ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ ի պատասխան լրատվամիջոցի հարցին
18 նոյեմբերի, 2023Հարց. Տարածվեց տեղեկատվություն Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի դեպքի մասին, որը նաև լրատվամիջոցներում տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել: Կանդրադառնա՞ք թեմային:
Պատասխան. Ինչպես նախկինում շեշտել ենք, ՀՀ-ն անթույլատրելի է համարում կրոնական ցանկացած կառույցի նկատմամբ ոտնձգությունը և ի մասնավորի Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի որևէ դրսևորում, անհարգալից ցանկացած գործողություն։ Անհանդուրժողականության կամ դրա հրահրման այսպիսի դեպքերն անընդունելի են, և ՀՀ իրավասու մարմինների կողմից արդեն իսկ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Մենք կտրականապես մերժում ենք միջադեպի, թեմայի ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, քարոզչական կամ այլ նկատառումներով: Հայաստանում հակասեմականությունը և ազգային կամ կրոնական հիմքով անհանդուրժողականությունը տեղ չունի։