ՀՀ ԱԳՆ խոսնակի հարցազրույցն «Արմենպրես» լրատվական գործակալությանը

14 հոկտեմբերի, 2024

Հարց. Տիկի՛ն Բադալյան, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, մեկնաբանելով «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած դիտարկումները 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մի շարք դրույթների մասին, դրանք անվանել է իրականությունն աղավաղող և Հայաստանի Հանրապետությանը մեղադրել է ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի ասածները:

Պատասխան. Մենք պետք է նայենք փաստերին: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղում լինեն ռուս խաղաղապահներ, ինչպես նաև 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցք՝ ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց ոչ Լաչինի միջանցքը կա, ոչ ՌԴ խաղաղապահները:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո, բայց Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածք չկա, Լեռնային Ղարաբաղ չկա, ինչն, ըստ էության, նշանակում է եռակողմ հայտարարությամբ նախատեսված այս պարտավորության կատարումից հրաժարում: Ոչ մի հայ փախստական կամ ներքին տեղահանված մինչև օրս չի վերադարձել ոչ Լեռնային Ղարաբաղի տարածք, ոչ հարակից շրջաններ:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում. մինչև այսօր ադրբեջանական բանտերում պահվում են հայեր, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերին կամ հոկտեմբերին գերեվարված: Ադրբեջանն ասում է, որ նրանք ռազմագերի չեն: Եթե ռազմագերի չեն, ուրեմն պատանդ են կամ այլ պահվող անձ. եռակողմ հայտարարության ձևակերպումը վերաբերվում է անազատության մեջ գտնվող ցանկացած անձի:

Ադրբեջանն անընդհատ բարձրացնում է նաև անհայտ կորած անձանց հարցը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես այս հարցը բարձրացնում է, որովհետև երկու պատերազմների հետևանքով շուրջ հազար անհայտ կորած անձ էլ հայկական կողմն ունի, և մենք պատրաստ ենք այս հարցում նույնպես համագործակցել:

Ինչ վերաբերվում է եռակողմ հայտարարության 9-րդ կետին, դրանով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունն է իր տարածքում կազմակերպում  բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցումը և երաշխավորում նրանց անվտանգությունը: Սա շատ պարզ ձևով գրված է հայտարարության մեջ: Հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը դա պետք է անի իր իրավազորության և ինքնիշխանության շրջանակներում: Ինչ վերաբերվում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններին, եռակողմ հայտարարության 9-րդ կետով նրանց ֆիզիկական ներկայություն նախատեսված չէ:

ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ճանապարհային քարտեզ, որի շրջանակներում մենք առաջարկներ ենք փոխանցել ադրբեջանական կողմին: Շահագրգռված լինելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը և իրականում նախատեսված է եռակողմ հայտարարությամբ՝ մենք Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել ապաշրջափակման իրագործման գործընթացը: 

Տպել էջը