաջ 2020 թվականի նոյեմբերի՝ հրադադարի մասին հայտարարության խախտմամբ։ Սկզբնական շրջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ռուսական խաղաղապահ ուժերը կարողացել են Լեռնային Ղարաբաղ մատակարարել սննդամթերքի և դեղորայքի առնվազն որոշ քանակ։ Սակայն արդեն մեկ ամիս է, ինչ միջանցքն ամբողջությամբ արգելափակված է։ Ոչինչ չի անցնում: Լեռնային Ղարաբաղը փաստացի շրջափակման մեջ է:
Հարց. Ելք տեսնու՞մ եք:
Պատասխան. Հումանիտար իրավիճակը շատ ծանր է, մենք մոտ ենք հումանիտար աղետի: Ուստի միջազգային հստակ աջակցության ցուցաբերումը հրատապ է։
Հարց. Միջազգային շատ դերակատարներ ցանկանում են միջնորդել՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ը, նաև՝ Ռուսաստանը: Սակայն ամեն մեկն էլ նաև իր շահն է հետապնդում։ Դուք դա միշտ ընկալում եք որպես աջակցությո՞ւն, թե՞ երբեմն նաև ճնշում եք զգում:
Պատասխան. Գործընթացը երկու հարթություն ունի՝ քաղաքական, որի մասին Դուք հիմա հարցնում եք, և հումանիտար: Ես կառանձնացնեի այս երկու ասպեկտները: Նախևառաջ մեզ անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական միջամտություն՝ 120.000 մարդու սովից փրկելու համար: Ապա մենք կարող ենք շարունակել բանակցել բոլորի հետ, ովքեր շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ։
Հարց. Ո՞րն է տևական խաղաղության նախապայմանը:
Պատասխան. Կարևոր է, որ մենք խուսափենք թշնամության ևս մեկ վտանգավոր շրջապտույտ մտնելուց: Հարավային Կովկասում արդեն բավականաչափ արյուն է թափվել: Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն առանցքային նշանակություն կունենա: Կարևոր է նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցին, կարծում ենք, որ դրա լավագույն մեխանիզմը կլինի միջազգային մասնակցությամբ երկխոսությունը։
Հարց. Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականին կնքված հրադադարից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանր ճնշման տակ հայտնվեց. շատերը հրադադարն ընկալեցին որպես «կապիտուլյացիա», երբեմն տեղի էին ունենում բողոքի բուռն ակցիաներ: Ինչպիսի՞ն է այսօր տրամադրությունը Հայաստանում։
Պատասխան. Այո, այդ ժամանակ լուրջ ճգնաժամ կար։ Կազմակերպիչների շարքում էին ծայրահեղական ուժեր: Նաև կառավարական շենքերը ենթարկվեցին հարձակման։ Ես ինքս հարձակման եմ ենթարկվել, այն ժամանակ խորհրդարանի նախագահն էի: Մենք որոշեցինք ժողովրդին դիմել: Այդպես է գործում ժողովրդավարությունը։ Ընտրությունների հիմնական հարցերն էին Փաշինյանի խաղաղության օրակարգը և թե արդյոք Հայաստանը պետք է շարունակի իր ժողովրդավարական բարեփոխումները։ Չնայած բոլոր դժվարություններին՝ իշխող կուսակցությունը հաղթեց ազատ և արդար ընտրություններում։ Իհարկե, այսօր էլ կա քննադատություն իշխանության հասցեին, որն առողջ է։ Բայց այն ժամանակվա ճգնաժամը հաղթահարվեց։
Հարց. Որքանո՞վ են փոխվել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ դրանից հետո։ Ձեր երկիրն, ի վերջո, Մոսկվայի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է։
Պատասխան. Եթե հետևենք հայ հասարակությունում առկա բանավեճերին, ապա մեծ հիասթափություն կարելի է տեսնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողությունների և Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ ռուսական արձագանքների կապակցությամբ: Մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին, և ունեցանք դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Բայց մենք ավելին էինք սպասում։ Դա գաղտնիք չէ: